«Ազատություն». Մեկ տարուց ավելի ադրբեջանական բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարում է՝ Ալիևի վարչակազմն այդպես էլ որևէ համոզիչ փաստարկ չի ներկայացրել՝ ապացուցելու, որ իր պաշտպանյալին բանտում չեն խոշտանգել։ Ամերիկացի փաստաբանն «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում նաև ահազանգել է՝ Ալիևի վարչակազմը հետևողականորեն մերժում է Բաքու այցելելու իր դիմումները։
«Ադրբեջանի կառավարությունը իր և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անունից հայտարարել է, թե Ռուբեն Վարդանյանը խոշտանգումների չի ենթարկվել: Միանշանակ կարող եմ պնդել, որ դա սուտ է: Սուտ է, քանի որ ԿԽՄԿ-ն ողջ աշխարհում աշխատում է նույն սկզբունքով՝ երբեք ո՛չ հրապարակային, ո՛չ գաղտնի չի հայտնում՝ արդյոք անձը ենթարկվել է խոշտանգումների, թե ոչ: Դա միակ ձևն է, որ երաշխավորում է նրանց մուտքը այդ երկիր», – ասել է նա:
Դեռ հունիսին Գենսերն ու Վարդանյանի ընտանիքը հրատապ դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե՝ պահանջելով դատապարտել Արցախի նախկին պաշտոնյայի նկատմամբ դաժան վերաբերմունքը։ Այդ նամակում հայտնել են, որ ապրիլին հացադուլի մեջ գտնվող Վարդանյանին տեղափոխել են պատժախուց, զրկել խմելու ջրից, քնելու և արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից, մենախցում լույսը վառած պահել 24 ժամ, ստիպել երկար ժամանակ ոտքի վրա կանգնած մնալ։
Ադրբեջանի իշխանությունը հերքել է այս պնդումները, միաժամանակ մերժել բանտ այցելելու և տեղում իրավիճակին ծանոթանալու փաստաբանի դիմումը՝ «անհնար դարձնելով ապացույցներ հավաքելու հնարավորությունը»:
Կարդացեք նաև
Լուսինե Մուսայելյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: