Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ. «Վստահ եմ, որ եկող տարի մարզերում գրանցելու ենք շինարարության աճի մեծ տեմպեր»

Դեկտեմբեր 10,2024 18:01

Այսօր կայացավ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ տարեկան ժողովը, որի ընթացքում ներկայացվեց ասոցիացիայի տարեկան հաշվետվությունը, քննարկվեցին պետություն-բիզնես երկխոսության խորացման, ոլորտում առկա խնդիրների ու դրանց լուծմանը միտված առաջարկների վերաբերյալ խնդիրներ: Ձեւավորվեց նաեւ Ասոցիացիայի խորհրդի նոր կազմ:

Քննարկումների հիմնական թեմաներից մեկը Երեւանում ահռելի թափով ընթացող շենք-շինությունների ու ամբողջական բնակելի թաղամասերի շինարարությունն էր: «Հուսով եմ՝ կառուցապատողները կիսում են այն պատկերացումը, որ պետք է կառուցեն ոչ թե զուտ շենք, այլ միջավայր՝ բոլոր ենթակառուցվածքներով, կրթական, առողջապահական հաստատություններով, կանաչ տարածքներով։ Քաղաքաշինական միջավայր ձևավորելու մտածելակերպը պետք է լինի կառուցապատման առաջիկա ծրագրերի հիմքում»,-ընդգծեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահը

Aravot.am-ը զրուցեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի հետ:

-Որքանո՞վ է արդարացված Երեւանում այս տեմպերով բնակելի շենքերի եւ ամբողջ թաղամասերի կառուցումը:

-Բնական է, որ պետք է սկսվեր Երեւանից: Պետք է Երեւանում կառուցապատումը զարգանար եւ տարածվեր դեպի մարզեր: Հիմա կարող եմ ասել, եւ մենք ունենք վիճակագրություն, որ շատ մեծ տեմպերով կառուցապատումը ծավալվում է նաեւ մարզերում, մասնավորապես, երեւանամերձ մարզերում՝ Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում եւ այլուր: Հիմա Լոռիում ենք ստանում կառուցապատման ներդրումային տարբեր առաջարկներ: Վստահ եմ, որ եկող տարի մարզերում գրանցելու ենք շինարարության աճի մեծ տեմպեր:

-Այսօրվա քննարկման ժամանակ բավականին շատ խոսվեց պետություն-մասնավոր համագործակցությունից, որտեղ հաճախ պետությունը կախված է լինում մասնավորի ծառայությունների որակից: Հետաքրքիր է իմանալ, երբ բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի շինարարության թույլտվությունը տալիս են, այդ շենք-շինությունների սպասարկումն իրականացնելու նպատակով մասնավորի հետ նախապես համաձայնեցվո՞ւմ են պայմանները եւ ժամկետները:

-Նախ ասեմ, որ շինթույլտվություններ տրամադրելը քաղաքապետարանի գործառույթների ոլորտում է: Բայց գիտեմ, որ համապատասխան ընթացակարգերով այդ ամենը՝ միացման հնարավորությունները, միացման կետերը եւ հետագիծը, որտեղով պետք է անցնի, նախնական փուլում նախապես համաձայնեցվում է բոլոր մատակարար կազմակերպությունների հետ:

-Երբ կառուցապատման թույլտվությունը տալիս են, ասենք, բնակելի թաղամասի, որտեղ սկզբնական նախագծում սահմանված է, որ, պայմանականորեն, պետք է կառուցվի 12 հարկանի հինգ շենք, շինարարության ընթացքում պատկան մարմինները հետեւո՞ւմ են, որ հինգ շենքը չդառնա վեց կամ յոթ, որ 12 հարկը չդառնա 16, 18 կամ 20 հարկ: Նման օրինակներ կա՞ն:

-Միանշանակ կարող եմ պնդել, որ եթե բնակելի թաղամասում շինթույլտվությունը տրված է այդ պայմանական հինգ շենքերի համար, ապա պետք է կառուցվի հինգ շենք: Հիմա օրենսդրական մակարդակով ուղղակի արգելված է չհաշվառված ինքնակամ անօրինական կառույցների շինարարությունը: Եվ այդպիսի կառույցները չեն կարող օրինականացվել: Հետեւաբար, կառուցապատողը նպատակ չի կարող հետապնդել կառուցելու մի բան, որը չի կարողանալու հետագայում օրինականացնել:

Հարկերի բարձրացում կամ այլ հարակից տարածքներում կառուցապատման համար պետք է սահմանված ընթացակարգով անցնի բոլոր այդ համաձայնեցումները, ստանա շինթույլտվություն, նոր իրականացնի կառուցապատում:

-Իսկ եթե, այնուամենայնիվ, կառուցել է, ի՞նչ է լինելու հետագայում:

-Չի կարողանալու որեւէ կերպ շահագործել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031