«Հետք». Ֆինանսների նախկին փոխնախարար Արթուր Աֆրիկյանին վերաբերող քրեական վարույթով նախաքննությունը դեռեւս ընթացքի մեջ է: Այն նախաձեռնվել է «Հետքի» հրապարակման հիման վրա 2023-ի հուլիսին:
Ընդ որում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որը 1980-ականներից աշխատել է մաքսային ու հարկային մարմիններում, իսկ 2014-2016 թթ. եղել է ֆինանսների փոխնախարար, 2016-ի մարտ-հոկտեմբերին էլ՝ ՊԵԿ նախագահի տեղակալ, ներգրավված է միանգամից 3 քրեական վարույթներում, որոնցից մեկը, ինչպես ասվեց, «Հետքի» հրապարակման հիման վրա է նախաձեռնվել:
2018-ի նոյեմբերին գրել էինք Դուբայում անշարժ գույք ձեռք բերած հայ պաշտոնյաների ու գործարարների, այդ թվում՝ Արթուր Աֆրիկյանի մասին: Նշել էինք, որ վերջինս 7 միավոր անշարժ գույք է գնել Դուբայում, որոնցից 2-ը հետո վաճառել է:
Հետագայում պարզել էինք, որ նախկին պաշտոնյայի արաբական գույքի չափն ավելի մեծ է. պաշտոնյան ունեցել է ոչ թե 5 (վաճառածները չհաշված), այլ 9 բնակարան: Ավելին՝ մեր առաջին հրապարակումից հետո պարզել էինք, որ Աֆրիկյանի բոլոր 9 տները գրանցվել են նրա կնոջ՝ Ալվարդ Մովսեսյանի անունով, որն էլ օտարել է դրանք:
Կարդացեք նաև
2023-ի հուլիսին գրել էինք, որ օտարված 9 բնակարանների շուկայական ընդհանուր արժեքն այդ պահին շուրջ 4 մլն դոլար էր:
Օտարվածներից 2-ը, սակայն, գրանցվել էին Հովհաննես Կոբալյանի անունով, որն աշխատում է Դուբայի անշարժ գույքի ոլորտում, ինչպես նաեւ սերտ առնչություն ունի Աֆրիկյան-Մովսեսյան զույգի հետ: Բավական է ասել, որ մեր ձեռքի տակ եղած հին ու նոր տվյալներում հենց նրա էլեկտրոնային փոստն է նշված թե՛ Աֆրիկյանի, թե՛ Մովսեսյանի կոնտակտների մեջ: Կարելի է ենթադրել, որ Հ. Կոբալյանը առնչություն է ունեցել Արթուր Աֆրիկյանի անշարժ գույքի գործարքներին եւ գույքի կառավարմանը:
Աֆրիկյանը 2018թ.-ի հունիսին՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, հեռացել է երկրից, եւ ըստ «Հետքի» տվյալների՝ մեկնել է ԱՄՆ: Նրա հանդեպ վերոնշյալ երկու քրեական վարույթներով հայտարարվել է միջազգային հետախուզում, խափանման միջոց է ընտրված կալանավորումը:
Կոլաժը՝ Արեն Նազարյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: