Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳ նախարարին՝ պարեկային ծառայության վարչական ակտերի դեմ բերված բողոքների՝ վերադասության կարգով քննության պրակտիկան ու մոտեցումները վերանայման կարիք ունեն. Գուրգեն Ներսիսյան

Դեկտեմբեր 11,2024 12:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024թ. փետրվարին Վարչական դատավարության և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում կատարված լրացմամբ օրենսդիրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության վարչական ակտերը դատական կարգով վիճարկելու նախապայման էր սահմանել դրանց վարչական՝ վերադասության կարգով բողոքարկելը:

Ակնհայտ է, որ օրենսդիրը այդ կերպ փորձել է որոշակիորեն թեթևացնել վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը՝ սահմանելով նախքան իրավունքի դատական պաշտպանության դիմելը վարչական կարգով բողոքների քննարկման նախնական պարտադիր օղակ: Բայց ցավոք օրենքի գործնական կիրառությունը բավարար չափով չի նպաստել և այսօր էլ չի նպաստում օրենսդրի կամքի ու նպատակի իրագործմանը:

ՀՀ-ում երևի ամեն օր վարչական ու դատական կարգով բողոքարկվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մի քանի տասնյակ կամ գուցե հարյուրավոր վարչական ակտեր: Հաշվի առնելով բազմաթիվ վարչական իրավախախտումների կրկնությունը և դրանց կապակցությամբ իրականացված վարչական վարույթների բովանդակային նույնությունը, վարչական դատարանները դրանց առնչությամբ ձևավորել են նաև բավականին հարուստ դատական նախադեպային պրակտիկա: Այդուհանդերձ վարչական ակտերի վերադասության կարգով բողոքարկումը գերազանցապես կրում է ձևական ու ընթացակարգային բնույթ՝ հետապնդելով միայն վարչական դատարան դիմելու իրավաչափությունն ապահովելու նպատակ:

Վարչական մարմինները մասսայաբար մերժում են գանգատները՝ ձեռքի տակ ունենալով նույն հիմնավորումներով վարչական դատարանի հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարների հասնող որոշումներ: Վարչական բողոքները մերժվում են նույնիսկ այն դեպքերում, երբ նույն բողոքներում վկայակոչվում են վարչական դատարանների համապատասխան դատական ակտերը և գրեթե անկասկած է լինում հետագայում վարչական դատարանի կողմից բողոքի բավարարումը: Երբեմն դա արվում է այն աստիճան ակնհայտ ու ապօրինի, որ նույնիսկ կարելի է համապատասխան պաշտոնատար անձի արարքում առերևույթ նկատել պաշտոնեական հանցանքի տարրեր:

Այս մոտեցումը պետք է ամբողջությամբ վերանայվի ու բացառվի ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատանքում: Վերադաս վարչական մարմինները պետք է առավելագույնը անեն՝ վարչական բողոքը դատարան հասնելը բացառելու համար: Օրենսդրի կողմից նման մոտեցման որդեգրումը հետապնդում է ոչ միայն վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակ, այլև կոչված է նպաստելու քաղաքացու կողմից իր իրավունքի արտադատական պաշտպանությանը՝ զերծ պահելով նրան դատական համեմատաբար ավելի բարդ գործընթացներից, մինչդեռ օրենքի գործնական կիրառությունը, փաստորեն, այդ նպատակներից ոչ մեկը պատշաճորեն չի ապահովում:

Հուսով ենք այս խնդիրը դուրս չի մնա ՀՀ Ներքին գործերի նորանշանակ նախարարի ուշադրության տիրույթից և կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր պրակտիկան վերանայելու և բարելավելու ուղղությամբ:

ՓԱՍՏԱԲԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031