Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավով եմ հետեւում, որ ՀՀ-ն այս փոթորկալի ժամանակներում մտածում է, որ իրեն դաշինքներ պետք չեն. ԱԳ նախկին նախարար

Դեկտեմբեր 11,2024 14:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Պետք է դիմեք այսօրվա իշխանությունների ներկայացուցիչներին, ես նրանց ներկայացուցիչը չեմ»,- այսօր հայ-ռուսական ֆորումի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ իշխանությունները Արցախի էջը դիվանագիտությամբ փակո՞ւմ են:

Անդրադառնալով ԱԳ ներկայիս նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե ցեղասպանության ճանաչման հարցն այլեւս օրակարգի առաջնահերթություններից չէ, նախկին նախարարն այսպես արձագանքեց. «Պատերազմները վարում են ոչ թե ռազմադաշտում հաղթանակ գրանցելու համար, այլ հակառակորդին քո կամքը թելադրելու համար: Հիմա իմ պատկերացմամբ՝ մեր հակառակորդները, մեր թշնամիները ցանկանում են իրենց կամքը մեզ թելադրել, պարտադրել: Դա անվանում եմ գաղափարական, մշակութային էքսպանսիա: Այն, ինչ հայտարարում է ներկայիս արտաքին գործերի նախարարը, ես կարծում եմ, դրսեւորում է՝ ինչ ադրբեջանցիներն են ուզում»:

Նա հիշեցրեց, որ 2021-ի ապրիլին 24-ին, երբ արցախյան վերջին պատերազմից հետո ցեղասպանության առաջին տարելիցն էր, ԱԳՆ-ն նախաձեռնեց հատուկ միջոցառումներ, հատուկ միջազգային հնչեղություն ապահովեց ցեղասպանության հիմնախնդրի առումով, ներկայացրեց Արցախի պատերազմը՝ որպես այդ նույն ցեղասպանական քաղաքականության դրսեւորումներից մեկը. «Ուզում եմ հիշեցնել, որովհետեւ շատերը մոռանում են կամ հարմար չէ հիշել, 2021-ի ապրիլի 24-ին մեր նախարարության աշխատանքի շնորհիվ 34 բարձր մակարդակի միջազգային պատվիրակություն է եկել»:

Լրագրողի հիշեցրեց, թե Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ եթե խաղաղության պայմանագիրը կնքվի, հնարավոր է ՀՀ-ն հրաժարվի Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային հայցերից՝ պնդելով, որ դա փոխադարձաբար սկզբունքով պետք է իրականացվի: Ու հետաքրքրվեց՝ որքանո՞վ է ողջամիտ, որ Ադրբեջանը կհամաձայնի եւ արդյոք խաղաղության պայմանագիր կնքելու համար արժե՞ գնալ նման զիջման:

Ի պատասխան՝ Այվազյանն ասաց. «Ես տեսնում եմ, որ Ադրբեջանը որեւէ պայմանավորվածություն երբեւէ չի հարգել, ինքը թելադրում է իր օրակարգը ու որեւէ երաշխիք չկա, որ եթե նույնիսկ Ադրբեջանը նման համաձայնության գա՝ հետագայում կկատարի այդ պայմանավորվածությունն ու իր կողմից հայցեր չի ներկայացնի: Մենք իրենց խոսույթում տեսնում ենք ահռելի փոխհատուցումների, մարդկանց հետապնդելու մասին, իրենք որակում են որպես ռազմական հանցագործություններ, ես կարծում եմ, որ սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է»:

Իսկ ֆորումի ընթացքում պարոն Այվազյանը անդրադարձավ նաեւ ՀԱՊԿ- ի գործունեությանը՝ կարեւորելով այդ կառույցի աշխատանքների փոփոխության անհրաժեշտությունը. « Հիմա, երբ աշխարհակարգը փլուզվում է, յուրաքանչյուր երկիր առավել քան երբեւէ մտածում է իր սեփական անվտանգության մասին: Երկրները դա անում են եւ՛ ներքին ռեսուրսների, եւ՛ դաշինքների ստեղծման կամ պահպանման միջոցով: Ցավով եմ հետեւում, որ ՀՀ-ն այս փոթորկալի ժամանակներում մտածում է, որ իրեն դաշինքներ պետք չեն: Իրենք են արձանագրում, որ Հայաստանն այսօր դաշնակից, բարեկամ չունի, սա մտածելու մեծ խնդիր է»:

ԱԳ նախկին նախարարը նաեւ նկատեց, որ առաջիկա տարիները շատ որոշիչ են լինելու՝ ով կդառնա գերիշխող, ով կմնա լուսանցքում ու անխուսափելիորեն կկորցի իր անկախությունը:

 

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031