Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը շարունակելու է Կարսի և Իգդիրի ադրբեջանցիներին օգտագործել իր շահերը սպասարկելու և որոշակի ազդեցություն ապահովելու նպատակով

Դեկտեմբեր 11,2024 17:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թուրքիան Հայաստանի հետ սահմանակից է Իգդիրի և Կարսի նահանգներով, որոնք հայ հասարակության համար հետաքրքիր են ոչ միայն իրենց պատմականությամբ, այլև՝ արդի ժամանակաշրջանում այդ նահանգներում տեղի ունեցող ռազմաքաղաքական ու ժողովրդագրական զարգացումներով: Ըստ այդմ՝ Հայաստանի անմիջական հարևանությամբ գտնվող այս նահանգներում տիրող իրավիճակն արժանի է առանձնահատուկ ուշադրության՝ հաշվի առնելով նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման արդյունքում ակնկալվող սահմանների հնարավոր բացումը, կարգավորման նախորդ գործընթացների տապալման հարցում այդ նահանգների բնակչության դերակատարումը, նրանց շրջանում ներարկված հակահայկական տրամադրությունները։

1991 թվականի ԽՍՀՄ փլուզումից հետո ադրբեջանցիների (հավաքական անվանումով) թիվը կտրուկ աճեց այդ նահանգներում, էականորեն մեծացավ 2000-ական թվականներից՝ Բաքվի անմիջական ազդեցությամբ։ Դրա սկիզբն ազդարարվեց 2002 թվականին՝ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի նախաձեռնությամբ Կարսում իր անվամբ զբոսայգու հիմնմամբ, ինչին հաջորդեցին մշակութային բազմաթիվ ծրագրեր, իսկ նրա մահից հետո՝ «մեծ առաջնորդի» հիշատակին նվիրված արարողությունները:

Կարսի նահանգում ադրբեջանցիներն զբաղեցնում են տարածքային և համայնքային ղեկավար պաշտոններ, ունեն մեծ ընտրազանգված, Բաքվի ֆինանսական ու քարոզչական աջակցությունը՝ համապետական ընտրություններում։ Ֆիզիկական, տնտեսական և քաղաքական ակտիվությամբ աչքի ընկնող այս խումբը պարբերաբար է «գործի դրվում» հակահայկական միջոցառումներում, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների միջև տարածաշրջանային հարցերի շուրջ հարաբերություններում, նախընտրական արշավներում: Մասնավորապես, Բաքվի իշխանությունները, Լեռնային Ղարաբաղի խնդրի շահարկմամբ, էներգակիրների մատակարարումը դադարեցնելու սպառնալիքից բացի, Թուրքիայի Կարս և Իգդիր նահանգներում բնակվող իրենց հայրենակիցների միջոցով են պարբերաբար ճնշում գործադրում Անկարայի վրա՝ թույլ չտալու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում կամ սահմանների բացում:

Վառ օրինակներից մեկը 2009 թվականի Հայաստան-Թուրքիա «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ Կարսում և Իգդիրում սկիզբ առած բողոքի ալիքն էր՝ տեղի ադրբեջանական կազմակերպությունների հրահրմամբ: Դրան ի պատասխան՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը, ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ընթացքում հարկադրված լինելով տուրք տալ Բաքվի սադրանքներին, հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չի կարող անտեսվել՝ դրանով ազդարարելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի կասեցման մասին:

2011 թվականին՝ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, ադրբեջանական կողմը կրկին կիրառեց նույն գործիքակազմը՝ ընդդիմանալով Կարսում Հայաստանի հետ բարեկամությանը և հաշտությանը նվիրված «Մարդկության հուշարձանի» տեղադրմանը: Արդյունքում՝ ընտրություններում պարտվելու մտավախությամբ և տեղի ադրբեջանցիների պահանջով Էրդողանը հուշարձանն անվանեց «հրեշավոր» (ucube)` հանձնարարելով քանդել արդեն իսկ կառուցված կոթողը: Թեև վարկաբեկման համար հետագայում երկրի ղեկավարը դատարանի որոշմամբ տույժ վճարեց, սակայն Կարսի ու Իգդիրի ադրբեջանական գործոնն ամրապնդվեց որպես Լեռնային Ղարաբաղի հարցով Թուրքիայի վրա ճնշման և Հայաստանի դեմ սպառնալիքի առանցքային շարժիչ ուժ Բաքվի ձեռքում:

Կարսում գործող «Կովկասյան համալսարանի» ադրբեջանցի ուսանողներն իրենց հերթին 2019 թվականին բողոքի ցույց կազմակերպեցին ընդդեմ «Համահայկական խաղերի» կազմկոմիտեի պատվիրակության այցի՝ տեղի քուրդ բնակչությանը նույնպես կոչ անելով միանալ իրենց: 2020 թվականի պատերազմից և Արցախի բռնազավթումից հետո Կարսում ադրբեջանցի զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդես կազմակերպվեց՝ այն հռչակելով որպես «թյուրքական աշխարհի զոհերին նվիրված միջոցառում»:

Ավելի ուշ՝ 2024 թվականի հուլիսի 3-ին, Կարսի քաղաքապետարանը, Թուրք-ադրբեջանական ասոցիացիաների դաշնությունն (TADEF) ու Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեն Կարսում կազմակերպեցին «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» համաժողովը։ Այստեղ հիշեցրին «1918-1920 թվականների Արևելյան Անատոլիայում հայկական ավազակախմբերի կատարած հանցագործությունները»՝ նշելով, որ «այդ տարիներին Կարսի և ներկայումս Հայաստան կոչվող Արևմտյան Ադրբեջանի բնակիչները նույնպես հայերի արյունալի հարձակումների զոհ են դարձել»։

Այս համատեքստում անհանգստացնող են Կարսի քուրդ և ադրբեջանցի բնակչության շրջանում հակահայկական տրամադրությունների սրմանը նպատակաուղղված միջոցառումները՝ համեմված Հայաստանին և հայերին ուղղված կեղծ մեղադրանքներով: Քարոզչական այսօրինակ «ռազմահայրենասիրական» ծրագրերը տեղի ադրբեջանցիների շրջանում սկսեցին առավել ամրապնդվել հատկապես 2020-2021 թվականներից՝ Կարսի նահանգում թուրք-ադրբեջանական ձմեռային համատեղ զորավարժությունների հաճախակիացմամբ:

Այսպիսով, կարող ենք պնդել, որ Ադրբեջանը շարունակելու է Կարսի և Իգդիրի ադրբեջանցիներին օգտագործել իր շահերը սպասարկելու և որոշակի ազդեցություն ապահովելու նպատակով։

Լուսանկարը՝ Ներսես Մատինյանի

«Գեղարդ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031