Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Ռուսաստանի Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է միգրանտ երեխաներին ռուսական դպրոցներ ընդունել առանց ռուսաց լեզվի իմացության։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Միգրանտների երեխաներին առանց ռուսաց լեզվի իմացության դպրոցներ չեն ընդունի»,- գրել է նա։
Պետդումայի խոսնակը նշել է, որ նախքան երեխային դպրոց ընդունելը, իշխանությունները կստուգեն Ռուսաստանում նրա գտնվելու օրինականությունը և ռուսաց լեզվի իմացությունը։
Վոլոդինը հիշեցրել է. 2024 թվականի սկզբից Պետդուման ընդունել է 14 օրենք, որոնք ուղղված են Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության բարելավմանը, ինչպես նաև անօրինական միգրացիայի դեմ պայքարին։
Կարդացեք նաև
Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Ռուսաստանը միգրացիոն քաղաքականության հարցում կենտրոնանում է առաջին հերթին իր քաղաքացիների շահերի վրա։