Դեկտեմբերի 10-ին Հայաստանի ազգային գրադարանում «Հայաստան ծրագրի» կազմակերպած «Արդյոք Հայաստանում ԶԼՄ-ների ինքնակարգավորումը լուծո՞ւմ է» թեմայով պանելային քննարկումների ժամանակ Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի իրավաբան-փորձագետ Մարիետա Մնացականյանն ընդգծեց, որ ԶԼՄ-երի ինքնակարգավորման մեխանիզմներ ներդնելու և «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մտադրությունը չի նշանակում, թե պետությունը փորձում է մասնակցել լրատվամիջոցների ինքնակարգավորման գործընթացին։
«Պետությունն ընդամենը փորձում է իրավական լավ շրջանակ ստեղծել մեդիայի ինքնակարգավորման համար, որը կապահովի լրահոսի բազմազանությունն ու օբյեկտիվությունը։ Առաջարկվող ինքնակարգավորման մեխանիզմները նաև կբարձրացնեն պատասխանատվության զգացողությունը մամուլի ներկայացուցիչների մոտ», – պանելային քննարկմանը նշեց Մնացականյանը։
Ըստ իրավաբանի՝ ինքնակարգավորման մեխանիզմները և ԶԼՄ-ների մասին օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները էական դեր կարող են խաղալ նաև ապատեղեկատվության դեմ պայքարում։
Կարդացեք նաև
«Այս փոփոխությունների նպատակն է՝ ունենալ ամբողջապես անկախ մեդիա, որը զերծ կլինի պետական միջամտությունից», – ամփոփեց Մարիետա Մնացականյանը։
Պանելային քննարկման մեկ այլ մասնակիցը Իռլանդիայի մամուլի պաշտպան Սյուզան Մաքքեյն էր, որը կիսվեց ինքնակարգավորման իռլանդական փորձով։
«Իռլանդիայում մամուլի խորհուրդները գործում են 2007 թվականից։ Դրանց նպատակն է պաշտպանել ժողովրդավարությունը», – նշեց Մաքքեյը։
Այս համատեքստում նա ասաց, որ «մեդիան պետք է պետությանը հսկի, հանրությունն էլ՝ մեդիային»։
Մամուլի պաշտպանի խոսքով՝ թեև ինքնակարգավորման գործընթացում պետությունը չի կարող մասնակցել, ինքնակարգավորման գործընթացի մեկնարկը պետք է հենց պետությունն ազդարարի՝ հանդես գալով համապատասխան նախաձեռնությամբ։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն, ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի անդամ Նունե Սարգսյանն էլ անդրադարձավ հայաստանյան լրատվական դաշտում առկա բևեռացվածությանը։
«Մեդիան հանրության արտացոլանքն է։ Եթե մեդիան բևեռացված է, ապա բևեռացված է հանրությունը», – կարծում է Նունե Սարգսյանը։
Նա տարակուսեց, որ այս բևեռացվածության ֆոնին շատ լրատվամիջոցներ պարզապես հրաժարվել են մասնակցել ինքնակարգավորման մեխանիզմներ ներդնելու և ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ, լրացումներ կատարելու շուրջ քննարկումներին՝ մտահոգվելով, որ դա մեդիայի գործունեությանը միջամտելու պետության փորձ է։
Հիշեցնենք․ ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը կարծիք էր խնդրել Վենետիկի հանձնաժողովից։ Ողջունելով ինքնակարգավորման մեխանիզմների ստեղծման նախաձեռնությունը՝ Հանձնաժողովը հանդես էր եկել մի շարք դիտարկումներով և առաջարկություններով։
«Հայաստան ծրագիրը» շահույթ չհետապնդող հիմնադրամ է, որը ստեղծվել է «Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» աջակցությամբ և գործունեություն է ծավալում 2023 թվականից Հայաստանում։ Վերջինիս առաջնահերթություններից է մասնագիտական և կրթական միջոցների կիրառմամբ կառուցել հաղորդակցման արդյունավետ էկոհամակարգ երկրում և երկրից դուրս, ինչը հնարավորություն կտա արդյունավետ կերպով ներկայացնելու Հայաստանի ներուժն ու երկրում տեղի ունեցող իրադարձությունները միջազգային հանրությանը՝ բարձրացնելու երկրի մասին միջազգային իրազեկվածության մակարդակը։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ