Հայցը հարկադիրի դեմ է: Փաստաբանը հարկադիր աճուրդով գնորդի շահերն է ներկայացնում, գնորդ, գործով երրորդ անձ Խ.Գ.ի: Բնակարանի նախկին տերերը ոչ ձեռքբերման գումարն են ուզում վերադարձնել, ոչ էլ տունն են ազատում, արդեն 5 տարի: Ներկայացնում ենք փաստաբանի արձագանքը:
2019-ից թիվ ՎԴ/8939/05/19 վարչական գործը գտնվում է ՀՀ վարչական դատարանում՝ արդեն 5 տարի։ 2024թ. դեկտեմբերի 5-ին կրկին վարչական դատարանը նշված գործով դատական նիստը հետաձգեց անորոշ ժամանակով։ Կարծում եմ, որ բոլորն են տեղյակ, որ եթե նույնիսկ վարչական դատարանը գործով կայացնի եզրափակիչ դատական ակտ, ապա որքան տարի էլ պետք է այն տեւի վարչական վերաքննիչ դատարանում բողոքի քննությունը։ Նշված գործով դատավորի կողմից դատական նիստեր են նշանակել 6 ամիսը մեկ, այսինքն, տարվա մեջ երկու անգամ:
Քաղաքացին վստահելով պետական մարմիներին՝ վեց տարի առաջ տասնյակ միլիոն դրամով գնել է բնակարան, սակայն ընկնելով դատական «քաշքուկների եւ կառուսելի» մեջ, երկար տարիներ է՝ խախտվել է նրա սեփականության իրավունքը, զրկվել է իր բնակարանի տիրապետման, օգտագործման եւ տնօրինման իրավունքից։
Ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է։
Կարդացեք նաև
Տպավորություն է, որ որոշ դատավորներ նման գործելաոճով մերժում են արդարադատությունը, այն դեպքում, երբ նրանց առաքելությունն արդարադատության իրականացումն է։ Տպավորություն է նաեւ, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման կանխարգելման կամ խախտված իրավունքի վերականգնման պատշաճ կառուցակարգերը չեն գործում, դրանք հռչակագրային են։
Առկա օրենսդրական բացը չի ապահովում ողջամիտ ժամկետում գործի քննության սահմանադրական իրավունքի ամբողջական իրացման հնարավորություն, այդ բացը կարծես որոշ դատավորների կողմից չարաշահվում են, իսկ որոշ դատավորների նման գործելաոճը ստվեր է գցում մեր մյուս արժանավոր դատավորների դժվարին աշխատանքի վրա:
Ղևոնդ ՊԱՊՈՅԱՆ
փաստաբան
«Առավոտ» օրաթերթ
10.12.2024