Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում են՝ կայծակը նույն ծառին երկու անգամ չի խփում…»

Դեկտեմբեր 11,2024 12:30

Ահռելի ու անդառնալի կորուստներ կան, որոնց թողած դատարկությունը անհնար է գեթ փոքր-ինչ քողարկել։ Տասնապատկվում, հարյուրապատկվում, հազարապատկվում է դրանց ահռելիությունը, երբ այդ դատարկությունը ծնողի սրտի մեջ է։ Սեւ խոռոչի նման այդ դատարկությումը, որը բնութագրելու համար «վիշտ» բառը շատ փոքրիկ ու խղճուկ է, ձգում ու իր մեջ անհետացնում է ծնողի բաժին տիեզերքի բոլոր արեւներն ու աստղերը, բոլոր լույսերը, բոլոր պայծառ ու շողուն կետերը, որոնք ցանկացած բնականոն կյանքի շարժման ուղենիշներն են։

Սպարտակ Մաթոսյանի պարագայում այդ «սեւ խոռոչը» կրկնակի, գուցե եւ եռակի չափեր ունի, եթե, իհարկե, որեւէ մեկը կարող է չափել դրա սոսկալի մեծությունը։

«Ասում են՝ կայծակը նույն ծառին երկու անգամ չի խփում… Այս էլ քանի անգամ կայծակնահար է լինում խեղճ ու կրակ «ծառս», թրատվում ճյուղ ու տերեւ, ամեն հարվածից դառը մաղձով լցվում տառապանքներից բարակած սիրտս»,- գրում է հեղինակը։

Կրկնակի որդեկորույս ծնողի ահռելի վշտի փոթորկումներին ելք տվող մի փոքրիկ շատրվան է այս վիպակը, որի պարզ ու դառը տողերը մրմուռի ու կսկիծի այրող լավաներ են հիշեցնում։

Էջ առ էջ վշտամորմոք ծնողը բառերի վրձինով ստեղծում է իր վաղամեռիկ որդու՝ Վահրամի դիմանկարը։ Թվում է՝ թերթում է իր առջեւ դրված մի ալբոմ, որտեղից լուսանկար առ լուսանկար ժպտում է իր Վահրամը՝ մերթ մանուկ ու թոթովախոս, մերթ պատանի, մերթ զինվոր եւ մերթ բնության անվերջ սիրահար։

Ու նրան չճանաչողը եւս խոր ցավով է լցվում, երբ տեսնում է, որ կյանքն իր գոյությամբ զարդարող մարդասեր, կենդանասեր, հարազատասեր ՍԵՐ-Վահրամը կարոտ թողեց իր ծնողներին իր շքեղ ներկայությունից։

Այս վիպակը մի անձեռակերտ խաչքար է, որ երկնել է Սպարտակ Մաթոսյանը՝ ի հիշատակ իր վաղամեռիկ Վահրամի։ Ցավից ու մորմոքից ծնված մի խաչքար-հուշարձան, որի նրբահյուս նախշազարդերը Վահրամի կյանքի դրվագներն են, իսկ կենտրոնական խաչը՝ Վահրամի վառ հիշատակը։ Եվ թվում է՝ այստեղ եւս, ինչպես խաչքարի վրա, ժամանակը հավերժորեն կանգ է առել։ Կանգ է առել, որպեսզի իր փոշին չհամարձակվի գեթ փոքր-ինչ շղարշել Վահրամի պայծառ ու լուսավոր հիշատակը։

Արմինե ՂԱԶԱՐՅԱՆ

Սեւանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի

«Առավոտ» օրաթերթ
10.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031