«Ուզում եմ իմ սատարումը հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր 2018 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո հայտնվեցին իշխանությունների քաղաքական հետապնդումների, հալածանքների թիրախում։ Այդ հետապնդումները տարբեր բնույթի էին, անձամբ ես այդ քաղաքական հետապնդումների ամբողջ ներկապնակն անցա՝ բռնություններ, հալածանքներ, հետապնդումներ, բանտարկություն»,- այսօր «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը։
Նրա խոսքով՝ կալանքը որպես պատժի միջոց է օգտագործվում այսօրվա իշխանությունների կողմից․ «Հատկապես այս վերջին դատախազուհու օրոք կալանքը շատ տարածված մեթոդ է։ ՄԻՊ-ն էլ, քանի որ հանդիսանում է դատախազուհու ընկերուհին, ակտիվորեն աչքերը փակում է այդ ամենի առաջ։ Ինձ մոտ տպավորություն է, որ աշխարհի բոլոր կենդանիներից մեր ՄԻՊ-ն ամենաշատը չի սիրում մարդուն»։
Նա անդրադարձավ նաեւ ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեպքին։ Հարցին՝ Հովիկ Աղազարյանը կարո՞ղ է քաղբանտարկյալ համարվել, նա պատասխանեց․ «Ինձ համար կա հետեւյալ բաժանումը՝ պատժված ուսապարկեր եւ քաղաքական հալածյալներ։ Թող հանրություն ինքն իր համար մտածի, թե որ մարդն ինչ կատեգորիայի է պատկանում։ Կա ուսապարկ, որը չի անում իր անմիջական ղեկավարի, իր իսկ կողմից հռչակված Հիսուս Քրիստոսի, իսկ մեր կողմից՝ թուրքական իշխանության հրահանգները, դրա համար պատժվում է։ Ես չեմ կարծում, որ հանրությունը լիարժեք աջակցություն կցուցաբերի այն մարդկանց, ովքեր Նիկոլ Փաշինյանին տեսնում են, կռանում են, հետո ինչ-որ հարցում չեն գալիս համաձայնության, փորձում են քաղհալածյալների ցուցակի մեջ մտնել։ Հովիկ Աղազարյանն իր մեղքերի համար, ենթադրում եմ, կգնա դժոխք։ Բայց եկեք հասկանանք, եթե Հովիկ Աղազարյանը պայքարում է, մենք ունենում ենք մեկ հատ մինուս մանդատ ՔՊ ֆրակցիայից։ Եթե նա պայքարի ու հաջողի, դա լրիվ այլ խոսակցություն կլինի։ Այս չարիքի իշխանությունից ազատվելու տարբերակը իմպիչմենտն է, դրա համար մեզ պետք են նաեւ ՔՊ-ականների ձայները։ Իրենցից շատերը քաղաքական թրաֆիքինգի զոհեր են»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային