Հետագա գործընթացներն արդեն կախված են լինելու նրանից, թե պաշտոնական Երեւանը ինչ նպատակներ է իր առջեւ դնելու ու որքան արագ է գործելու` հանրապետականների հետ արդյունավետ համագործակցության հիմքեր դնելու, օրակարգ ձեւավորելու տեսանկյունից:
Դեկտեմբերի 7-ին 2019թ. հրդեհից հետո Փարիզի վերանորոգված Աստվածամոր տաճարը պաշտոնապես բացեց դռները հազարավոր այցելուների առջեւ:
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը, Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Ուիլյամը, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եւ բազմաթիվ այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հյուրերի թիվը 1500-ի էր հասնում։
«Մոխիրը վերափոխեցիք արվեստի», օրեր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տաճարում շնորհակալություն էր հայտնել հինգուկես տարի վերականգնման աշխատանքներին մասնակցած հազարավոր աշխատակիցներին ու նվիրատուներին:
Կարդացեք նաև
12-րդ դարի տաճարի վերականգնման համար ծախսվել էր շուրջ 700 մլն եվրո։ Աստվածամոր տաճարը դարեր շարունակ եղել է Փարիզի ամենահայտնի շենքը եւ ներառված է համաշխարհային պատմական հուշարձանների ցանկում։ 2013-ին Աստվածամոր տաճարը նշեց իր 850-ամյակը։
Դեկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհի ուշադրությունն այդ Փարիզի ուղղությամբ էր, որտեղ ֆրանսիական բարձրաոճ ճաշակով, նրբագեղությամբ անցկացվեց շքեղ միջոցառումը` յուրօրինակ խորհուրդ հաղորդելով: Արարողությունը նաեւ առաջնորդների շփման հարմար առիթ դարձավ:
Հայաստանի կառավարությունը հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը շփումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի եւ այլոց հետ: Բարձրաստիճան հյուրերը շրջայց էին կատարել Աստվածամոր տաճարում:
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանն այնուհետեւ Ելիսեյան պալատում մասնակցել էին Էմանուել եւ Բրիջիթ Մակրոնների անունից՝ ի պատիվ Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը մասնակից պետությունների եւ կառավարությունների ղեկավարների տրված պաշտոնական ընթրիքին: «Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփվելու լավ առիթ ընձեռեց», – Ֆեյսբուքում իր հերթին հայտնել էր Փաշինյանը՝ նաեւ լուսանկար հրապարակելով: Ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ` Փաշինյանը նաեւ տեղեկացրեց, որ Իլոն Մասկի հետ շփվելու առիթ նույնպես ունեցել է:
Փաշինյան-Մակրոն-Թրամփ շփման մանրամասները հայտնի չեն: Բայց հարկ է նկատել, որ ինքնին հանդիպման փաստը արդեն իսկ ուշագրավ է: Թե ինչպիսի օրակարգ կունենա Թրամփի վարչակարգը Հարավային Կովկասի վերաբերյալ, ամենեւին հայտնի չէ:
Հայտնի չէ նաեւ, թե Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները դեմոկրատների պարտությունից հետո արդյոք հասցրե՞լ են սթափվել, սկսե՞լ են մշակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգ` Թրամփի վարչակազմի հետ հարաբերությունները կառուցելու, առհասարակ Հայաստանի շահերի տեսանկյունից նախաձեռնողականություն մտադի՞ր են ցուցաբերել: Մինչդեռ, արդեն պետք է շտապել, գործել, անկախ նրանից, թե ամերիկյան նոր վարչակազմի համար Հայաստանի հետ հարաբերությունների հարցը ինչ կարեւորության է եւ առաջնահերթության սանդղակում որերորդ տեղում է:
Այս առումով, իհարկե, ուշագրավ է, որ Փաշինյանը հրապարակել էր նաեւ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի հետ լուսանկարը, որն ամերիկյան նոր վարչակազմում քաղաքական գործընթացներում լրջագույն ազդեցություն ունեցող ֆիգուր է, ինչը նշանակում է, որ նրա հետ «կապը» պետք է պահել ու աշխատել ինտենսիվ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 6-ին շնորհավորական ուղերձ էր հղել նրան, ինչպես նաեւ հեռախոսազրույց էր ունեցել Թրամփի հետ: Շնորհավորական ուղերձում Փաշինյանը շեշտել էր, որ անհամբեր սպասում է նրա հետ աշխատելուն՝ հայ-ամերիկյան ռազմավարական երկկողմ հարաբերություններ կառուցելու համար՝ հիմնված հայ-ամերիկյան ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների եւ հետաքրքրությունների վրա, ինչպես նաեւ համոզմունք էր հայտնել, որ նրա նախագահության օրոք ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն է՛լ ավելի կամրապնդվեն:
Իսկ նոյեմբերի 16-ին Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում նրան տեղեկություններ էր փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների եւ ընթացիկ վիճակի մասին, ինչպես նաեւ քննարկվել էին տարածաշրջանային օրակարգի հարցեր:
Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների կառուցման, նոր օրակարգի ձեւավորման հարցում, անշուշտ, էական կարող է դառնալ Երեւան-Փարիզ համագործակցության ինտենսիվությունն ու որակը, եթե իհարկե, նպատակները նախանշվեն:
Իսկ մեկնարկի համար, թերեւս, պետք է շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի նախագահ Մակրոնին` ընձեռած հնարավորության համար, Հայաստան պետության հանդեպ նրա հերթական բարեկամական ժեստի համար:
Հետագա գործընթացներն արդեն կախված են լինելու նրանից, թե պաշտոնական Երեւանը ինչ նպատակներ է իր առջեւ դնելու ու որքան արագ է գործելու` հանրապետականների հետ արդյունավետ համագործակցության հիմքեր դնելու եւ օրակարգ ձեւավորելու տեսանկյունից: Միայն այն փաստը, թե Թրամփի շրջապատում հայամետ գործիչների առատությունը Թուրքիայում օրեր առաջ ջղաձիգ մեկնաբանությունների, հրապարակումների ալիքի առիթ էր հանդիսացել, արդեն իսկ բավարար է, որպեսզի պաշտոնական Երեւանը ճշգրիտ գնահատի ընձեռված հնարավորությունները:
Հարկ է նշել, որ անցյալ շաբաթ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների առումով մեկ այլ կարեւոր հանդիպում կայացավ: Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 5-ին Պենտագոնում հանդիպեց ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։ Ըստ Պապիկյանի ֆեյսբուքյան գրառման` Օսթինն իր այցը պատմական է որակել։ ՀՀ ՊՆախարարը Օսթինին է ներկայացրել ՀՀ զինված ուժերում բարեփոխումների ընթացքը, նշել համագործակցության առաջնային ուղղությունները՝ ռազմական կրթություն, մարտական պատրաստություն, միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում վարժանքներ, արհեստավարժ սերժանտական եւ հրահանգչական ինստիտուտների զարգացում, ՀՀ զինված ուժերի ուսումնավարժական կարողությունների ստեղծում եւ այլն:
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի՝ Պենտագոնի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանն ու բարեկեցությանը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը շարունակում է ընդլայնվել: Օսթինն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին աջակցությունը շարունակելու հարցում։ Քննարկվել են նաեւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցեր: «Հաստատել եմ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հասնելու Հայաստանի ձգտումը։ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն իր հերթին հայտնել է ԱՄՆ աջակցությունն այդ նպատակին»,- նշել էր Ս.Պապիկյանը:
Թեեւ այս հանդիպումն արդեն հեռացող վարչակազմի պաշտոնյայի հետ էր, սակայն ձեռքբերված պայմանավորվածությունները կարող են շարունակվել նաեւ հաջորդ վարչակազմի օրոք։
Հայաստանն իրականում շատ ժամանակ չունի, մանավանդ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե ինչ դրամատիկ իրադարձություններ են տեղի ունենում աշխարհի տարբեր կետերում այս օրերին:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 10.12.2024