«Արցախի հարցը փակված չէ: Էթնիկ զտում, ցեղասպանություն է տեղի ունեցել, արդյունքում հայրենազրկվել են մեր 150.000 քույրերն ու եղբայրները: Մեր պարտքն է, որ ամեն օր աշխատենք այդ ուղղությամբ: Միջազգային տարբեր դերակատարներ դրա մասին բազմաթիվ հայտարարություններ են արել, պետք է ամեն ինչ անենք, որ արցախահայերի վերադարձի իրավունքը դառնա օրակարգի մի մաս: Ցավոք սրտի, միակ իշխանությունը, թե երկիրն ասեմ` Հայաստանի հանրապետությունն է, որ այդ ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկում: Ամբողջ ողբերգությունն այն է, որ դրա մասին շատ երկրներ են խոսում, բացի ՀՀ իշխանություններից»,- այսօր՝ Արցախի Սահմանադրության եւ անկախության հանրաքվեի օրը լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը նույնպես մասնակցում էր Արցախի ԱԺ պատգամավորների այսօր հրավիրած արտահերթ նիստին:
Հիշեցնենք, որ Արցախի Սահմանադրության եւ անկախության հանրաքվեի օրվա առիթով Արցախի Ազգային ժողովի պատգամավորներն այսօր հրավիրել էին արտահերթ նիստ: Արտահերթ նիստում պատգամավորները ուղերձ են ընդունել՝ ուղղված ՄԱԿ-ի անդամ երկրներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ճանաչել Արցախի անկախությունը և նրա Սահմանադրությունը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ