«Արդարադատության նախարարը դեռեւս դերակատարություն ունի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերում։ Այնուամենայնիվ, Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսվում է դատավորների Ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների ձայների կշռի վերանայում»,-Հայաստանում դատական համակարգին առնչվող նման եզրահանգում է արել ԵԽ հակակոռուպցիոն մարմինը՝ ԳՐԵԿՈ-ն։
Հրապարակվել է ԳՐԵԿՈ-ի Հայաստանի վերաբերյալ չորրորդ գնահատողական փուլի զեկույցը։ Այն վերաբերվում է պատգամավորների, դատավորների եւ դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելմանը։ Չորրորդ փուլի գնահատման իր զեկույցում ԳՐԵԿՈ-ն Հայաստանին ներկայացրել է 18 հանձնարարական, որոնցից 6-ը մասնակի են կատարվել։
ԳՐԵԿՈ-ն առաջարկել էր՝ վերանայել դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթում Արդարադատության նախարարության դերակատարությունը, ներդնել համապատասխան երաշխիքներ՝ ապահովելու համար, որ կարգապահական վարույթները չօգտագործվեն որպես դատավորների նկատմամբ ներգործության կամ վրեժխնդրության միջոց։ Ներառյալ՝ դատավորների համար կարգապահական որոշումները դատարան բողոքարկելու հնարավորությունը։ Ըստ զեկույցի, այս փուլում Արդարադատության նախարարության դերը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարցում չի վերանայվել։
ԳՐԵԿՈ-ն միաժամանակ նշում է, որ ներդրվել է դատավորների նկատմամբ կարգապահական տույժերը բողոքարկելու ընդունելի մեխանիզմ՝ դատավորի նկատմամբ կարգապահական տույժի դեմ ներկայացված բողոքը քննվում է ԲԴԽ-ի կողմից՝ կարգապահական տույժի վերաբերյալ որոշում կայացրած հանձնաժողովի կազմում չընդգրկված անդամներից բաղկացած հանձնաժողովի միջոցով, որի համապատասխանությունը հանձնարարականին կապահովվի պահանջի առաջին մասի ապահովման պարագայում։
Կարդացեք նաև
ԳՐԵԿՈ-ն նաեւ առաջարկել էր՝ ներդնել արդյունավետ կանոններ եւ կառուցակարգեր՝ արդարադատություն իրականացնելիս դատավորների գործունեությանն անհարկի միջամտելու դեպքերը բացահայտելու եւ այդպիսի միջամտություն իրականացնող կամ իրականացնելու փորձ կատարող դատավորներին պատասխանատվության ենթարկելու համար։
Զեկույցի համաձայն՝ այս հանձնարարականը ևս կատարվել էր մասնակի․ «ԳՐԵԿՈ-ն հաշվի է առնում այն գործերի վերաբերյալ տրամադրված տեղեկությունները, երբ վարույթներ են հարուցվել, եւ պատժամիջոցներ են կիրառվել դատական իշխանությանը երրորդ անձանց կողմից անհիմն միջամտելու համար: Այնուամենայնիվ, ԳՐԵԿՈ-ն հիշեցնում է, որ հանձնարարականն առանձին դատավորների անկախության եւ նրանց որոշումների անաչառության վերաբերյալ մտահոգությունների արդյունք է, որոնք վտանգված են հատկապես այն գործելաոճով, երբ ստորադաս ատյանի դատարանի դատավորները խորհրդակցում են վերադաս ատյանի դատարանների դատավորների հետ՝ վախենալով, որ վճիռները կբեկանվեն, եւ դատավորները կարգապահական պատասխանատվության կամ նույնիսկ ճնշումների եւ քրեական հետապնդումների կենթարկվեն անօրինական որոշումներ ընդունելու համար: Իշխանությունների կողմից հաղորդված կոնկրետ իրավիճակների մեծ մասին դա չի վերաբերում, այսինքն` ներկայացված են դեպքեր, որոնք վերաբերում են երրորդ անձանց, այլ ոչ ավելի բարձր ատյանի դատարանների դատավորների կողմից միջամտությանը: ԳՐԵԿՈ-ն արդեն ողջունել է այդ ընթացքում նման անհարկի միջամտությունը կանխելուն ուղղված կանխարգելիչ միջոցառումները, մասնավորապես՝ Դատական օրենսգրքի դրույթները, որոնք դատավորներից պահանջում են Էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովին տեղեկացնել արդարադատության իրականացմանը ցանկացած միջամտության մասին: Այդուհանդերձ, բավարար ապացույցներ չեն ներկայացվել առ այն, որ այս մեխանիզմը գործնականում արդյունավետ է աշխատում, որ այդպիսի կոնկրետ դեպքերին բավարար ուշադրություն է դարձվում, եւ որ այլ դատավորների կողմից արդարադատության իրականացմանը միջամտող դատավորների կամ իրենց գործունեությանն անհարկի միջամտության մասին հաղորդում չներկայացրած անձանց նկատմամբ պատշաճ պատժամիջոցներ են կիրառվում»։
ԳՐԵԿՈ-ն առաջարկել էր նաեւ իրականացնել նպատակաուղղված քաղաքականություն՝ դատավորների գործունեությանն անհարկի միջամտությունը, դատական իշխանությունում շահերի բախումը եւ կոռուպցիան կանխարգելելու ուղղությամբ, ինչը ներառում է՝ բոլոր դատավորների համար պարբերական բնույթ կրող պարտադիր վերապատրաստումների անցկացում՝ էթիկայի եւ վարքագծի, դատական անաչառության եւ անկախության, ինչպես նաեւ շահերի բախումը եւ կոռուպցիան կանխարգելելու վերաբերյալ, որոնք պետք է կազմակերպվեն դատական իշխանության ներգրավվածությամբ․ դատական համակարգում գաղտնի խորհրդատվության տրամադրում՝ դատավորների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու եւ նշված ոլորտների վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու համար։
ԳՐԵԿՈ-ն ողջունում է դատավորների Ընդհանուր ժողովի կազմում խորհրդատվական հանձնաժողովի պլանավորված ստեղծումը, որի նպատակն է գաղտնի խորհրդատվություն տրամադրել դատական իշխանությանը, եւ իշխանություններին կոչ է անում ավարտին հասցնել այս նախագիծը, քանի որ դրանից հետո միայն հնարավոր կլինի հանձնարարականը համարել ամբողջովին իրականացված:
Ընդհանուր առմամբ, ըստ զեկույցի, դատավորների նշանակման եւ առաջխաղացման մասին որոշումների համար նախատեսվել են բողոքարկման մեխանիզմներ։ Պաշտոնից ազատելու մասին որոշումների համար «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխություններով ներդրվել է Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման մեխանիզմ, որը դեռեւս չի գործարկվել։
Բոլոր խումբ անձանց առնչվող մասով հստակեցվել եւ թարմացվել են նվերների ընդունման կանոնները։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ