«Ակնհայտ է, որ թուրքական քաղաքական վերնախավը գործի է դրել նեոօսմանական՝ նոր թուրքական կայսրություն ստեղծելու՝ իրենց վաղեմի ծրագիրը»,-ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա փաստեց՝ Թուրքիայի նեոօսմանական հավակնությունների մեջ մտնում է նաև Հարավային Կովկասը․ «1724-ին օսմանական զորքերը երեք-չորս ամսվա կատաղի դիմադրությունից հետո գրավեցին Երևանը։ Հաշվի առնելով քաղաքական գնահատականներն ու հայտարարությունները և′ թուրքական մամուլում, և′ հեռուստատեսությամբ, և′ թուրքական քաղաքական դաշտի ներկայացուցիչները չեն բացառում «Զանգեզուրի միջանցք» օպերացիայի իրականացումը և ոչ միայն։ Իսկ Նիկոլը հույսը դրել է Էրդողանի ողորմածությանը։ Իրեն թվում է, որ գիրքը, որ կրծքին պինդ սեղմի, իսկ Ռուբեն Ռուբինյանին հաճախ ուղարկի բանագնացների հետ հանդիպման, ամեն ինչ նորմալ կլինի։ Սակայն ինքը չի հիշում այլ մարդկանց ճակատագրերը․ օրինակ՝ Գրիգոր Զոհրապի, որն ունեցել է Թալեաթ Փաշայի հետ եղբայրական հարաբերություններ, և նույնիսկ ըստ ականատեսների՝ նրա կատաղի սպանությունից առաջ նա Թալեաթ Փաշայի հետ նարդի է խաղացել»։
Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ այն, որ և′ Իրանը, և′ ՌԴ-ն իմիջային անկում ունեցան սիրիական զարգացումների մեջ, դա այդպես է, բայց միանշանակ պնդել, որ Իրանն ու ՌԴ-ն թույլ են, այդպես չէ։ ՌԴ-ն ուկրաինական ճակատում լավ էլ իր շահերը սպասարկում է, և ՌԴ-ի համար միգուցե դժվար է մի քանի ճակատով պատերազմելը։ Նրանց համար առաջնայինը արևմուտքի հետ ուկրաինական ճգնաժամն է։ Սիրիական ճգնաժամը ցույց տվեց՝ յուրաքանչյուր պետության համար պետք է կռվի իր բանակը։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Սև լճի համար մենք պատերազմ չենք անելու։ Չի ուզում իր 29743 քառակուսի կիլոմետրի համար պատերազմ անել, ուզում է՝ ռուսը, ամերիկացին կամ իրանցին գան, մեզ համար պատերազմե՞ն։ Այդքան խորամանկ որտեղի՞ց է»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ