Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ապօրինի կերպով ձեռք բերված գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց, և խոստացել է առաջիկայում ներկայացնել արդեն իսկ պետությանը վերադարձված գույքերի ցանկը՝ հատիկ առ հատիկ։ Որպես առաջին «հատիկ» էլ տեղեկացրել է, որ Ծաղկաձոր համայնքում մոտ 2,5 հեկտար հող է վերադարձվել պետությանը՝ մոտ 46 մլն դրամ ընդհանուր արժեքով։
Ամեն դեպքում՝ լավ է, որ «քյաբաբ առ քյաբաբը» դարձել է «հատիկ առ հատիկ»։ Սա իսկապես շատ լուրջ առաջընթաց է։ Առավել ևս՝ եթե դիտարկենք նախընտրական քարոզչության շրջանակներում։ Իշխանությունները դրանով շատ հստակ ուղերձ են հղում քաղաքացիներին՝ «սիրելի ժողովուրդ, հետո՞ ինչ, որ մեր օրոք Հայաստանն իր ինքնիշխան տարածքից մոտ 25 000 հեկտար տարածք է կորցել, կարևորը՝ մենք Ծաղկաձորում 2,5 հեկտար ենք վերադարձրել, համ էլ՝ այդ 25 հազարը մեր բարեկիրթ հարևաններն են վերցրել, իսկ Ծաղկաձորի 2,5-ը՝ նախկին հանցավորները, այնպես որ՝ ևս մի անգամ ընտրեք մեզ, և մենք կվերականգնենք արդարությունը՝ գոնե երկրի ներսում»։
Եվ պատկերացրեք՝ չի բացառվում, որ այս պարզունակ քարոզչության և հարակից այլ (ավելի կոշտ) գործիքակազմի շնորհիվ Նիկոլ Փաշինյանին հաջողվի ևս մի անգամ զավթել «ժողովրդի վստահության պողպատե մանդատը»։
Հ․Գ․ Բաշար Ասադը Սիրիայի նախագահական վերջին «ընտրություններում» մոտ 95,5 տոկոս էր ստացել։
Կարդացեք նաև
Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում