Արցախի ԱԺ պատգամավոր Աշոտ Դանիելյանն այսօր մեծ ակնկալիքներ չունի միջազգային հանրությունից:
«Սպասելիքներն այս պահին այդքան էլ շատ չեն: Որովհետեւ, երբ մենք Արցախում էինք, Ազգային ժողովը հայտարարություններ արել է, թե ինչպիսի իրավիճակ է, ու միջազգային հանրությունը դա պետք է ընդուներ: Ցավոք սրտի, չեղավ դա, բայց երեւի դա ավելի շատ կախված էր ՀՀ իշխանությունների դիրքորոշումից»,- այսօր Արցախի Սահմանադրության եւ անկախության հանրաքվեի օրվա առթիվ Արցախի Ազգային ժողովի պատգամավորների կողմից հրավիրված արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտ Դանիելյանը:
Հիշեցնենք, որ Արցախի Ազգային ժողովն այսօր հրավիրել էր արտահերթ նիստ՝ 1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեի և 2006 թվականին Սահմանադրության ընդունման կապակցությամբ։ Կոչ է ընդունվել ՄԱԿ-ի անդամ երկրներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ճանաչել Արցախի անկախությունը և նրա Սահմանադրությունը։
«ՀՀ իշխանություններն այսօր փորձում են Արցախի մասին ամեն ինչ մոռացության տալ, բայց չի կարելի մոռանալ, որ 1991-ին, երբ սովետական միությունը փլուզվում էր, սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ մարզային խորհուրդը եւ Շահումյանի շրջանային խորհուրդը անկախության հռչակագրի որոշում ընդունեցին ու դրան հետեւեց դեկտեմբերի 10-ի հանրաքվեն, որին մասնակցել են մոտ 110.000 արցախցիներ ու միաձայն «այո» ասել անկախությանը: Պետք է հիշենք, որ երկու տասնյակ միջազգային դիտորդներ կային Արցախում, որոնք միայն արձանագրեցին, որ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ դուրս եկան ու «այո» ասացին անկախությանը ու այդ օրը ունեցանք 10 քաղաքացիական զոհ: Այսօր, որ ՀՀ իշխանությունները փորձում են սա մոռացության տալ, չի ստացվելու»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ