Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար խեցեգործության արվեստը գիտելիքի և հուզականության աշխարհ է». Նարինե Ավետիսյան

Դեկտեմբեր 10,2024 14:22

Ակնարկիս հերոսուհին նկարչուհի, դիզայներ, «LAGUZ STUDIO»,-ի art տնօրեն Նարինե Ավետիսյանն է։

«Այս ստուդիան,-ասում է նրա հիմնադիր` հանրաճանաչ գեղանկարիչ Գևորգ Եղիազարյանը,-մշակութային նոր երևույթ է, որը միաձուլել է արտադրությունն ու արվեստը, մշակույթը»։

Նարինե Ավետիսյանի գրաֆիկական գործերից

Նարինե Ավետիսյանը ստուդիայի համահիմնադիրն է, որն առաջին օրվանից և՛ դիզայներ է, և՛ նկարչուհի, և՛ տեխնոլոգ, նա ճենապակու թրծման ու մասնագիտական այլ հարցերի միակ արհեստավարժ մասնագետն է։

Նա ունի դիզայներական նորարական շատ գաղափարներ, որոնք ստուդիայի բրենդի ստեղծման ակունքներում են։

Ծանոթությունը Գևորգ Եղիազարյանի հետ նրա ստեղծագործական կյանքում ճակատագրական եղավ։ Այդ կյանքը շարունակվում է արդեն 21 տարի, որի ընթացքում Նարինեն ձեռք բերեց նոր մասնագիտություն, սիրեց այն, յուրացրեց, հմտացավ և այսօր արդեն իր փորձն ու գիտելիքներն է փոխանցում ստուդիա հաճախող իր ուսանողներին։

Դասապրոցես ուսանողների հետ

Խեցեգործությունը մեր ժողովրդի վաղնջական ժամանակներից նրա տարածված արհեստներից մեկն է եղել, որը դարերի ճանապարհ անցնելով՝ վերածվել է կատարյալ արվեստի, և այսօր էլ, շարունակելով իր զարգացման ընթացքը, դարձել է կարևոր գործոն, ազգային մշակույթի յուրահատուկ դրսևորում։

Նարինե Ավետիսյանը հպարտանում է, որ ազգային մշակույթի այս հրաշք բնագավառում իր համեստ ներդրումն ունի։

Գևորգ Եղիազարյանի հետ համատեղ ստեղծած բազմաթիվ զարմանահրաշ, ճենապակյա ձեռագործ աշխատանքները ունեն ոչ միայն գեղագիտական արժեք, այլև վերակենդանություն են հաղորդում խեցեգործական արվեստի հայկական ավանդույթներին, բացահայտում շատ ու շատ գաղտնիքներ և, գեղանկարչության եզակի տեխնոլոգիաների շնորհիվ՝ ներկայանում են բացարձակապես նորովի, նոր ոճով, նոր դիզայնով, նոր գույներով։

 

Երբ ծանոթացանք այդ աշխատանքներին, քիչ է ասել, թե հիացանք. ասես տեղափոխվեցինք հայոց մշակույթի Միջնադար, տեսանք մեր Ծաղկողների մանրանկարչությունը, Ավետարանական պատկերները՝ առավել արտահայտիչ ու ազդեցիկ, առավել խոսուն ու գրավիչ։

Մատենադարանի հետ համագործակցությունը Նարինեի համար դարձավ նոր ոգևորության, նոր ներշնչանքի ու նոր հնարավորությունների աղբյուր։

Մեր մշակույթի գանձատանը պահպանված ազգային մշակութային արժեքների շատ նմուշներ նրա համար դառնում են նկարազարդման շքեղ հիմնանյութ, որը ևս մի միջոց է անցյալն ու ունեցածը վերադարձնելու, հանրայնացնելու, նորովի մատուցելու։

Հախճապակու գծագրիչ-նկարիչ լինելը Նարինեի համար առավել կարևորվեց ու հրապուրիչ դարձավ, երբ նրան բախտ վիճակվեց ծանոթանալ ու աշխատել խեցեգործ, դիզայներ, նկարչուհի Մարի Պալյանի՝ արդեն խամրած ու ջնջվելու վտանգին ենթարկվելու արխիվային ձեռագրերի վրա։

Նա ոչ միայն վերականգնեց հայկական զարդանախշերը, այլ դիզայներական նոր ու բազմաթիվ լրացումներ կատարեց, որոնք ոչ միայն այդ արվեստի գիտակ պահապան Մարի Պալյանին գոհացրին, այլև Նարինեի համար դարձան ոգևորության ու կատարելագործվելու ևս մեկ աղբյուր։ Մարի Պալյանը մեկ դարից ավելի՝ Երուսաղեմում հայկական հախճապակու արվեստի պատմության ու ավանդույթների շարունակողն էր, որի ընտանեկան միջազգային ճանաչումի արժանացած այդ գործը սկիզբ էր առել Կոմիտասի ծննդավայր Քյոթահյայում։

Որպես ստուդիայի Արվեստի բաժնի ղեկավար՝ Նարինե Ավետիսյանն անընդհատ պրպտումների մեջ է և՛դիզայնի, և՛ նկարչության, և տեխնոլոգիաների թարմացման ու կատարելագործման առումով։

Նա սիրում է իր մասնագիտությունը, իր գործը, և այդ սիրուց են ծնվում նրա հրաշալի գործերը։

«Ինձ համար,- ասում է նա,-խեցեգործության արվեստը գիտելիքի և հուզականության աշխարհ է»։ Այս հավատամքով է նա աշխատում այդ աշխարհում։

Իսկ ինչ այս ամենին հասնելը՝ ավելացնենք, որ Նարինեն ավարտել է Գեղարվեստի ինստիտուտի դիզայնի բաժինը, թեպետ նրա տարերքը գեղանկարչությունն էր։

Նկարում էր՝ դպրոցական տարիքում ընկերների, ուսուցիչների դիմանկարները, շրջապատում ՝ ինչ պատահեր, անգամ ընտանեկան իրերը, ուսանելու տարիքում մասնակցում էր ուսանողական ցուցահանդեսների։

Ավարտելուց հետո՝ որպես դիզայներ, նկարիչ աշխատել է Թատերական ինստիտուտում և Համազգային թատրոնում։ Աշխատանքային այդ փորձը ապացուցեց, որ նա մասնագիտության ճիշտ ընտրություն է կատարել։

Իսկ որպես գեղանկարիչ՝ նա 2000-ին, իր գրաֆիկական գործերով, շատ ճանաչված ու վաստակաշատ նկարիչների շարքում մասնակցեց Նկարիչների տանը՝ Մարտի 8-ին նվիրված ցուցահանդեսին։

Նրա երկրորդ՝ արդեն անհատական ցուցահանդեսը 2001-ին եղավ, Կամերային թատրոնի սրահում։

Որպես գեղանկարիչ Նարինեն անձնական ծրագիր ունի՝ կազմակերպել իր գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսը այնպիսի գործերով, որոնք դիտողների մոտ արթնացնեն բարի ու հաճելի զգացողություններ, հուզականություն, որոնց պակասը զգացվում է։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031