Ո՞ր մարդու իրավունքի պաշտպանության օրն է՝ արհեստակա՞ն
21-րդ դարի այս օրերին, երբ աշխարհը խենթացել է, եւ գայլի երախը բաց է, երբ պատերազմներ, արհավիրքներ, բնական եւ մարդածին ցնցումներ են ամբողջ աշխարհում, իսկ երբեմնի միջազգային հեղինակավոր հորջորջվող կառույցները լուռ ու անդեմ՝ ոչ մի բանի չեն արձագանքում, առնվազն ծիծաղելի են դարձել նույն այդ միջազգային կառույցների կողմից ի լուր աշխարհի նետված, իբր կարեւոր, օրերն ու իրադարձությունները։
Օրինակ, այսօր կարեւոր օր է, եւ այդ օրը սահմանել է ոչ ավել, ոչ պակաս՝ ՄԱԿ-ը։ Հիշեցնեմ՝ 1948 թվականի դեկտեմբերի 10-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։
1950 թվականին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը, դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։
Կարդացեք նաև
Համաձայնեք՝ ծիծաղելի է, անգամ՝ ողբերգական, այս ամենը։ Երկակի ստանդարտների ինչպիսի ցուցադրություն։
Արցախը էթնիկ զտման ենթարկվեց աշխարհի աչքի առաջ, չարաբաստիկ հրահրված 44-օրյա պատերազմում թուրքական բայրաքթարները խաղաղ բնակիչների ոչնչացրին, երբ Բաքվի բանտերում պահվում են հայ մարդիկ, երբ ՀՀ սուվերեն տարածքում թշնամի երկրի զինվորներն են նստել, երբ Ադրբեջանն ու Թուրքիան հրապարակավ ցուցադրում են իրենց հայատյացությունը, ի՞նչ մարդու իրավունքի մասին է խոսքը, ո՞ր մարդու։
Հիմա, ինչպե՞ս եք պատկերացնում, աշխարհում կա՞ն մարդու իրավունքներ։
Եթե կան՝ ո՞ւմ գրպանում են դրանք ծվարել։