Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյանը արձանագրեց, որ իր նկատմամբ բռնություն կիրառելու գործով դատական նիստերը հետաձգվում են միայն պաշտպանական կողմի չներկայանալու պատճառով

Դեկտեմբեր 11,2024 16:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական եւ քաղաքացիական դատարանի Աջափնյակ-1 նստավայրում, դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ, Էդգար Ղազարյանի հանդեպ իրականացված բռնության գործով դատական նիստը հետաձգվեց երեք մեղադրյալներից մեկի եւ մեղադրյալների երեք պաշտպանների՝ դատական նիստին չներկայանալու պատճառով:

Դատարանը արձանագրեց, որ չնայած նախորդ դատական նիստին պաշտպանները պատշաճ ծանուցված են եղել այսօրվա դատական նիստի օրվա եւ ժամի մասին եւ դա համաձայնեցված է եղել պաշտպանների հետ, այնուամենայնիվ ոչ միայն դատարան չեն ներկայացել, այլ որեւէ տվյալ չեն ներկայացրել չներկայանալու մասին: Մեղադրյալները դատարանին տեղեկացրին, որ իրենք պայմանավորվել էին, որ պաշտպանները պետք է գան դատարան, սակայն նիստից առաջ հեռախոսով իրենց տեղեկացրել են, որ չեն գալու՝ պատճառաբանելով, որ երրորդ մեղադրյալին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Նախագահող դատավորը հայտարարեց, որ անգամ եթե մեղադրյալին տարել են հիվանդանոց, դա պաշտպաններին իրավունք չի տալիս դատական նիստին չներկայանալ: «Ինձ ոչ մեկը ոչ մի բան չի տեղեկացրել»,- հայտարարեց դատավորը:

Հանրային մեղադրողը նշեց, հիվանդանոց տեղափոխելու հանգամանքը հեշտ է ստուգել եւ որ պաշտպանները պարտավոր էին ներկայանալ դատական նիստին անկախ որեւէ հանգամանքից: Իսկ նրանց չներկայանալու հարցին պետք է անդրադառնալ եւ գնահատական տալ հաջորդ դատական նիստում: Հետեւաբար, այս փուլում ինքը ձեռնպահ է մնում նրանց բացակայությունը անհարգելի կամ հարգելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելուց:

Տուժող Էդգար Ղազարյանը ասաց, որ արժե անդրադառնալ տարբերակված մոտեցմամբ: Նախ, մեղադրյալներից մեկի մասով, որը չի ներկայացել, ինչը նրա պարտավորությունն է դատարանի առջեւ: Ապա, որ առանց որեւէ փաստացի հիմնավորման, այլ մարդկանց, առավել եւս՝ մյուս մեղադրյալների կարծիքը այստեղ ընդհանրապես քննարկման առարկա չպետք է դառնար, առավել եւս, որ իրենք պնդում են, որ այս երեւույթի հետ կապ չունեն: Նշանակում է, որ նաեւ իրենք իրար հետ պետք է կապ չունենային: Հետեւաբար, տարօրինակ է ու հարց է առաջանում, թե ո՞նց են իրենք մեկը մյուսից տեղյակ՝ գիտեն, որ երրորդին, այն էլ՝ շտապ օգնության մեքենայով, տարել են հիվանդանոց: «Այլ բան, եթե իրենք ի սկզբանե ընդունեին, որ կազմակերպված խումբ են եւ հանցագործությունը կատարել են: Բայց նրանք մինչեւ հիմա էլ դատարանին հայտնել են, որ իրենք այս գործի հետ առնչություն չունեցող մարդիկ են, որ չգիտեն, թե ինչու հայտնվել են այս դատարանում: Հետեւաբար, մեղադրյալի՝ դատական նիստին ներկայանալու պարտականություն չկատարելուն պետք է հաջորդի սանկցիա: Եվ ես միջնորդում եմ այս պահին մեղադրյալ Ալբերտ Վաղարշակի Նիկողոսյանի նկատմամբ կիրառել խափանման միջոցի սանկցիա եւ կալանավորել, որը հետագայում երաշխիք կհանդիսանա դատական նիստերին նրա պատշաճ ներկայությունը ապահովելու համար:

Ինչ վերաբերում է պաշտպանական կողմին: Կողմը, ինչպես դատարանը նշեց, նախապես տեղյակ է եղել դատական նիստի ժամի մասին, որեւէ առարկություն դրա վերաբերյալ չի ներկայացրել, բոլոր կողմերի հետ համաձայնեցված է եղել: Դատարանին խնդրում եմ սա դիտարկել պաշտպանական կողմի ընդհանուր վարքագծի համատեքստում»,-հայտարարեց Էդգար Ղազարյանը:

Նա նաեւ արձանագրեց, որ սա այս գործով արդեն 17-րդ դատական նիստն է եւ նախորդ հետաձգումների ժամանակ էլ ինքն արձանագրել է, որ նիստերի հետաձգումը հանրային մեղադրողի պատճառով երբեւէ չի եղել, տուժողի պատճառով երբեւէ չի եղել, դատարանի պարագայում եղել է ընդամենը մեկ դեպք՝ լրիվ ընդունելի՝ առողջական խնդրի պատճառով: Իսկ ինչքան դատական նիստ հետաձգվել է, հետաձգվել է միայն պաշտպանական կողմի չներկայանալու եւ այլ պատճառներով:

«Ես կարծում եմ, որ սա արդեն վարքագիծ է եւ չպետք է պատճառ հանդիսանա դատաքննությունը չշարունակելու համար: Ամփոփելով՝ միջնորդում եմ մեղադրյալ Ալբերտ Վաղարշակի Նիկողոսյանի նկատմամբ կիրառել կալանքը որպես խափանման միջոց, նաեւ միջոցներ ձեռնարկել այլ իրավապահ մարմինների մասնակցությամբ ապահովել նրա մասնակցությունը հետագա դատական նիստերին: Իսկ դատական նիստը շարունակել՝ հաշվի չառնելով պաշտպանական կողմի բացակայությունը: Մեղադրյալները ներկա են, մեղադրյալները նաեւ իրավունք ունեն իրենք իրենց պաշտպանել, ինչպես ես եմ ներկա առանց պաշտպանի»,- հայտարարեց Էդգար Ղազարյանը:

Նախագահող դատավորը սանկցիաներ կիրառելու եւ դատական նիստը շարունակելու վերաբերյալ հրապարակեց իր դիտարկումները եւ հիմնավորումները եւ, այնուամենայնիվ, որոշեց դատական նիստը հետաձգել: Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2025 թվականի հունվարի 15-ին, ժամը 15:30-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031