Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության գեներալ-մայոր. «Հենց ռուսական բանակը դուրս եկավ, Թուրքիան սկսելու է Հայաստանի հետ սահմանագծման աշխատանքներ»

Դեկտեմբեր 10,2024 21:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Սիրիայի անկմանը եւ Հայաստանի ապագային, ասաց. «Որ Սիրիա պետությունը կործանվեց եւ աշխարհի քարտեզից կվերանա, ակնհայտ է բոլորի համար: Բայց հանրության ուշադրությունը որքան էլ պահենք Սիրիայի ուղղությամբ, մենք պետք է մտածենք մեր երկրի մասին: Էրդողանը արդեն պաշտոնապես հայտարարեց, որ Սիրիայից հետո, կարելի է ասել, ամբողջ ներուժը ուղղելու են դեպի Հարավային Կովկաս եւ առաջին հերթին Հայաստան: Նա իրեն թույլ տվեց ասել, որ արդեն անցնելու է Հայաստանի տարածքում միջանցքի հարցի քննարկմանը:

Շատերը կարծում են, թե այդ միջանցքը կարող է սկսվել Մեղրիից, Սիսիանից, Գորիսից կամ Կապանի հատվածից: Բայց այդ շատերը չեն նկատում, թե Ադրբեջանը եւ Թուրքիան ինչ ուժեր են կենտրոնացնում Ջերմուկի եւ Վայոց Ձորի հատվածում: Կարելի է ասել, որ բավականին լուրջ տեղեկություններ կան, որ գործողություններն սկսվելու են հենց Երասխի հատվածից: Մենք հիշողությունը կորցրել ենք: Մենք մոռացել ենք Գորիս-Կապան 21 կիլոմետրանոց ճանապարհը, որտեղ, իբրեւ, թույլատրելու էին հայկական մեքենաների անցումը: Բայց տեսանք, որ դա բացարձակապես անհնար է եւ այդ ճանապարհն անցավ Ադրբեջանին հենց Նիկոլ Փաշինյանի, Մհեր Գրիգորյանի եւ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի թեթեւ ձեռքով: Հենց Վաղարշակ Հարությունյանն է ստորագրել այդ փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ:

Հիմա վտանգն սկսվելու է Երասխից ու ոչ միայն Տիգրանաշենի հատվածից: Եթե ընդունենք, որ մայրուղու հատվածով Երասխից մինչեւ Երեւան 60 կմ է, ապա ուղիղ ճանապարհով դա 40-45 կմ է: Միամիտ մարդիկ, հայրենիք ու հող չհասկացող, սրբություն չունեցող մասսան պետք է գիտակցեն, որ իրենց փրկություն չի լինելու: Ոչ մեկին փրկություն չի լինելու:

Սիրիայում ահաբեկչական խմբավորումը եկավ իշխանության: Իշխանություն, որի առաջնորդը գործնականում ահաբեկիչ է եղել,  Ամերիկայի, Եվրոպայի, Մեծ Բրիտանիայի կողմից գնահատվել է որպես ահաբեկիչ, հիմա ստանալով այդ նույն երկրների աջակցությունը, կարողացավ իշխանությունը զավթել Սիրիայում:

Սիրիան որպես պետություն արդեն գոյություն չունի եւ նրա տարածքները կսկսեն զավթել տարբեր պետություններ, տարբեր ուժեր: Առաջնահերթ դերակատարությունը, բնականաբար, ունի Թուրքիան, որն անպայման տարածքներ կգրավի մինչեւ Հալեպ:

Իսրայելն արդեն սկսեց հարձակումները Սիրայի տարածքում եւ արդեն գրեթե 30-40 կմ հեռավորության վրա է Դամասկոսից: Հետեւաբար, ամեն մեկը իր տարածքը վերցնելու է: Այսինքն, եթե ընկնում է պետությունը, յուրաքանչյուրը փորձում է իր համար շահավետ տարածքներ գրավել: Նաեւ 40-60 միլիոն բնակչություն ունեցող քրդական աշխարհը, հավանական է, որ կկարողանա օգտվել այս իրավիճակից եւ ինքնավարություն կամ ինքնուրույն պետություն ստեղծել նույն Սիրիայի տարածքում:

Եթե համեմատական անցկացնենք Հայաստանի հետ, տեսեք ինչ է կատարվում: Հայաստանում իշխանությունը երկիրը հասցրել է մինչեւ վերջ կործանման, կազմաքանդել է Հայոց Բանակը, սահմանային ամրագրումներ գործնականում չկան: Կարծեմ երեկ Իսրայելը հայտարարեց, որ Սիրիայի հետ սահմանագծման, սահմանազատման պայմանագիրը դադարում է գոյություն ունենալ: Հետեւաբար, իրենց խաղաղության պայմանագիրը չկա եւ հիմա նոր սահմանագծում, սահմանազատում պետք է իրականացվի:

Տավուշում իրականացված Հայաստանի հետ սահմանազատման աշխատանքները  սառեցվել են Ադրբեջանի եւ Թուրքիայի նախաձեռնությամբ: Թուրքիան շատ լավ գիտի, որ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնում է ՀԱՊԿ-ից դուրս գալ, ինչը նշանակում է ռուսական բանակի, ռուս սահմանապահների դուրս բերում Հայաստանի տարածքից, ինչը մասնակիորեն արդեն արվել է: Առիթ ունեցել եմ ասելու. չկարծեք, որ համաձայնելու է Սովետական Միության սահմաններով ճանաչել Հայաստանի սահմանները: Հենց ռուսական բանակը դուրս եկավ, Թուրքիան սկսելու է Հայաստանի հետ սահմանագծման աշխատանքներ»,-ասաց Թաթուլ Պետրոսյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031