Փաստերի ստուգման հարթակ. Ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով գնման պայմանագիր է կնքվել, արժեքը՝ 296 հազար եվրո (125․3 մլն դրամ)։
Դեռևս հոկտեմբերի 17-ի նիստում կառավարությունը հաստատել էր մի որոշում, որով թույլ էր տալիս Ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության հարցով ծառայություններ ձեռք բերել մեկ անձից գնման ընթացակարգով: Մասնավորապես, առաջարկվում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակներում Ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ ձեռք բերել մեկ անձից գնման ձևով՝ «Սիստեմատիկա» ընկերությունից։
Նախագիծը ներկայացնելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել էր, որ այդ նախագծի շրջանակում ակնկալում են ստանալ տրանսպորտի և շարժունակության մաստեր պլանը:
«Շատ կարևոր է, որ մենք ունենանք հստակ սխեմաներ, թե մարդիկ ինչ տրանսպորտային միջոցներով, ինչ երթուղիներով պետք է հասնեն Ակադեմիական քաղաք: Հայեցակարգային պատկերացումն այն է, որ նրանց համար, որոնք ուզում են ավտոմեքենայով գալ Ակադեմիական քաղաք, մենք Ակադեմիական քաղաքի շուրջ պետք է ունենանք շրջանաձև ճանապարհը, որը տրանսպորտային շարժի վերջին գիծը պետք է լինի: Այսինքն՝ մարդիկ պետք է հնարավորություն ունենան մեքենայով գալ, հասնել այդտեղ, իսկ Ակադեմիական քաղաքի ներսում ոտքով կամ հեծանով շարժվելը, ըստ մեր նախագծի, բարդություն չի ներկայացնելու»,- հավելել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև
Կառավարության նիստում նախագծի հաստատվելուց հետո «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է կառավարության որոշման հիմնավորումներն ու ամփոփաթերթը, փաստաթղթի հետ կապված բոլոր հնարավոր բաց աղբյուրները, սակայն հնարավոր չի եղել պարզել՝ որքան գումար է հատկացնում կառավարությունը մեկ անձից գնման ընթացակարգով իտալական ընկերությունից ծառայություն գնելու համար։
Այդ մասին նիստի ընթացքում չեն խոսել նաև պաշտոնյաները։
Հոկտեմբերի 17-ից հետո «Փաստերի ստուգման հարթակը» պայմանագրի արժեքը ճշտելու նպատակով երկու անգամ գրավոր հարցում է ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Առաջին անգամ ԿԳՄՍ-ից տեղեկացրել են, որ պայմանագիրը դեռ չի կնքվել, և միայն երկրորդ հարցումից հետո հայտնել են հետևյալը․
«ՀՀ կառավարության 2024 թ. հոկտեմբերի 17-ի N 1645-Ա որոշման շրջանակում Ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով իտալական «Սիստեմատիկա» ընկերության հետ 29.11.2024 թ. կնքված պայմանագրի արժեքը կազմել է 296 հազար եվրո՝ ներառյալ հարկերը»:
Պայմանագրի մանրամասների մասին հայտնի չէ, այն չի հրապարակվել, սակայն հոկտեմբերի 17-ին կառավարության նիստում նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել էր՝ ինչ են սպասում այս պայմանագրի գործողության արդյունքում։
- Ստանալ տրանսպորտի և շարժունության մաստեր-պլանը, որը կընդգրկի բոլոր այն գործողությունները, որոնք ներառելու են բոլոր հնարավոր տրանսպորտային ձևերի և ձևաչափերի վերլուծությունը և այդ իմաստով նաև ծրագրի ռազմավարությունը:
- Ստանալ հոսքերի ուսումնասիրությունը, որտեղ բոլոր տվյալներն են հավաքագրվելու, նաև իրականացվելու է անհրաժեշտ շտեմարանների ստեղծում:
- Հոսքերի ուսումնասիրության արդյունքում ունենալ դրանց վերլուծությունը ու մոդելավորումներ, մասնավորապես՝ պլանավորվում է 4 տարբեր մոդելների մշակում, և դրանք նաև հնարավորություն կտան ճիշտ պլանավորելու հետագա աշխատանքը:
- Ունենալ ծրագրով նախատեսված ճանապարհների դիզայնը կամ նախագիծը:
- Իրականացնել երկաթուղու նախնական տեխնիկա-տնտեսական վերլուծություն, որը ևս թույլ է տալու անհրաժեշտ եզրակացություններ անել «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման նպատակով:
Այս ծրագրի իրականացման ժամանակահատվածը 8 ամիս է։
Ակադեմիական քաղաքի նախագծման փուլը նախատեսվում է ավարտել 2025-ին, կառուցումը՝ մինչև 2030 թվականը: Քաղաքի կառուցման համար, նկատենք, նախատեսված է 700 հեկտար` Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում:
Ակադեմիական քաղաքում նախատեսվում է տեղակայել 8 պետական խոշորացված և 8 մասնավոր բուհ: Ակադեմիական քաղաքում աշխատելու և բնակվելու է մոտ 44,000 մարդ: Այս տարածքում ծրագրվում է կառուցել նաև Ազգային մարզադաշտ` 35,000 հանդիսատեսի համար: Ակադեմիական քաղաքը Երևանին կապվելու է երկաթգծով:
«Փաստերի ստուգման հարթակը» հարցմամբ նաև փորձել էր պարզել, թե որքա՞ն գումար է ծախսվել մինչ այժմ պետական բյուջեից «Ակադեմիական քաղաք» նախագծի իրականացման համար։
ԿԳՄՍՆ-ից տեղեկացրել էին, որ Ճարտարապետական նախագծման ծառայությունները ձեռք բերելու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն «ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» (GMP) գերմանական ընկերության ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ կնքել է «Ճարտարապետական նախագծման ծառայությունների մասին» պայմանագիր, որի համաձայն՝ ծառայությունների ձեռք բերման համար 2023 թվականին հատկացվել է 87 մլն 696 հզր դրամ, իսկ 2024 թվականին՝ 396 մլն 202.4 հզր դրամ։
Միաժամանակ, տեղեկացրել են, որ ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» N 585-Ա որոշման համաձայն «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի պահպանման ծախսերի նպատակով 2023 թվականին հատկացվել է 30 մլն դրամ, իսկ 2024 թվականին՝ 117 մլն 320 հզր դրամ։
Հասմիկ Համբարձումյան