«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուների ինքնաառաջադրումից անմիջապես հետո, երբ դեռ ցուցակը վերջնական չէր էլ հաստատվել՝ կանխատեսել էր, որ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար կդառնա անկուսակցական Սարիկ Մինասյանը:
Նա ասում է, թեև այլևս քաղաքականությամբ չի զբաղվում, բայց անտարբեր չէ իր քաղաքում կատարվող գործընթացներին․ իր քաղաքական անցյալը ու փորձը թույլ են տալիս վերլուծել ՏԻՄ ընտրությունների պատկերը, կանխատեսել՝ ինչ է կատարվելու, դրանք սովորաբար 98-100 տոկոս ճշգրիտ են դուրս եկել։
Այս անգամ էլ, հետևելով իրադարձություններին, Վահան Թումասյանը հենց առաջին օրը վերլուծել է, թե ով կնշանակվի Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար, հետագայում նաև ով կլինի Շիրակի մարզպետը։
«Շատերն ասում էին՝ ինչպես կարող են երկու պատգամավորները կամ Աննա Հակոբյանի բարեկամը չլինեն ու լինի Սարիկը։
Կարդացեք նաև
Ասում են, թե ՔՊ-ն վերջին պահին է կանգնել Սարիկի ընտրության վրա, եթե անգամ այդպես է, իրենք բնականաբար վերլուծել են, որ Սարիկին են նախընտրել։
Եզակի դեպքերից մեկն է, որ ճիշտ ընտրություն են կատարել, որովհետև այլ տարբերակի դեպքում մի քիչ վիրավորական կլիներ քաղաքի համար։ Ասեմ, որ չեմ էլ խառնվում իրենց գործերին, թեկնածուներին չեմ էլ ճանաչում։ Եթե անգամ Սարիկի դեպքում իրենք միջամտել են․ մարդիկ կասկածամիտ են, միևնույնն է՝ լուծումը տրամաբանական էր։
Իհարկե, Սարիկի համար շատ դժվար է լինելու, չափազանց դժվար, թեև երիտասարդ է, կարող է յոլա տանել, փորձ ունի։ Իսկ մյուսների նշանակվելու դեպքում՝ ավելի լավ է քաղաքապետ չունենայինք, քան ունենայինք։
Քաղաքապետինը մենեջերի աշխատանք է, բայց բնականաբար լրջություն, անցած ճանապարհ, փորձ պետք է։ Այս պարագայում ստեղծված իրավիճակում ու միջավայրում սա ոչ թե լավագույն, այլ միակ խելամիտ լուծումն էր։ Մյուս դեպքերում լուրջ խնդիրներ կառաջանային․ խորը հիասթափություն կլիներ։
Ես քաղաքական գործիչ չեմ ու այս մասին խոսում եմ որպես անկողմնակալ անձ, որը սարերում է, սարերից է հետևում քաղաքի անցուդարձին»,- ասում է Վահան Թումասյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Վահան Թումասյանի ֆեյսբուքյան էջից