Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում են, ԿԳՄՍ նախարարը՝ մանկավարժականում. ՔՊ-ից խոստանում են կուսակցականներից ազատագրել խորհուրդները

Դեկտեմբեր 11,2024 17:42

Վերջերս Ֆակտոր TV-ին տված հարցազրույցում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն ասել էր, որ Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագծով կառավարման մարմիններում արգելք է լինելու, եւ նրա խոսքով՝ քաղաքական պաշտոնյաներն ու կուսակցությունների ներկայացուցիչները չեն կարող լինել բուհերի կառավարման մարմիններում:

ՔՊ-ական պատգամավորը նաեւ ընդգծել էր, թե կա բուհերի հոգաբարձուների խորհուրդներն ամբողջությամբ ապակուսակցականացնելու եւ ապաքաղաքականացնելու քաղաքական որոշում, ոչ միայն ՔՊ-ականները, այլեւ այլ կուսակցականներ դուրս են բերվելու կառավարման խորհուրդներից:

Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը փորձել է մեկնաբանություններ ստանալ տարբեր բուհերից:

ԵՊՀ լրատվականից Քնար Միսակյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Այս պահի դրությամբ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում որեւէ փոփոխություն չկա, ըստ այդմ՝ մեկնաբանություն էլ չկա»:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է, եւ ի թիվս այլոց՝ խորհրդի կազմում են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

 Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի լրատվության եւ հանրության հետ կապերի կենտրոնի ղեկավար, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Դիանա Մարկոսյանը հետեւյալը փոխանցեց. «Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամների ուղիղ կեսը, որը ներկայացնում է ԲՈՒՀ-ը, 100 տոկոսով անկուսակցական է։ Ինչ վերաբերում է մյուս կեսին, որոնց մի մասը ներկայացնում է ՀՀ կառավարությունը, մյուս կեսը` ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ապա երբեք անհրաժեշտություն չենք ունեցել խորամուխ լինելու նրանց կուսակցական պատկանելության հարցերում, որովհետև առիթ չի եղել. խորհուրդը երբեք, որևէ իշխանության օրոք ակտիվ քաղաքական կեցվածք չի դրսևորել և մշտապես իրականացրել է կանոնադրությունից բխող իր գործառույթները»:

Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն անձամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է, իսկ Մանկավարժականի հոգաբարձուների խորհրդի կազմում են ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը, Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ Սերգեյ Թաշչյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը եւ այլք:

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանից Aravot.am-ին փոխանցեցին, որ քաղաքական հարցադրումները չեն մեկնաբանում:

Այս համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն է, ի թիվս այլոց՝ խորհրդի կազմում են հետեւյալ պաշտոնյաները՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Սարգսյանը:

 Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի լրատվության պատասխանատու Վովա Արզումանյանը Aravot.am-ին փոխանցեց, որ բուհի խորհրդի կազմում փոփոխություն չի եղել:

Այս բուհի խորհրդի կազմում են ԿԳՄՍ նախարարի խորհրդական Նաիրի Հարությունյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության՝ ուսանողների աջակցության բաժնի պետ Արսեն Հակոբյանը, նույն նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ Հակոբ Քնաջյանը եւ ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Էլինար Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ 2018 թ՝ դեռեւս ԿԳՄՍ նախարար եղած ժամանակ, ներկայումս վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարում էր, թե քաղաքականությունը բուհերում եւ դպրոցներում պետք է լինի զրո, սակայն հենց այս իշխանության օրոք բուհերի կառավարման մարմինները համալրվեցին ՔՊ-ականներով, իշխանության մերձավոր մարդկանցով, ինչը հակառակ համեմատական է բուհերի ակադեմիական ազատություններին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031