Սեդան և Սաշան ապրում են Իջևանում: Նախկինում էներգաարդյունավետության մասին լսել էին միայն հեռուստատեսությամբ և չէին պատկերացնում իրական կյանքում այն ինչպես է դրսևորվում:
Սակայն երբ նրանց շենքում մարդիկ սկսեցին խոսել, որ, ուր որ է, ջերմաարդիականացումը հասնելու է նաև իրենց, սկսեցին հարցուփորձ անել՝ հասկանալու, թե ինչ օգուտ են իրենք դրանից ունենալու:
«Սպասում էինք, որ ունենալու ենք տաք տուն, քիչ ջերմային կորուստներ: Ավելի հարմարավետ ենք ապրելու և կարիք չի լինելու տան որոշ սենյակներ հավելյալ ջեռուցելու, օրինակ՝ ննջարանը կամ լոգասենյակը…», – ասում է Սաշա Գևորգյանը:
Իջևանի Անկախության 23 հասցեի շենքը, որտեղ ապրում են ամուսինները, ամբողջովին ջերմաարդիականցվել է պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ համայնքի, պետության և «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի համագործակցության շնորհիվ:
Բնակելի շենքերի ամբողջական ջերմաարդիականացման դեպքում Երևանում և ՀՀ մարզերում իրականացվում է բնակելի շենքերի արտաքին պատերի, տանիքի և նկուղի ծածկերի ամբողջական ջերմամեկուսացում, ընդհանուր օգտագործման տարածքներում էներգաարդյունավետ դռների և պատուհանների տեղադրում կամ փոխարինում, էներգաարդյունավետ լուսավորման համակարգի ներդնում։
Հասարակական շենքերում էլ այս բոլոր միջոցառումներին ավելանում է նաև ջեռուցման համակարգերի փոխարինումը, ջերմամատակարարման ցանցի արդիականացումը, արդյունավետ օդափոխության համակարգերի ներդրումն, ինչպես նաև տանիքային արևային ֆոտովոլտային և ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրումը։
Մեր զրուցակիցների համար շոշափելի է էներգաարդյունավետ արդիականացումը, նրանք հետևել են շենքում ընթացող վերանորոգման աշխատանքներին, աչքի տակով նաև հսկել, որ ամեն ինչ որակով ու պատշաճ արվի:
«Հիմա ամռանն օդորակիչ չենք միացնում, ձմռանն էլեկտրական տաքացուցիչը միացնում ենք ընդամենը մի քանի ժամ: Եթե նախկինում ձմռանն էլեկտրաէներգիայի համար 12-13 հազար դրամ էինք վճարում, ապա հիմա 7 հազար ենք ծախսում։ Մեզ համար էլ է լավ, շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից էլ է լավ», – ասում է Սաշան:
Նրանց բնակարանում ավելի հզոր ջեռուցման սարքերի կարիք չկա, քանի որ առկա տաքացուցիչը լիովին բավարար է: Շենքում տաք է՝ ջերմամեկուսացված պատերի, ինչպես նաև մուտքի փոխված դռան և պատուհանների շնորհիվ:
«Մենք էլ ենք կարծես փոխվել, ավելի ուշադիր ենք դարձել էլեկտրաէներգիայի ծախսին, եթե կարիք չունենք, անիմաստ չենք միացնում հեռուստացույցը, սենյակների լույսերը, հետևում ենք մեր ամսական վճարումներին, որ հասկանանք՝ որքան են կրճատվել: Ավելացած գումարը ծախսում ենք սննդի և դեղորայքի վրա», -ասում է Սաշան:
Նա սրտացավ է շենքի համար, ուզում է, որ արված աշխատանքը երկար ծառայի: Բնակիչներին հորդորում է մուտքի դուռը փակ պահել, որպեսզի տաքությունը տարածքում մնա, արտաքին պատերը չվնասվեն և այլն:
«Ընդհանուր առմամբ, գոհ ենք կատարված աշխատանքներից: Շատ լավ կլիներ, եթե բոլոր շենքերն այսպիսին դառնային, մարդիկ գումար քիչ կծախսեին, տաք ձմեռ կանցկացնեին…», – նշում է նա:
Սաշայի կնոջ՝ Սեդայի խոսքով՝ միայնակ ամուսինների համար, որոնք չեն աշխատում և իրենց կարիքները հոգում են կենսաթոշակով, ֆինանսական բեռը թեթևանում է. «Մյուս կողմից՝ մեր շենքում բնակարանների գինը բարձրացել է: Եթե երկու սենյականոցն արժեր 25 հազար դոլար, ապա հիմա 40 հազար է: Հայտարարությունը տեղադրում ես, մի քանի օրում տունը վաճառվում է: Սա ամենաքիչ էներգիա ծախսող շենքն է»:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրով կարող է համաֆինանսավորվել մի ամբողջ բնակելի շենքի ջերմաարդիականացման միջոցառումների 25%-ը։ Մնացած 75%-ը շենքի բնակիչները կարող են ներգրավել այլ աղբյուրներից։
Ծրագրի շրջաններում ստեղծված www.mershenq.am կայքում կա հաշվող գործիք, յուրաքանչյուր բնակիչ կարող է իմանալ, թե որքան գումար է խնայում՝ իր բնակարանն էներգաարդյունավետ դարձնելու միջոցով։ Պարզ հաշվիչի օգնությամբ կարելի է տեսնել բնակարանն էներգաարդյունավետ դարձնելուց առաջ և հետո կոմունալ ծախսերի համեմատությունը (էլեկտրաէներգիա, գազ) և խնայած գումարի չափը։
էներգաարդյունավետ վերանորոգման այլ հնարավորություններ
Էներգաարդյունավետ վերանորոգման հնարավորություններից մեկն անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրն է։
Դրա շրջանակում պետությունը սուբսիդավորում է շահառուներին տրամադրվող վարկերի տոկոսներն՝ ըստ բնակավայրի․ սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայր՝ 14%-ով, ոչ սահմանամերձ գյուղական բնակավայր՝ 12%-ով, ոչ սահմանամերձ քաղաքային բնակավայր՝ 11%-ով, Երևան՝ 9%-ով:
«Ծրագրի նախաձեռնման փուլում կանխատեսվում էր մինչև 400-2,000 շահառուի մասնակցություն, սակայն 2024թ․-ի հոկտեմբեր ամսվա դրությամբ շահառուների թիվը շուրջ 17,000 է», – հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Էներգետիկայի վարչությունից:
«Ծրագիրը թույլ է տալիս նաև արևային համակարգերի (ջրատաքացուցիչ, ֆոտովոլտային) ձեռքբերում և տեղադրում, ինչը ևս համարվում է էներգաարդունավետության չափանիշներին համապատասխանող միջոցառում (ծրագրի շրջանակներում բարձր տոկոս են կազմում)», – տեղեկացնում է վարչությունը։
Ծրագրի ավարտը նախատեսված է 2025թ․-ի հուլիսի 1-ին։
Էներգաարդյունավետ վերանորոգմանն ուղղված այլ ծրագրեր էլ են գործում, դրանցից են Ազգային հիփոթեքային ընկերության «Ջերմ օջախը» և «Իմ տանիքը»։
Նորա Վանյան