Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորների կողմից ստացված նվերներին վերաբերող կանոնները Հայաստանում խստացվել են․ ԳՐԵԿՈ-ն զեկույց է հրապարակել

Դեկտեմբեր 11,2024 13:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հրապարակվել է ԵԽ հակակոռուպցիոն մարմնի՝ ԳՐԵԿՈ-ի Հայաստանի վերաբերյալ չորրորդ գնահատողական փուլի զեկույցը։ Այն վերաբերվում է պատգամավորների, դատավորների եւ դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելմանը։ Չորրորդ փուլի գնահատման իր զեկույցում ԳՐԵԿՈ-ն Հայաստանին ներկայացրել է 18 հանձնարարական, որոնցից 6-ը մասնակի են կատարվել։

Դրանցից մեկն էլ վերաբերվում է խորհրդարանում օրենսդրական նախաձեռնությունների թափանցիկությանը։ Ըստ զեկույցի, ի տարբերություն նախկինի, երբ նախաձեռնությունները մեծամասամբ գալիս էին կառավարությունից, այժմ ավելի շատ թվով պատգամավորներ են սկսել օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ։ Նաեւ՝ դրանց վերաբերյալ հանրային քննարկումներն են ավելի շատ եւ արդյունավետ դարձել․ «Իշխանությունների կողմից տրամադրված տեղեկություններից կարելի էր եզրակացնել, որ 2023 թվականից ի վեր՝ պատգամավորների կողմից նախաձեռնված ավելի շատ թվով օրենքների նախագծեր են դառնում հանրային իրազեկման, հանրային լսումների եւ բանավեճերի թեմա եւ բաց են առցանց եղանակներով քննարկման հնարավորության համար։ Դա իրադարձությունների ողջունելի զարգացում է»։

ԳՐԵԿՈ-ն հույս է հայտնում, որ վերջին տարիների դրական միտումը կամրագրվի պրակտիկ գործունեությամբ, ուստի ՀՀ իշխանություններին կոչ է անում՝ շարունակել ավելացնել պատգամավորների կողմից նախաձեռնվող օրենքների նախագծերի թիվը հանրային քննարկման համար ՝ քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ։

ԳՐԵԿՈ-ն նաեւ նշում է, որ պատգամավորների կողմից ստացված նվերներին վերաբերող կանոնները Հայաստանում խստացվել են, ինչը համահունչ է հանձնարարականին:

Այնուամենայնիվ, ԳՐԵԿՈ-ն դեռեւս սպասում է պատգամավորների վարքագծի կանոնագրքի ընդունմանը, որը վերաբերում է ոչ միայն նվերների հետ կապված հարցերի կարգավորմանը, այլ նաեւ շահերի բախման, լրացուցիչ գործունեության եւ ֆինանսական շահերի, տեղեկատվության ու հանրային ռեսուրսների չարաշահման եւ լոբբիստների հետ շփումների վերաբերյալ բարեվարքությանն առնչվող այլ հարցերի. «Ավելին, ակնկալվում է, որ բարեվարքությանն առնչվող նմանատիպ կանոնները մասնագիտացված վերապատրաստման եւ իրազեկվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաեւ պատգամավորների համար համապատասխան խորհրդատվության առարկա կդառնան»:

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները խոստացել էին, որ պատգամավորների վարքագծի կանոնագրքի ընդունումը պլանավորված է մինչեւ 2024 թվականի ավարտը՝ Հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա գործողությունների ծրագրի համաձայն։ Այդ ընդունումը պետք է ուղեկցվեր պատգամավորների համար նախատեսված վերապատրաստումներով եւ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված գործողություններով։

«Նրանք (ՀՀ իշխանությունները-Ն․Գ․) նաեւ նշում են, որ 2024 թվականի ապրիլին «Հանրային ծառայության մասին» օրենքով (պատգամավորների վերաբերյալ) բարելավվել է նվերներին առնչվող կարգավորումը, եւ այժմ ներառում է կանխատեսելի, հստակ եւ արդյունավետ դրույթներ՝ ստացված նվերները պետական սեփականությանը հանձնելու, ինչպես նաեւ ընդունելի նվերների ցանկն ավելի հստակեցնելու վերաբերյալ»,- ասված է զեկույցում։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031