Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիտասարդական աշխատողները դառնում են մեր դեսպանները, քաղաքականության կրողները». Ժաննա Անդրեասյան

Դեկտեմբեր 10,2024 17:33

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն այսօր մասնակցել են «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի ավարտական միջոցառմանը։

Դասընթացն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ կողմից՝ UNICEF Armenia – Յունիսեֆ Հայաստանի հետ համագործակցությամբ։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը և այլք:

Ողջունելով ծրագրի մասնակիցներին և շնորհավորելով մասնակցության առթիվ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է ընդհանուր օրակարգի շուրջ համատեղ իրականացվող աշխատանքը: Նախարարի գնահատմամբ՝ համատեղ աշխատանքի կարևոր արդյունքներից է նաև բոլորովին վերջերս ՀՀ կառավարության կողմից «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի ընդունումը, որը հաջորդիվ կքննարկվի նաև ԱԺ-ում։

«Սա, թերևս, մեր ամենամասնակցային մշակված օրենսդրական նախաձեռնություններից մեկն է, որն արտացոլում է մեր ընդհանուր օրակարգը: Ուրախ եմ, որ այս օրենսդրական նախաձեռնությունը հետաքրքրություն է առաջացրել նաև միջազգային գործընկերների շրջանում, որոնք փորձում են ուսումնասիրել Հայաստանի փորձն այս առումով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով Ազգային ժողովում առաջիկայում կայանալիք հանրային լսումները երիտասարդական քաղաքականության շուրջ:

Նախարարն օրենքի նախագծում կարևորել է մասնավորապես երիտասարդական աշխատողի ու երիտասարդական աշխատանքի գաղափարն ինստիտուցիոնալ շրջանակի մեջ դնելու հանգամանքը. «Սա, իսկապես, կարևոր է, որովհետև երիտասարդության ոլորտում աշխատանքը պահանջում է հատուկ հմտություններ, կարողություններ, գիտելիք. այն ամենը, ինչը նաև վերապատրաստման ծրագրի մասն էր, և վստահ եմ, որ դրանով իսկ մենք կկարողանանք շատ ավելի մեծ չափով օգտագործել տարբեր երիտասարդական կազմակերպությունների ներուժը»:

Շնորհավորելով դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է այն պատասխանատվությունը, որով նրանք շարունակելու են որակյալ աշխատանքը և ուղենիշ են դառնալու նաև ոլորտի մյուս աշխատողների համար. «Վստահ եմ՝ երիտասարդական աշխատողներն ինչ-որ առումով դառնում են մեր դեսպանները, քաղաքականության կրողները և նաև նպաստում են բոլոր խնդիրների կարգավորմանը, օրակարգերի առաջմղմանը»:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է՝ այս տարվա դասընթացին ավելի մեծ ակտիվությամբ մասնակցել են հենց երիտասարդական կենտրոնների աշխատակիցները:

«ՀՀ կառավարությունն առանձին քաղաքականություն է վարում մարզերում երիտասարդական կենտրոնների զարգացման ուղղությամբ, բայց խոսքը ոչ միայն հագեցված միջավայրի ու գույքի մասին է, այլև՝ աշխատանքի, որը պետք է արվի որակյալ աշխատակազմի կողմից»,- ընդգծել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակին արդյունավետ համագործակցության համար:

ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը ևս ողջունել է ներկաներին և կարևորել երիտասարդների համար անհրաժեշտ պայմանների ապահովումը. «Շատ կարևոր է, որ դեռահասներն ու երիտասարդները համայնքներում ունենան իրենց անկյունը: Ապահով և երիտասարդահեն մի վայր, որտեղ նրանք կարող են հանդիպել և զբաղվել կրթական գործունեությամբ, զվարճանալ և ինքնաարտահայտվել, ինչպես նաև աշխատել համատեղ նախագծերի վրա՝ հօգուտ իրենց համայնքի զարգացման: Որպեսզի դա տեղի ունենա, բացի ֆիզիկական վայրից, նրանց պետք են բանիմաց երիտասարդական աշխատողներ, որոնք կաջակցեն դեռահասների և երիտասարդների զարգացմանը, ինչպես նաև հնարավոր կդարձնեն վերջիններիս մասնակցությունն իրենց վերաբերող համայնքային որոշումներին և գործընթացներին»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ևս շնորհավորել է դասընթացի մասնակիցներին, անդրադարձել ՀՀ մարզերում գործող երիտասարդական կենտրոններին, ինչպես նաև «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի մշակման մասնակցային գործընթացին:

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացն իրականացվել է կարճաժամկետ ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով, որի նպատակն է կատարելագործել երիտասարդների հետ պրակտիկ աշխատանք կատարող անձանց մասնագիտական և անձնային որակները՝ ազգային և ՏԻՄ մակարդակում որակյալ և գիտելիքահեն երիտասարդական աշխատանք իրականացնելու համար։

Ծրագրի շրջանակում իրականացվել է եռափուլ դասընթաց, որին ընտրվել և մասնակցել է երիտասարդական աշխատանքով զբաղվող կամ երիտասարդության հարցերին առնչվող գործառույթներ ունեցող 24 ներկայացուցիչ պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից, ՔՀԿ-ներից և Հայաստանում գործող տարբեր երիտասարդական կենտրոններից։

Որպես դասընթացավարներ հանդես են եկել ՀՀ-ում երիտասարդության դաշտում բազմաթիվ տարիների աշխատանքային փորձառություն ունեցող, ինչպես նաև իրենց մասնագիտական կրթության ոլորտում կայացած մասնագետները։ Մասնակիցների համար միաժամանակ կազմակերպվել է ուսումնաճանաչողական այց Ապարանի «ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոն ու ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառի՝ ԵՆԿ ՀԿ-ի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031