Լրահոս
Օրվա լրահոսը

Թրանսփարենսի Ինթերնեշնլի նոր հետազոտությունը կարևորում է պաշտպանության ոլորտում թափանցիկության անհրաժեշտությունը

Դեկտեմբեր 10,2024 18:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թրանսփարենսի Ինթերնեշնլի «Պաշտպանություն և անվտանգություն» ծրագրի  (Transparency International Defence & Security)  «Բացելով տեղեկատվությունը․ հավասարակշռելով ազգային անվտանգությունն ու  թափանցիկությունը պաշտպանության ոլորտում» զեկույցն ուսումնասիրում է պաշտպանության ոլորտում թափանցիկության մարտահրավերներն ամբողջ աշխարհում: Զեկույցը տեղեկացնում է, որ ռազմական ծախսերը հասել են ռեկորդային $2.4 տրիլիոնի, ինչն ընդգծում է տեղեկատվության հասանելիության բարելավման հրատապությունը կոռուպցիայի դեմ պայքարելու, հաշվետվողականությունը խթանելու և քաղաքացիական մասնակցությունը ամրապնդելու համար։

Հենվելով Հայաստանի, Գվատեմալայի, Մալայզիայի, Նիգերի և Թունիսի ուսումնասիրությունների վրա՝ զեկույցն առանձնացնում է թափանցիկության մարտահրավերները և լավ փորձը պաշտպանության բյուջեների, գնումների և քաղաքական գործընթացներում։ Երկրները գտնվում են տարբեր փուլերում պաշտպանության ոլորտում տեղեկատվության հասանելիության զարգացման առումով և բախվում են մի շարք խնդիրների, այդ թվում՝ հակամարտություններից բխող գաղտնիության, ժողովրդավարության անկման և կանգ առած բարեփոխումների։

Համաձայն վերլուծության՝ թեև միջազգային կառույցներն առաջարկում են թափանցիկության ապահովման ուղենիշներ, դրանց իրականացումը թերի է։

Թափանցիկության այս պակասը մեծացնում է կոռուպցիայի, միջոցների անարդյունավետ օգտագործման ռիսկերը և խորացնում է քաղաքացիներին պաշտպանելու համար պատասխանատու հաստատությունների հանդեպ հանրային անվստահությունը։

Հայաստանը տարիներ շարունակ պաշտպանության նպատակով կատարել է մեծ ծախսեր՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ տասնամյակներ ձգվող հակամարտությամբ, որն ավարտվեց Հայաստանի համար նշանակալի կորուստներով։

Թեև 2003 թվականին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը երաշխավորում է տեղեկատվության հասանելիությունը, այն զգալիորեն սահմանափակվել է 2024 թվականին ուժի մեջ մտած «Պետական գաղտնիքների մասին» օրենքով, որը գրեթե ամբողջությամբ արգելում է պաշտպանության ծախսերի վերաբերյալ տվյալների հրապարակումը։

Զեկույցը ներառում է մի շարք առանցքային առաջարկներ՝ կոչ անելով երկրներին

  1. Կիրառել հավասարակշռման թեստեր՝ օրենսդրությամբ նախատեսելով հանրային շահի և տեղեկատվության տրամադրման հետևանքով հնարավոր վնասի համադրման պահանջ` նախքան տեղեկատվության տրամադրումը մերժելը։
  2. Ապահովել պրոակտիվ հասանելիություն՝ կանոնավոր և պրոակտիվ եղանակով հրապարակելով պաշտպանության բյուջեները, գնումների պլանները և ֆինանսական արդյունքները՝ ապահովելու հաշվետվողականությունը։
  3. Երաշխավորել անկախ վերահսկողություն՝ ստեղծելով մարմիններ, որոնք կդիտարկեն և կլուծեն տեղեկատվության հասանելիությանն առնչվող վեճերը։
  4. Ներգրավել քաղաքացիական հասարակությանը՝ հնարավորություն տալով կազմակերպություններին ներդրում ունենալու և վերահսկելու պաշտպանության պլանավորման և քաղաքականության իրականացման գործընթացները։

Հայաստանի համար առաջ են քաշվել հետևյալ առաջարկները՝

  1. Ջատագովել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի բարեփոխում, որպեսզի կիրառվեն վնասի և հանրային շահի թեստեր՝ որոշելու, թե արդյոք տեղեկատվությունը պետք է գաղտնի պահվի, փոխանակ ապավինելու պետական գաղտնիքի մասին նոր օրենքում նշված բացարձակ սահմանումներին: «Տեղեկատվության ազատության մասին»  ՀՀ օրենքը պետք է գերակա լինի  տեղեկությունների հասանելիությանը վերաբերելի ցանկացած այլ, այդ թվում՝ պետական գաղտնիքի մասին օրենքի նկատմամբ:
  2. Ջատագովել պետական գաղտնիքի մասին օրենքի բարեփոխումը, հատկապես՝ վերացնելու գաղտնի/գաղտնագրված տեղեկատվության բացարձակ սահմանումը և հետևելու Ցվանեի սկզբունքներին: Օրենքի յուրահատկությունը հաշվի առնելով՝ քիչ հավանական է, որ պետական մարմինները պաշտպանությանն առնչվող տեղեկությունները հրապարակեն  առանց իրավական բարեփոխումների: Նաև խորհուրդ է տրվում վերացնել կամ վերանայել «սահմանափակ տարածման» դասակարգումը և նախատեսել գաղտնագրված տեղեկությունների պահպանման առավելագույն ժամկետ։
  3. Շարունակել տեղեկատվության ազատության ապահովման համար անկախ բողոքարկման/վերահսկող մարմնի ստեղծմանն ուղղված ջատագովությունը: Այս մարմինն առնվազն պետք է ունենա առչվող օրենքների շրջանակի հստակեցմանն ուղղված որոշումներ կայացնելու և տեղեկատվության ազատության իրավակիրառ պրակտիկայի թերացումները բացահայտելու իրավասություն։ Լավագույն դեպքում, այդ մարմինը պետք է իրավասություն ունենա պահանջելու տեղեկատվության հրապարակում և իրականացնելու հետաքննություն։
  4. Ջատագովել պաշտպանության և անվտանգության հարցերի հանրային վերահսկողության հարթակի վերագործարկումը, որը թույլ կտա քաղաքացիական հասարակության դերակատարներին ներդրում ունենալ ազգային պաշտպանության վերաբերյալ քննարկումներում, պաշտպանության ռազմավարությունների մշակման և քաղաքականությունների իրականացման գործում:

Զեկույցը մշակվել է ԹԻՀԿ-ի մասնակցությամբ և հասանելի է այստեղ։

Զեկույցի հեղինակները  իրենց երախտագիտությունն են հայտնել նաև  հայաստանյան փորձագետներ Արթուր Սաքունցին, Գենյա Պետրոսյանին և Էդգար Խաչատրյանին զեկույցի մշակման գործում կարևոր ներդրման համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031