Վերջերս ԱՐԻ գրականության հիմնադրամը վերահրատարակեց Ռուբեն Ֆիլյանի «Անծանոթ ինքնակենսագրություն»-ը, որը նրա՝ թվով արդեն երկրորդ գիրքն է, որ վերահրատարակվել է վերջին երեք տարիների ընթացքում՝ «Քո երկրի դեսպանը» վեպից հետո։
Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ օրերս «Էպիգրաֆ» գրախանութում։
Մենք զրուցեցինք արձակագիր, Ռուբեն Ֆիլյանի «Անծանոթ ինքնակենսագրություն» գրքի խմբագիր Արամ Պաչյանի հետ Ֆիլյանի, նրա թողած ժառանգության մասին։
Կարդացեք նաև
– Անծանոթ ինքնակենսագրություն գիրքը որքանո՞վ կարելի է համարել իրոք ինքնակենսագրություն։ Արդյո՞ք հեղինակի կյանքը ու նրա անձնական ձայնը շատ են այս գրքի մեջ։
-Ինչ բնույթի էլ լինի գիրքը՝ արդեն իսկ պատկանում է հեղինակի կենսագրությանը: Իրականում վստահ չես, թե «որն» է, «ինչն» է «ինչով» է գոյանում կենսագրությունը՝ կյանքի դիպաշարո՞վ, թե՞ այդ կյանքի դիպաշարը գրականությամբ այլացնելով, փոխակերպելով, վերջապես ինքդ քո այլությունը ընտրելով ու մի նոր բան ստեղծելով: Ուրիշի և ուրիշ ինքնակենսագրություն: Այսպես նաև ստեղծվում է ընթերցողի ինքնակենսագրությունը: Գուցե առաջին հերթին հենց այսպես: Ինչին էլ միտված է Ֆիլյանի գիրքը:
-Ինչո՞ւ հեքիաթներ… այն ժամանակներում, երբ գրվել ու առաջին անգամ հրատարակվել է գիրքը՝ բնորոշվելով՝ «հեքիաթներ մեծահասակների համար», կարծես թե ակտուալ չէր։
-Ակտուալ էր այնքանով, որքանով կոմկուսն ու գլավլիտը ցանկանում կամ թույլատրում էին դրա ակտուալությունը: Հեղինակների համար թույլատրելի երթուղիներն ընդամենը մի քանիսն էին. արձակի դեպքում ավելի շատ մանկագրություն (անշուշտ նաև հեքիաթներ) և պատմավեպ:
Եվ հենց «հեքիաթն» էլ ու «պատմավեպն» էլ փորձվել են Ռուբեն Ֆիլյանի կողմից:
Կարծում եմ պարզ է, թե ինչու չակերտների մեջ առա: Նրանք, ովքեր կարդացել են Ֆիլյանի «Անծանոթ ինքնակենսագրություն» ժողովածուն և «Քո երկրի դեսպանը» վեպը՝ հասկացան, թե ինչ նկատի ունեմ:
-Ինչպե՞ս կբացատրեք Ֆիլյանի հանդեպ արթնացած հետաքրքրությունը, հատկապես երիտասարդների կողմից։ Ի՞նչն է նրանց հետաքրքրում Ֆիլյանի գործերում:
-Չգիտեմ: Ամեն ոք ինքը պիտի ասի: Հայաստանում ընթերցողին հայ հեղինակ է հետաքրքրում.. սա ուրախալի հանգամանք է, մանավանդ, երբ գրաշուկադ հեղեղված է ու նվաճված թարգմանական գրականությամբ… մի երևույթ, որը միայն սակրալացվել է, փառաբանվել, ուռճացվել ու գերարժևորվել մշակույթին հարող հանրույթների կողմից: Գոնե մի փոքր քննադատական եզր լիներ սրա շուրջ՝ սեփական լեզվով լեզվի գաղութացման, սպառողական գրաշուկայի, վայրագ կապիտալիզմի անթաքույց արշավի ընկալում:
-Որքանո՞վ է Ֆիլյանի կյանքը կամ գրականությունը ազդել ձեր ստեղծագործական ընթացքի վրա։
-Քանիցս ասել եմ: Ես մեկն եմ, ով պարզապես սիրում է գրականություն, մտորում գրականության շուրջ, երբեմն էլ գրում: Սիրել եմ Ռուբեն Ֆիլյանի գրականությունը, այնպես ինչպես սիրել եմ Դեֆոյի, Գրիգոր Պըլտեանի, Աբիգ Ավագյանի, Ժիոնոյի և շատ այլ գրողների արվեստը:
Դրանք կյանքեր ու գրաշխարհներ են, որոնք բացարձակ տարբեր են իմ ունեցած կյանքից ու գրականությունից: Ես կասեի լրիվ հակոտնյա, իսպառ կապ չունեցող:
Հետաքրքիր է: Մեզանում ինչ էլ անես, ամենադրական, լուսավոր գործը միևնույն է՝ ատելության ես արժանանում: Եվ այդ լուսավոր գործից էլ մահվան նետեր են սրվում մարմնիդ ու հոգուդ համար: Սա հայ հանրույթը կերտած ու աստառած աքսիոմներից է:
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Լուսանկարները՝ գրքի շնորհանդեսից