ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը Factor TV-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ որոշում է կայացրել մեկ ամսով կասեցնել ՔՊ-ում իր գործունեությունը։
Նա Factor TV-ի եթերում դիմեց խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանին, որ նա խմբակցության անդամներից ձևավորի պատգամավորական խումբ, որի առջև Հովիկ Աղազարյանը կտա պարզաբանումներ․ «Եթե խմբի անդամներին չհաջողվի համոզել ինձ՝ փոխել ինձ մոտ ձևավորված կարծիքը, ապա իմ հետագա համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ դառնում է անհնարին, և հարցականի տակ է դրվում հետագա համագործակցությունը»,- հայտարարեց պատգամավորը։
Նա ասաց, որ մեկ ամիս շարունակ չի մասնակցի ո՛չ խմբակցության նիստերին, ո՛չ՝ կուսակցական հավաքներին։ Եթե իր առաջադրած այս պայմանը չկատարվի, ամենայն հավանականությամբ, ՔՊ խմբակցությունից դուրս գալու որոշում կկայացնի, բայց ասաց՝ կշարունակի մնալ ՔՊ կուսակցության շարքերում, քանի դեռ իրեն չեն հեռացրել։
Պատգամավորը Factor TV-ի եթերում ընթերցեց հայտարարություն, որտեղ պատմեց նաև օրերս կայացած մի հանդիպման մասին։ Նա տեղեկացրեց, որ բառացիորեն օրեր առաջ՝ շաբաթ օրը, տեղի է ունեցել մի հանդիպում՝ ՔՊ թիմի բարձրաստիճան պաշտոնյայի, իրավական համակարգի ներկայացուցչի, Հովիկ Աղազարյանի, նրա երեք որդիների և իր մասնակցությամբ․ «Հովիկ Աղազարյանը բոլորիս ներկայությամբ հայտարարեց, որ իր որդիներին հնարավորություն տան ծանոթանալ այն նյութերին, որոնք ներկայացվել են խմբակցությանը, և եթե ինքը չկարողանա բավարար բացատրություն տալ, ապա վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը։ Դա տեղի չունեցավ։ Աղազարյանի որդիներից մեկը ասաց, որ իրենք, ըստ էության, ծանոթ են հեռախոսի պարունակությանը, և որևէ հիմք չունեն դիմելու իրենց հորը՝ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու խնդրանքով»,- պատմեց պատգամավորը։
Կարդացեք նաև
Հակոբ Ասլանյանն ասաց նաև, որ ինքը ստիպված է եղել ծանոթանալ Հովիկ Աղազարյանին առնչվող նամակագրությունների տեղեկատվությանը, որպեսզի ամրապնդի իր ներքին համոզմունքը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այնտեղ չգտա որևէ բան, որի համար ես կամաչեի իմ ընկերոջ փոխարեն»։
Ռոբերտ Անանյան
Հայտարարությունն ամբողջությամբ՝ ավելի ուշ: