Ինչպես են Արեւմուտքում եւ Ռուսաստանում հասկանում «հումանիզմը», «ապստամբությունը» եւ «ժողովրդավարությունը»
Օրերս Մինսկում կայացած Ռուսաստան-Բելառուս միութենական պետության բարձրագույն մարմնի նիստից հետո Պուտին-Լուկաշենկո դուետը մի փոքրիկ ներկայացում խաղարկեց: Բնականաբար, նման մակարդակի համատեղ ելույթների ժամանակ իմպրովիզները բացառված են, հնարավոր է միայն «պասերով խաղ»:
Եվ այսպես, սկզբից Լուկաշենկոն սրտնեղեց, որ իր երկրի անվտանգությանն իբր սպառնում են Լեհաստանն ու Լիտվան՝ կուտակելով սահմաններին ՆԱՏՕ-ի զորքերը: Հետեւաբար, ըստ նրա, Բելառուսը խիստ անհրաժեշտություն ունի «Օրեշնիկ» կոչվող նոր զինատեսակի, որը կոչված է զսպելու հարեւանների ագրեսիան: Լուկաշենկոն գովերգեց «Օրեշնիկի» առավելությունները, արձանագրելով, թե որքան «հաջող» էր զենքը փորձարկվել Ուկրաինայում ու նշելով, որ այդ զենքի բազմակի կիրառումն այնպիսի արդյունքի է բերում, որը «համեմատելի է» միջուկային զենքի էֆեկտի հետ, սակայն չի թունավորում շրջակա միջավայրը ռադիոակտիվ նյութերով:
Ի պատասխան այդ «պասի»՝ Պուտինը հաստատեց գործընկերոջ պնդումները «Օրեշնիկի» բարեմասնությունների մասին՝ իր կողմից եւս ընդգծելով դրա «հումանիստական» բնույթը: ՌԴ նախագահն, ըստ էության, խոստացավ Լուկաշենկոյին՝ մի քանի ամսից, երբ «Օրեշնիկը» սկսի արտադրվել արդյունաբերական ծավալներով, այդ զենքը փոխանցել Բելառուսին:
Կարդացեք նաև
Պարզ է, որ այդ, թատերական լեզվով ասած, «ռեպրիզը» անհրաժեշտ էր Արեւմուտքի հասցեին նոր սպառնալիքներ հնչեցնելու համար եւ այդ առումով զուտ քաղաքական էր: Ուկրաինայում զինադադարի մասին հնարավոր բանակցություններից առաջ կողմերը ցանկանում են «թափահարել» իրենց զենքերը:
Բայց եկեք մի պահ մոռանանք քաղաքականության մասին եւ զուտ մարդկային տեսանկյունից դիտարկենք, թե ինչեր են խոսում երկու, իրենց քրիստոնյա հռչակած, պետությունների ղեկավարները: Նրանք գովերգում են մահաբեր զենքը, որ այն կարող է հնարավորինս շատ մահ պատճառել եւ հնարավորինս մեծ ավերածություններ գործել:
Բնական հարց է ծագում՝ կարո՞ղ է, արդյոք, քաղաքականությունն այդպիսին չլինել: Այսօր, հավանաբար, ոչ:
Դրա ես մի ապացույցն այն է, որ այժմ սիրիական քաղաքները, այդ թվում՝ Հալեպն ու Դամասկոսը գրաված թուրքամետ զինյալները՝ բազմաթիվ երկրների կողմից «ահաբեկչական» ճանաչված կազմակերպության ներկայացուցիչները, որոնք ակնհայտորեն ունեն նաեւ Իսրայելի ու ԱՄՆ-ի աջակցությունը, արեւմտյան լրատվամիջոցներում ու քաղաքական գործիչների կողմից անվանվում էին «ապստամբներ» (insurgents), Ասադի ռեժիմին գրեթե «ժողովրդավարական այլընտրանք»:
Ասադի ռեժիմն էլ, որին աջակցում էին Ռուսաստանն ու Իրանը, իհարկե, այդ զինյալներից ոչնչով լավը չէ: Թուրքիայի կողմից խրախուսվող մարդակերները հաղթեցին մինչեւ վերջերս «լեգալ իրավասություններ» ունեցող մարդակերներին:
Այս առումով հետաքրքիր են Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները սիրիական ճգնաժամի ժամանակ: Այս 10 տարվա ընթացքում երկու երկրները բախվել են «պրոքսի» ուժերի մակարդակով: Բայց նույն ընթացքում, այդ թվում 44- օրյա պատերազմի ժամանակ Պուտինը բազմիցս հաճոյախոսություններ է հնչեցրել Էրդողանի հասցեին, մասնավորապես, անվանելով նրան «հուսալի գործընկեր» եւ «խոսքի տեր»: Հետեւաբար, Թուրքիայի նախագահը Պուտինին ունի առաջարկելու ինչ-որ, ռուսերեն ասած, «պլյուշկաներ»: Արդյոք դրանք բխում են Ռուսաստանի՞ պետական շահերից, թե՞ Պուտինի անձնական շահերից, վաղ թե ուշ հայտնի կդառնա:
Այս համատարած ցինիզմի պայմաններում Հայաստանում կան Ռուսաստանի կամ Արեւմուտքի երկրպագուներ, որոնք անկեղծորեն կարծում են (կամ ձեւ են անում), որ կողմերից մեկը մարմնավորում է համաշխարհային չարիքը, իսկ մյուսը՝ բարոյականության ու արդարության շողշողացող գագաթները: Դա մեր ազգային հին հիվանդությունն է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.12.2024