Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում այս անգամ մեկ հարց էր. հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ նախատեսում են դեկտեմբերի 17-ին անցկացնել խորհրդարանական լսումներ Երիտասարդական քաղաքականության մասին օրենքի նախագծի վերաբերյալ:
Նա նշեց, որ շուրջ մեկ ու կես տարի նախագծի վրա աշխատել են կառավարության իրենց գործընկերները, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի որոշ պատգամավորներ, միջազգային փորձն է ուսումնասիրվել, եղել են այցելություններ եվրոպական երկրներ, երիտասարդությունը եւս մասնակցություն է ունեցել նախագծի մշակմանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցությունից դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ միջազգային կազմակերպություններ են աջակցություն ցույց տվել նախագծի մշակմանը:
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն ասաց, որ շատ կազմակերպությունների հետ են աշխատել, հարկ եղած դեպքում կարող է անուններ տալ, սակայն ընդգծեց, որ ամենամեծ աջակցությունը ստացել են ԵՄ-ից՝ «Եվրամիությունը երիտասարդության համար» ծրագրի շրջանակում: «Գործուղումներ էլ են եղել, ԿԳՄՍ նախարարության եւ միջազգային կազմակերպությունների փորձագիտական շրջանակները, որոնք Հայաստանում են աշխատում, գործուղվել են համադրելի երկրներ, մասնավորապես՝ Լատվիա, Լիտվա եւ այնտեղի երիտասարդական կենտրոնների, երիտասարդական քաղաքականության մասին օրենքների փորձը եւ տեղում իմպլեմենտացիան են ուսումնասիրել… Երիտասարդական քաղաքականության մասին օրենքի մշակումը սկսվել է այն պահից, երբ ձեւավորվել են նոր խորհրդարանն ու կառավարությունը, քանի որ նաեւ քաղաքական հանձնառություն է եղել այս մասով»:
Լիլիթ Գալստյանը նաեւ հետաքրքրվեց՝ արդյոք Հայաստանում ունե՞նք ընդունված երիտասարդական քաղաքականության հայեցակարգ: Թագուհի Ղազարյանը պատասխանեց, որ հայեցակարգ չկա, նախկինում աշխատելու փորձեր եղել են, եղել են փաստաթղթեր՝ հրապարակված նաեւ e-draft-ում, բայց իրենք որոշել են երիտասարդական քաղաքականության մասին օրենք մշակել: Հավելեց, որ ամենամեծ աշխատանքը ՏԻՄ-երի հետ են պատրաստվում անել, տեղերում երիտասարդների հետ են աշխատելու:
Լիլիթ Գալստյանն ասաց, որ երիտասարդության ուղղությամբ տարվող աշխատանքների քաղաքականություն ունենալու անհրաժեշտությունը չի թերագնահատում կամ նսեմացնում, բայց կարծում է, որ շատ ավելի տրամաբանական պետք է լիներ եւ արդարացված՝ նախ ունենալ հայեցակարգ, նպատակադրումներ, խնդիրները հստակեցնել, այնուհետեւ նրա վրա կառուցել օրենքը:
«Հայաստան» խմբակցության պատգամավորը նկատեց, որ փաստաթուղթը ներկայացնելիս՝ Թագուհի Ղազարյանն ավելի շատ շեշտադրում է կատարում վարչական մարմիններին, տարբեր ինստիտուտներին ու կառույցներին, մինչդեռ փաստաթուղթը երիտասարդության մասին է. «Ես չլսեցի նաեւ, թե որոնք են այն երիտասարդական կազմակերպությունները, որոնց հետ այս քննարկումներն արվել են: Օրենք լինելու նվազագույն իրավական որոշակիությունից հեռու մի նախագիծ է սա, դրա համար առաջարկս այն պետք է լիներ, որ նախ եւ առաջ ունենայինք հայեցակարգ, ապա ՝ միայն օրենք եւ օրենքի նախագիծ… Հերթական անգամ ունենում ենք օրենք՝ մշակված վերեւից, իջեցված՝ ներքեւի համար»:
Թագուհի Ղազարյանը չհամաձայնեց՝ ասաց, որ սա Հայաստանի պատմության մեջ եղած ամենաներառական օրենքն է, ՀՀ մարզերում աշխատել են տասնյակ երիտասարդների հետ, որոնք ակտիվ կազմակերպություններն են ներկայացնում, նրանց կողմից առաջարկներ են գեներացվել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ