Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի հնագետի կողմից Ախթալայում պեղված հնագիտական ժառանգությունից հինգ ուշագրավ նմուշ կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում

Դեկտեմբեր 11,2024 17:50

Մամուլի ասուլիսով այսօր Հայաստանի պատմության թանգարանում ազդարարվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով միջազգային ցուցադրության բացումը:

Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, տնօրեն Քսավիե Ռիշարը և Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի տնօրեն Ռոզ-Մարի Մուսսոն։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի /Սեն Ժերմեն ան Լեյի ամրոց/ համագործակցությամբ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ և աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունների աջակցության ու հովանու ներքո:

Ցուցահանդեսը կգործի 2024 թ. դեկտեմբերի 12-ից 2025 թ․ մարտի 11-ը։

ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել  Հայաստանի պատմության թանգարանում նման հեռանկարային և միջազգային համագործակցությանն ուղղված կարևոր նախաձեռնության  իրականացման համար: Նրա նշմամբ՝ 2024 թվականը թանգարանային ոլորտի համար ինստիտուցիոնալ բարեփոխումների և համակարգային ձեռքբերումների տարի էր. «Տարեսկզբին ընդունվել է «Թանգարանների մասին» օրենքը, թանգարաններում ներդրվել է էլեկտրոնային տոմսային համակարգը: Տարին կարևորվում է նաև միջազգային հարուստ համագործակցության ձեռքբերումներով: Այս տարի սա մեր 2-րդ նմանատիպ խոշոր նախաձեռնությունն ու միջազգային համագործակցության կայացումն է՝ այս անգամ արդեն ֆրանսիացի մեր գործընկերների հետ: Այս  ցուցադրության կարևորությունը շեշտադրում է պետական մշակութային քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները՝ ընդլայնել միջազգային համագործակցությունը թանգարանների ոլորտում և թանգարանների գիտակրթական դերը, որը, ըստ իս, շեշտադրված է հենց այս ցուցադրության շրջանակում: Ուրախ եմ, որ այսօր տարին ամփոփում ենք նման կարևոր  նախաձեռնությամբ: Այս ցուցադրությունն իրականություն է դարձել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության անմիջական նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ: Հայ-ֆրանսիական փոխառնչությունները դարերի պատմություն ունեն, և նմանօրինակ համագործակցությունն ամրապնդում, զարգացման նոր հեռանկարներ է ստեղծում նաև փոխճանաչողության և մշակութային երկխոսության տեսանկյունից»:

Աստղիկ Մարաբյանն անդրադառնալով հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությանը՝ մատնանշել է արդեն չորրորդ տարին Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի կողմից Հայաստանում անցկացվող թանգարանային մասնագետների և վերականգնողների վերապատրաստման ծրագրին, որի շրջանակում  վերապատրաստվել են ժառանգության ոլորտի հարյուրավոր մասնագետներ. «Այս ցուցադրության կայացումը, նախապատմությունը և սկզբնավորումը կարծես տանում են հենց այդ համագործակցության շրջանակ: Ցուցադրության շրջանակում անդրադարձ է կատարվում 19-րդ դարի վերջին Հայաստանում գործունեության ծավալած Ժակ դը Մորգանին՝ յուրովի  բացահայտելով մեր մշակութային ժառանգության շատ կարևոր դրվագներ»:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի տեղեկացմամբ՝ ցուցահանդեսի կազմակերպման ընթացքում եղել է համագործակցություն տասնյակ այլ մշակութային ու գիտական կազմակերպությունների հետ ևս։ «Առաջին անգամ ցուցահանդեսի շրջանակում հնարավորություն ունենք տեսնելու դեռևս 19-րդ դարի 80-ականներին հայտնի հնագետ Ժակ դը Մորգանի կողմից Հայաստանի հյուսիսային շրջաններում՝ Ախթալայում, պեղված հնագիտական ժառանգությունից հինգ ուշագրավ նմուշներ։ Այս բացառիկ նմուշներն այսօր այստեղ են և համադրված են դեռևս 90-ականներին Ժակ դը Մորգանի հետքերով հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբերի գործունեության ընթացքում հայտնաբերված ավելի քան վեց տասնյակ ուշագրավ նմուշների հետ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրվում»,- նշել է  թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին այս կարևոր ցուցահանդեսը հնարավոր դարձնելու համար:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, տնօրեն Քսավիե Ռիշարը և Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի տնօրեն Ռոզ-Մարի Մուսսոն ևս ողջունել են ներկաներին, կարևորել ցուցադրության բացումը և շնորհակալություն հայտնել գործընկերներին արդյունավետ համագործակցության համար:

Նշենք, որ ցուցադրության շրջանակում առաջին անգամ Հայաստան են տեղափոխվել և Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն ֆրանսիացի անվանի հնագետ Ժակ դը Մորգանի (1857-1924 թթ․) կողմից Ախթալայում 19-րդ դ․ 80-ական թթ․ պեղված բրոնզեդարյան և երկաթեդարյան 5 ցուցանմուշներ, որոնք պահվում են Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանում։ Երեք ամսով փոխառված նմուշները կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանում ու ՀՀ այլ թանգարաններում պահվող և հայ-ֆրանսիական համատեղ արշավախմբերի կողմից տարբեր հնավայրերում հայտնաբերված ավելի քան վեց տասնյակ ուշագրավ հնագիտական արտեֆակտերի հետ, որոնց մի մասն առաջին անգամ են ընդհանրապես ցուցադրվում։

Համաշխարհային ճանաչում ստացած հնագետ Ժակ դը Մորգանը կանգնած է տարածաշրջանի հնագիտական հետազոտությունների ակունքներում, աշխատել է որպես Ալավերդու պղնձահանքի լեռնային ինժեներ։ 1880-ական թթ․ Ժակ դը Մորգանը հնագիտական հետազոտություններ է իրականացրել Ախթալայում, Դեբեդ գետի ավազանի մի շարք դամբարանադաշտերում, Ալավերդիում և Լալվարի ստորոտներին տեղորոշվող հուշարձաններում։ Ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանում Ժակ դը Մորգանը պեղել է ավելի քան 1000 դամբարան, որոնք ժամանակագրորեն ընդգրկում են Ք․ա․ 15-րդ դարից մինչև Ք․ա․ 2-1-ին դարերը։ 1990-ական թթ․ սկսած՝ հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբերի իրականացրած պեղումների, հայ-ֆրանսիական մասնագիտական համագործակցության արդյունքում ցուցահանդեսում հնարավոր կլինի տեսնել հնագիտական ցուցանմուշների մի ուշագրավ ընտրանի, որը յուրատեսակ տուրք է Ժակ դը Մորգանի հնագիտական և հայագիտական գործունեությանը և դրա շարունակման նոր շրջափուլ։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031