Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Խաչատրյան. «Արցախի մեր հայրենակիցները պետք է լիարժեքորեն օգտվեն բոլոր այն հնարավորություններից, որոնք հասու են ՀՀ քաղաքացիների համար»

Դեկտեմբեր 10,2024 17:45

«Դեռեւս սեպտեմբեր ամսին ԱԺ պատգամավորների 25%-ով՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներից, դիմեցին պահանջելով ստեղծել քննիչ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսագործունեությունը Հայաստանի Հանրապետությունում, այսինքն` ինչպես են տեղավորվել մարդիկ Հայաստանում, ինչ դժվարությունների առաջ են կանգնած» ,- Արցախցիների սոցիալ-տնտեսական վիճակը քննող հանձնաժողովի անդրանիկ նիստին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նա շեշտեց, որ նիստի օրը պատահական չի ընտրվել. 1991թ դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը հանրաքվեով ամրագրել էր անկախ պետություն ունենալու իր իրավունքը:

Արթուր Խաչատրյանը հավելեց. «Գիտեք, որ քաղաքական մեծամասնությունը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չքվեարկեց եւ չհաստատեց այս հանձնաժողովի կազմը: Հիմա Հայաստանի օրենսդրությամբ կա որոշակի բաց՝ հանձնաժողովն ունի նախագահ, որը ես եմ, բայց քանի որ քաղաքական մեծամասնությունը չքվեարկեց կազմը հաստատելու օգտին, փաստորեն այլ անդամներ չունենք: Հետևաբար` կանգնած ենք մի իրավական կազուսի առաջ, որ նրանք, ովքեր այստեղ ներկա են եւ էլի մի քանի հոգի, ովքեր մեր երկու խմբակցություններից ցանկություն են հայտնել մասնակցել այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, փաստորեն հասարակական հիմունքներով են:

Մենք որոշում կայացնել չենք կարող, որեւէ մարդու հրավիրել չենք կարող, այսինքն` կարող ենք հրավիրել՝ զուտ որպես անհատ պատգամավորների, ինչպես մեր գործընկերներ Աննա Գրիգորյանը եւ Էլինար Վարդանյանն արել էին քաղաքացիության խնդիրներով: Բայց մենք կաշխատենք, դա աշխատանքի որակի վրա, հուսամ, չի ազդի, եւ գործադիրի ներկայացուցիչները, ում հետ մենք հարցեր ունենանք, կհարգեն անհատ պատգամավորների դիմումները եւ կգան, եթե մենք կարիք ունենանք իրենց հարցեր ուղղելու, նաեւ մեր գրավոր հարցերին կպատասխանեն»:

Պատգամավորը հավելեց, որ առաջիկայում կներկայացնեն առաջարկություններ, որոնք միտված են լինելու մեր հայրենակիցների կենսագործունեությունը Հայաստանի Հանրապետությունում ավելի բարենպաստ դարձնելուն, կորոշեն ուղղությունները, որոնցով պետք է աշխատեն. «Մարդիկ պետք է կարողանան ռեալ ապրեն, աշխատեն, երեխաները գնան դպրոց, Արցախի մեր հայրենակիցները լիարժեքորեն օգտվեն բոլոր այն հնարավորություններից, որոնք հասու են ՀՀ քաղաքացիների համար»:

Ի թիվս այլնի, Արթուր Խաչատրյանը նշեց, որ ամենաառաջնային Արցախի մեր հայրենակիցների քաղաքացիության խնդիրն է, որից կախված այլ խնդիրներ էլ կան՝ կենսաթոշակայինից մինչեւ գույք:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031