Հոկտեմբերի 28-ին Գյումրու ավագանու 14 անդամ, այդ թվում՝ համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, հրաժարական ներկայացրին: Դրանից մոտ մեկ ամիս անց՝ նոյեմբերի 26-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գյումրիում առաջացած կառավարման ճգնաժամը հնարավոր չէ հաղթահարել առանց իր միջամտության, այդպիսով առաջիկայում կընդունվեն օրենսդրական փոփոխություններ, և ինքը կկարողանա նշանակել Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։
Փորձել ենք հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունենում Գյումրիում, ինչո՞ւ է առաջացել օրենքը փոխելու անհրաժեշտություն, ի՞նչ է փրայմերիզը և արդյոք նախկինում կիրառվել է Հայաստանում։
Քաղաքապետի, փոխքաղաքապետի և «Բալասանյան դաշինք» կուսակցության ավագանու անդամների հրաժարականից հետո Գյումրին մնաց առանց ղեկավարող կազմի։ Այս պահին ավագանիում մեծամասնություն է կազմում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որը հայտարարել է իր կազմից քաղաքապետի թեկնածու չառաջադրելու որոշման մասին։ Հիմնավորումն այն է, որ գյումրեցիների ամենաշատ քվեն ստացած «Բալասանյան դաշինքի» հեռանալուց հետո ավագանին այլևս լեգիտիմ չէ։
Ըստ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի՝ երբ համայնքի ավագանին չի կարողանում կամ չի ցանկանում նիստեր հրավիրել, չի կարողանում ընտրել համայնքի ղեկավար, ղեկավարի տեղակալ, և թափուր են այն մարմինները, որոնք համայնքի ղեկավարի անունից որոշումներ կայացնելու իրավասություն ունեն, առաջանում է կառավարման վակուում, որը շատ արագ պետք է փակվի։ Ըստ իշխանության՝ սա է պատճառը, որ «Քաղաքացիական պայմանագիրը» նախատեսել է օրենսդրական փոփոխություններ՝ միջամտելու լիազորություն ունենալու համար։
Կարդացեք նաև
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածը, սակայն, ասում է, որ եթե համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամ դադարեցվում են հրաժարականի հիմքով, և եթե վերջինս 3 աշխատանքային օրվա ընթացքում հետ չի վերցնում իր դիմումը, ապա վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Միևնույն ժամանակ, նույն օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ կետը սահմանում է, որ երեք ամսից ավելի քննարկած հարցերի վերաբերյալ որևէ որոշում չկայացնելու դեպքում ավագանու լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել։ Այդ դեպքում վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
Հոկտեմբերի 28-ին քաղաքապետի և փոխքաղաքապետերի հետ մանդատը վայր են դրել ավագանիում մեծամասնություն կազմող «Բալասանյան դաշինք» կուսակցության գրեթե բոլոր անդամները։ Այժմ ավագանու կազմում դաշինքից միայն մեկ անդամ կա՝ Էմմա Հովհաննիսյանը, որը երկրում չլինելու պատճառով չի կարողանում ներկայացնել պարտականությունների վաղաժամկետ դադարեցման արձանագրությունը։ Մեկ ամսից ավելի (նոյեմբերի 28-ից) նիստերը գումարվում են, բայց չեն կայանում՝ քվորում չապահովելու պատճառով։
Ստացվում է, որ առանց օրենքում որևէ փոփոխություն անելու՝ Նիկոլ Փաշինյանը Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար կարող էր նշանակել օրենքի 27-րդ հոդվածի հիմքով՝ նոյեմբերի 3-ին և 102-րդ հոդվածի հիմքով՝ հունվարի 28-ին։
Ինչ է նախատեսվում փոխել օրենքում
Դեկտեմբերի 5-ին ԱԺ-ն ընդունեց օրենքի նոր նախագիծը, որով առաջարկվեց 27-րդ հոդվածը լրացնել նոր դրույթով և ավելացնել «ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցումից հետո» ձևակերպումը։
Այսինքն՝ օրենքի ընդունման դեպքում վարչապետը չի կարողանա օգտվել եռօրյա ժամկետում համայնքապետի ԺՊ նշանակելու իր լիազորությունից և կսպասի, մինչև կստեղծվեն հիմքեր ավագանու լիազորությունների վաղաժամ դադարեցման համար։
Ինչու է կառավարությունը փորձում բարդացնել սեփական կյանքը
Ինչո՞ւ վարչապետը չի օգտվում համայնքապետի ԺՊ նշանակելու իր իրավունքից և նախաձեռնում է օրենքի փոփոխություն․ հարցերը ուղղեցինք նախագծի համահեղինակ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանին։
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 2002 թվականին, երբ համայնքներում իշխանությունները ձևավորվում էին մեծամասնական ընտրակարգով։ Ըստ Վարդանյանի՝ օրենքի դրույթները կարող են վերաբերվել միայն մեծամասնական ընտրակարգ ունեցող համայնքներին, իսկ Գյումրիում համամասնական ընտրակարգ է։
Համամասնական ընտրության դեպքում քաղաքացիները որպես իրենց շահերի ներկայացուցիչ ընտրում են այս կամ այն կուսակցությանը, իսկ մեծամասնականի դեպքում ամեն տարածքից ընտրվում է պատգամավոր։
«ՏԻՄ» օրենքում «Մեծամասնական ընտրակարգ» բառակապակցությունը կարող ենք գտնել 7 անգամ։ Որևէ մեկը չի վերաբերում այս իրավիճակում քննարկվող հոդվածների։ Օրենքը չի տարանջատում հոդվածների կիրառությունը մեծամասնական ու համամասնական ընտրակարգով համայնքներում։ Վլադիմիր Վարդանյանը, սակայն, կարծում է, որ չի կարելի մեկնաբանել օրենքը միայն գրվածը կարդալով՝ առանց դրա ստեղծման համատեքստը հաշվի առնելու։
«Արդյո՞ք ժողովրդավարական տեսանկյունից միջամտություն չէր լինի, երբ որ համայնքի ավագանին դեռ ունակ է և ցանկություն ունի ընտրել համայնքային իշխանություն, կենտրոնական իշխանությունը միջամտում է և նշանակում է պաշտոնակատար: Մենք այն տրամաբանությունից ենք ելնում, որ կենտրոնական իշխանությունը կարող է միջամտել համայնքի գործերին, եթե արձանագրվի, որ այլևս որևիցե լեգիտիմ եղանակով համայնքի ավագանու կողմից համայնքի գործադիր իշխանության ձևավորման հնարավորություն չկա»,- նշեց Վարդանյանը։
Ինչ է փրայմերիզը
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ուզում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության հարցում միանձնյա որոշում կայացնել։ Առաջին անգամ հնչեցվեց «Փրայմերիզ» բառը, վարչապետը այդ պաշտոնին հավակնող կուսակցության գաղափարակիցներին առաջարկեց ներկայացնել հայտեր։ Դրանք քննվեցին կուսակցության վարչության նիստում, ընտրվեց 7 թեկնածու, որոնք էլ մասնակցեցին դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին կայացած նախնական ընտրապայքարին։
Քաղաքապետի ԺՊ-ի թեկնածուներն են.
- Լևոն Անանյան- Շիրակի նախկին մարզպետի խորհրդական, էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության բաժնի պետ,
- Դավիթ Առուշանյան- Գյումրու նախկին փոխքաղաքապետ, ԱԺ պատգամավոր,
- Շավարշ Արամյան- Գյումրու ավագանու անդամ,
- Էմմա Բարսեղյան- ՔՊ երիտթևի Շիրակի համակարգող,
- Սարիկ Մինասյան- Միասնական սոցիալական ծառայության Գյումրու ստորաբաժանման պետ,
- Վահագն Մկրտչյան- Գյումրու նախկին փոխքաղաքապետ,
- Կարեն Սարուխանյան- ԱԺ պատգամավոր։
Վարչապետը խորհրդարանում ներկայացրել է ընտրության կարգը․ կազմակերպիչները քվեատուփերով այցելելու են դեռ չբացահայտվող ընտրանքով որոշված գյումրեցիների տներ և առաջարկելու են քվեարկել թեկնածուներից մեկի օգտին։ Թե քանի տուն կհասցնեն այցելել և ընտրված քաղաքացիներից քանիսը կմասնակցի ընտրություններին՝ հաշվարկված չէ, բայց ինչ արդյունք էլ գրանցվի՝ կդրվի հետագա որոշման հիմքում։
Փրայմերիզը նախնական ընտրությունն է, որի միջոցով կուսակցությունները որոշում են, թե հավանական մի քանի թեկնածուից ով կմասնակցի հիմնական ընտրությանը։ Սա տեղի է ունենում այն դեպքում, երբ կուսակցության ղեկավարը չի ցանկանում միանձնյա որոշում կայացնել։ Նախնական ընտրությունները կարող են լինել փակ՝ կուսակցության ներսում, և բաց՝ ընտրողների շրջանում։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ԱԺ ամբիոնից հայտնեց՝ սա առաջին անգամ կիրառվող և գործարկվող պրոցես է։
Փակ փրայմերիզի նախադեպ, սակայն, Հայաստանն ունեցել է դեռ 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ՝ 2007-ի նոյեմբերին։ Հայ հեղափոխական դաշնակցությունը արտակարգ գերագույն ժողովում 16 ձայն տվեց Արմեն Ռուստամյանին և 60 ձայն՝ Վահան Հովհաննիսյանին։ Վերջինս դարձավ կուսակցության թեկնածուն։ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով՝ այդ շրջանում երկրի տարբեր կետերում եղել են ընտրատարածքներ, որտեղ դաշնակցության գաղափարակիցները քվեարկել են կուսակցության՝ իրենց նախընտրած թեկնածուի օգտին։
«Քաղաքացիական պայմանագիրը» այս գործընթացն իրականացնելու է կուսակցության ֆինանսական միջոցներով։
Ընտրական օրենսգրքի 8.1 հոդվածի 3-րդ մասն ասում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքն ունի նախաքվեարկության գործիք, որն ԱԺ և համայնքների ավագանիների (համամասնական) ընտրությունների դեպքում կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) հնարավորություն է տալիս օգտագործելու նախընտրական ցուցակի մասնակցային ձևավորման համար:
Այս դեպքում կուսակցությունը պետք է կարողանար իրականացնել բաց նախաքվեարկություն ընտրողների շրջանակում՝ առանց սեփական միջոցները ծախսելու,սակայն, չնայած օրենքի պահանջին, կայքում դեռևս նախաքվեարկության գործիքը չկա։
«ՏԻՄ» օրենքի փոփոխությունից հետո վարչապետը կկարողանա Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել փրայմերիզի միջոցով ընտրված թեկնածուին։ Հետաքրքիր է, սակայն, որ 2021-ին Նիկոլ Փաշինյանը նույն համայնքում նույն պաշտոնին նշանակում է արել՝ առանց օրենքը փոփոխելու անհրաժեշտության։ Հոկտեմբերի 12-ի որոշմամբ Ալբերտ Մարգարյանը նշանակել էր Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Արուսյակ ԿԱՊՈՒԿՉՅԱՆ
Լուսանկարները՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից