Դեկտեմբերի 10-ին Ազգային գրադարանում «Հայաստան ծրագրի» կազմակերպած «Արդյոք Հայաստանում ԶԼՄ-ների ինքնակարգավորումը լուծո՞ւմ է» խորագրով պանելային քննարկման ժամանակ ինքնակարգավորման մեխանիզմներ ներդնելու և «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախաձեռնությունից զատ՝ պանելիստներն անդրադարձան նաև լրագրություն մասնագիտությանը և լրագրողների հոգեկան առողջությանը վերաբերող հարցերի։
Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը լրագրողների հոգեկան առողջության մասին խոսելիս նշեց, որ երբ հանրությունը հոգեկան տրավմա է ապրում, տրավմա են ապրում նաև լրագրողները, և հակառակը։
«Հայ լրագրողները 2020 թվականից ի վեր լուսաբանում են իրենց իսկ ժողովրդի ողբերգությունը՝ 44-օրյա պատերազմ, ագրեսիա ՀՀ-ի դեմ, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտում», – շեշտեց Մուրադյանը։
Հանրային լրագրության ակումբի նախագահը բացատրեց, որ լրագրողները հակում ունեն ինտերնալիզացնել լուսաբանվող թեմաների հերոսների հոգեկան տրավմաները։
Կարդացեք նաև
«Սա բացասաբար է ազդում լրագրողների պրոֆեսիոնալիզմի վրա՝ խաթարելով նրանց օբյեկտիվությունը։ Արդյունքում ստանում ենք զգացմունքների վրա հիմնված նյութեր», – նշեց նա։
Հոգեկան առողջության թեման կապելով ինքնակարգավորմանը՝ Մուրադյանն ընդգծեց՝ ինքնակարգավորումը պետք է ներառի հոգեկան առողջության աջակցության մեխանիզմներ։
«Այս ամենի համար լրատվամիջոցներին ռեսուրսներ են անհրաժեշտ։ Ռեսուրսները կարող է նաև պետությունը տրամադրել», – խոսքն ամփոփեց Սեդա Մուրադյանը։
«Associated Press» լրատվական գործակալության Մերձավոր Արևելքի հարցերով նախկին խմբագիր Դեն Փերրին էլ տարակուսանքով նշեց, որ ակտիվ լրագրական կարիերան ավարտելով՝ հասկացել է, որ «պրոֆեսիոնալ, լուրջ լրագրությունը չի վաճառվում» (նկատի ունենալով, որ դրա պահանջարկը ցածր է — խմբ.)։
«Լրագրությունը դիտվում է որպես բիզնես, լրագրողներն իրենց աշխատանքը կատարում են այնպես, որպեսզի արժանան իրենց գործատուի հավանությանը», – կարծում է Փերրին։
«Հայաստան ծրագիրը» շահույթ չհետապնդող հիմնադրամ է, որը ստեղծվել է «Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» աջակցությամբ և գործունեություն է ծավալում 2023 թվականից Հայաստանում։ Վերջինիս առաջնահերթություններից է մասնագիտական և կրթական միջոցների կիրառմամբ կառուցել հաղորդակցման արդյունավետ էկոհամակարգ երկրում և երկրից դուրս, ինչը հնարավորություն կտա արդյունավետ կերպով ներկայացնելու Հայաստանի ներուժն ու երկրում տեղի ունեցող իրադարձությունները միջազգային հանրությանը՝ բարձրացնելու երկրի մասին միջազգային իրազեկվածության մակարդակը։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ