Azg.am-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը։
-Պարո՛ն Չաքրյան, ի՞նչ պետք է աներ Բաշար ալ-Ասադը՝ կանխելու իրադարձությունների նման զարգացումը։
-Եթե նա ժամանակին լեզու գտներ Արևմուտքի հետ, գուցե կփերկեր դրությունը,բայց Ասադին այնպիսի վիճակի մեջ էին գցել, որ անպայման ուզում էին տապալել։
Հայտնի է, որ ԱՄՆ-ը հակաիրաքյան պատերազմներ ձեռնարկեց՝ առաջին և երկրորդ. երկրորդը 2003 թվականին էր։ Դրանով, փաստորեն, Իրաքը մասնատվեց. ինչո՞ւ. որովհետև Իսրայելին դիմակայող ամենահզոր ուժը Սադամի ռեժիմն էր, սադամյան Իրաքը։ Հիմա այն գոյություն չունի։
Կարդացեք նաև
Երկրորդը Բաշար Ասադի վարչակարգն է։ Այնպես է ստացվում, որ ով ուժ ունի դիմակայելու Իսրայելին, նրան վնասազերծում են։ Իսկ ռուսներն էլ, իհարկե, ոչինչ չեն անում։ Եթե անելու լինեին, վաղուց կանեին։ Օրինակ՝ 2020 թվականին ռուսական ինքնաթիռները ռմբակոծել էին թուրքերի դիրքերը, 34 թուրք զինվոր էր սպանվել։ Եթե իսրայելական ինքնաթիռները ռմբակոծում են Սիրիան, Սիրիան ուներ C-300 հակաօդային պաշտպանության համակարգ, բայց այն չէր օգտագործում։ Ինչո՞ւ. որովհետև ռուսները թույլ չէին տալիս, որ իսրայելական ինքնաթիռների դեմ օգտագործի, այսինքն՝ Պուտինն ում բարեկամ համարի, նա պետք է խիստ անհանգստանա, որովհետև անպայման գլխին մի փորձանք է բերելու։
-Պարո՛ն Չաքրյան, իսկ ի՞նչ ճակատագիր է, ըստ Ձեզ, սպասվում սիրիահայությանը։
-Սիրիահայերի վիճակն անհանգստացնում է ինձ, որովհետև երբ Բեյրութում 70-ական թվականների կեսերին քաղաքացիական պատերազմ սկսվեց, Բեյրութն զգալիորեն դատարկվեց հայերից։ Նույնը տեղի ունեցավ Իրաքում. երբ հակաիրաքյան պատերազմն սկսվեց, իրաքահայերը փախան, ընդ որում՝ փախան քրդական հատված։ Հիմա սիրիահայերը գուցե քրդական վերահսկողության տակ գտնվող տարածքներում ապավինեն, բայց այնտեղ ի՞նչ անեն։ Սիրիահայերն առևտրով են զբաղվում։ Արհեստավոր հայերը, ինչպես ասում են, մի կերպ յոլա կգնան, բայց ի՞նչ պետք է անեն բիզնեսով զբաղվողները։
Ինչո՞ւ եմ վստահ ասում, որ սիրիահայերը քրդական վերահսկողության տակ անցած տարածքներ կտեղափոխվեն. վերջին տարիներին քուրդ աշխարհազորայիններն արդեն աշխարհազորային չեն։ Շնորհիվ ամերիկացիների՝ նրանք վարժվել և դարձել են կանոնավոր բանակ, այսինքն՝ արդեն տանկ, հրետանի, ՀՕՊ շարժական համակարգեր են օգտագործում։ Սա միայն ես չեմ ասում, թուրքերը ևս հայտարարում են, որ նրանք PKK (Քրդական աշխատավորական կուսակցություն) չեն։ Որքան էլ Թուրքիան հայտարարի, որ PKK է, սիրական մասնաճյուղ է և այլն, նրանք արդեն մարտունակ շուրջ 60 հազարանոց կանոնավոր բանակ են։ Ամերիկացիները նրանց մարզել են։
Ինչ վերաբերում է սիրիահայերին, քրդերը հայերին չեն վնասի, խնդիրը դա չէ, պարզապես հայ համայնքը Սիրիայում կշիռ ուներ։ Բայց եթե երկիրը վերանում է, պարտադիր չէ, որ հատուկ հայերի դեմ գործողություններ ուղղված լինեն։ Այսինքն՝ հայկական ջարդ չի լինի, իհարկե, բայց երբ երկրի անդորրը խախտվում է, գործարար շրջանակները վերանում են, մնացած աշխատավորներն էլ մի կերպ փախչում են։ Միաժամանակ չմոռանանք, որ սիրիահայերը պաշտպանում էին Բաշար Ասադին։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ»-ում