«Ամերիկայի ձայն». Կիրակի՝ Սիրիայի բռնապետ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո Իսրայելը վերահսկողության տակ է վերցրել Գոլանի բարձունքներում ստեղծված ապառազմականացված բուֆերային գոտին՝ միաժամանակ գրոհելով Դամասկոսի մերձակայքում տեղակայված սպառազինության գործարանները:
Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, թե իր երկիրը մտահոգ է, որ հարևան Սիրիայի սպառազինության մի մասը կարող է հայտնվել հրեական պետությանը վնաս հասցնել ցանկացողների ձեռքում:
«Այդ պատճառով մենք գրոհել ենք ռազմավարական նշանակության սպառազինության ամբարման վայրերը, օրինակ՝ քիմիական զենքի կամ հեռահար հրթիռների պահեստները, որպեսզի դրանք չընկնեն ծայրահեղականների ձեռքը»,- ասել է Սաարը:
Սաարի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ իսրայելական զորքերը գրավել են իսրայելա-սիրիական սահմանի երկայնքով ստեղծված ապառազմականացված բուֆերային գոտին:
Կարդացեք նաև
Իսրայելի վարչապետի խոսքով՝ Թել Ավիվը թույլ չի տա, որ որևէ թշնամական ուժ ամրապնդվի Իսրայելի սահմանին։
Այդուհանդերձ, իսրայելցի վերլուծաբանների մեծ մասի ներկայացմամբ՝ Սիրիայում տեղի ունեցողը Իսրայելը դիտարկում է որպես սիրիացի ժողովրդի ներքին խնդիր, և հույս ունի, որ ապստամբների առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին կկարողանա կապեր ստեղծել Իսրայելի հետ:
«Վստահ եմ, որ Իսրայելն արդեն այդ կապերն ունի Սիրիայի քրդերի հետ։ Նրանք դիմել են Իսրայելի կառավարությանն ու ասել, որ կցանկանային համագործակցել: Քրդերն ու սիրիական Գոլանի բարձունքներում գտնվող դրուզները տարատեսակ ուղերձներ են հղում Իսրայելին, որոնք խաղաղ բնույթի են»,- ասում է Թել Ավիվի համալսարանում քաղաքական իսլամի գծով հետազոտող Դինա Լիսնյանսկին:
Հայտնի է, որ տասնամյակներ շարունակ Իսրայելի և Սիրիայի միջև սահմանն եղել է հրեական պետության ամենից հանգիստ սահմանը՝ 1973 թվականի Յոմ Կիպուրի պատերազմի արդյունքում կնքված համաձայնագրից հետո: Այժմ որոշ դիտորդներ չեն բացառում, որ ալ-Ասադի տապալումից հետո ստեղծվող նոր իրավիճակը կարող է ի վերջո հանգեցնել Իսրայելի և Սիրիայի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը:
«Փորձում եմ ավելի լավ հասկանալ, թե արդյոք ժողովուրդը և Սիրիան, հնարավոր է, պատրաստ են օգնություն ստանալ Իսրայելից, գուցե առևտուր անել Իսրայելի հետ: Կարծում եմ՝ դրա համար դեռ վաղ է: Համաձայն չեմ ժողովրդի կեսի և համաձայն եմ մյուս կեսի հետ, որ [այս ամենի արդյունքում] Իսրայելը հանդես է գալիս որպես տարածաշրջանային գերտերություն, հենց հիմա, գոնե ռազմական առումով»,- ասում է սիրիացի վերլուծաբան Հազեմ Ալղաբրան:
Իսրայելում, սակայն, ուշադիր են մեկ այլ զարգացման առնչությամբ, թե Իրանը ինչպես կարձագանքի Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին։ Իսրայելցի դիտորդների կարծիքով՝ Թեհրանը թուլացել է հարավային Լիբանանում «Հեզբոլլահի» փաստացի պարտության և Սիրիայում ալ-Ասադների ռեժիմի տապալման արդյունքում:
Սակայն Թել Ավիվում նաև անհանգիստ են, որովետև չեն բացառում, որ ի պատասխան՝ Իրանը կարող է առաջ մղել իր միջուկային ծրագիրը, ինչը կարող է պատճառ դառնալ, որ Իսրայելն, ի վերջո, գրոհի իսլամական հանրապետությունը: