«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու գրասենյակում քիչ առաջ ամփոփվեցին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի երեքօրյա նախնական ընտրության կամ այսպես ասած «փրայմերիզի» արդյունքները։ Այն ուղիղ եթեր էր հեռարձակվում։
«Փրայմերիզին» մասնակցել է 1050 գյումրեցի, անվավեր է ճանաչվել 34 քվեաթերթիկ, 11-ում եղել են անճշտություններ։
Եվ այսպես ՝ առաջադրված 7 թեկնածուներից առաջատարն անկուսակցական Սարիկ Մինասյանն է։ Նա հավաքել է 253 ձայն։ Ձայների քանակով երկրորդ տեղում Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Առուշանյանն է՝ նա ստացել է 220 քվե։
Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանը հավաքել է 143 ձայն, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, որը վարչապետի տիկնոջ ազգականն է, հավաքել է 138 ձայն։ Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը հավաքել է 88 ձայն, միակ կին թեկնածուն՝ Շիրակի մարզպետարանի աշխատակցուհի, ՔՊ երիտասարդական թևի Շիրակի մարզի համակարգող Էմմա Բարսեղյանը հավաքել է 113 ձայն։ Իսկ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության բաժնի ղեկավար Լևոն Անանյանը՝ 91 ձայն։
Կարդացեք նաև
Նշենք, որ հաղթող ճանաչված Սարիկ Մինասյանը նոր մարդ չէ Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների համար․ Սամվել Բալասանյանի օրոք՝ 2013-2017 թվականներին նա զբաղեցրել է Գյումրու քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնը։
2018 թվականին ընտրվել է պատգամավոր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։
Այժմ զբաղեցնում է Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի ղեկավար պաշտոնը։
Գյումրեցիներից շատերի համոզմամբ, նրա մասնակցությունը ՔՊ-ի կազմակերպած «փրայմերիզին» ամենևին պատահական չէր․ ըստ էության ՔՊ-ական վերնախավում բավական մանր հաշվարկներ էր կատարված․ ՔՊ-ականները շատ լավ տեղեկացված էին, որ նա բավական ձայներ ունի․ վերջիվերջո ժամանակին և՛ ՏԻՄ ընտրությունների է մասնակցել, և՛ ԱԺ-ի, հետևաբար և նա հայտնվեց ՔՊ-ի թեկնածուների շարքում։
Նրա նշանակումը ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին նրանով, որ վերջինս միջազգային հանրությանը, ինչպես նաև իր երկրի բնակիչներին ցույց կտա, որ անչափ ժողովրդավար է, քանի որ քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնը վստահում է անկուսակցականի։
Սրանով վարչապետը ցույց կտա, որ ՔՊ-ն ամեն գնով պաշտոնների չի տիրանում, կմաքրազարդի նաև իր կուսակցության անունը, որին քննադատում են «Բալասանյան դաշինքից» Գյումրու իշխանությունը խլելու ու իրենով անելու փորձի համար։
Բացի այդ Մինասյան Սարիկի նշանակմամբ Նիկոլ Փաշինյանը վերջ կդնի իր իսկ թիմում Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար մղվող աթոռակռվին և լավ ու վատ չի լինի տարբեր թևերի բաժանված գյումրեցի ՔՊ-ականների հետ։
Սարիկ Մինասյանը Գյումրու քաղաքապետարանում աշխատելու փորձ ունի, սա ևս առավելություն է, որն ամենայն հավանականությամբ, նույնպես հաշվի են առել։
Իսկ որ ամենակարևորն է՝ Սարիկ Մինասյանի ընտրվելու հարցում շահագրգիռ է գործարար Արման Սահակյանը։ Սարիկ Մինասյանի նշանակմամբ Փաշինյանը կշահի նաև նախընտրական ծախսերի պատրաստ գործարարի սիրտը, որը Գյումրու պատմական հատվածի կառույցներից մեծ մասի համասեփականատերն է։
Նշենք, որ Սարիկ Մինասյանը Գյումրիում ճանաչված ու մեծ հարգանք վայելող մարդկանցից մեկի՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Էդուրադ Մանուկյանի քրոջ որդին է։ Մամուլում որոշակի տեղեկություններ են շրջանառվում, որ նա բարեկամական կապեր ունի նաև Շիրակի մարզի ԱԱԾ պետի հետ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ