«Մարդու իրավունքների վիճակը բացարձակապես անմխիթար եմ համարում, քանի որ ոչ միայն իրավունքները չխախտելու տեսանկյունից, այլև խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ ջանքերն անբավարար են»,- «Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում. 2024-ի մարտահրավերները» թեմայով «Մեդիա կենտրոնում» անցկացվող քննարկման ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Ըստ իրավապաշտպանի՝ ոչ մի բնագավառում չեն տեսնում պետության կողմից մարդու իրավունքների պաշտպանության առումով ինստիտուցիոնալ կատարում։ Նա օրինակ բերեց ոստիկանության ոլորտը՝ անձանց նկատմամբ խոշտանգումները, բռնությունները, որոնք հիմա էլ շարունակվում են։ Կրթության ոլորտը, երբ խախտվում է երեխաների կրթության իրավունքը, դատական համակարգը, երբ ԲԴԽ նախագահը հրապարակավ հայտնում է, որ գործող իշխանության ղեկավարի հորդորով հրաժարական է տալիս․ «Դա նշանակում է, որ գործադիր մարմինն ուղղակի վերահսկում է դատական բարձրագույն մարմնին»։
Արթուր Սաքունցն արձանագրեց՝ պաշտոնատար անձանց, պետական, օրենսդիր մարմնի ներկայացուցիչների խոսքը կամ նրանց ոճը ցույց է տալիս, թե ինչպիսին է իրական գիտակցումը պետության կողմից մարդու իրավունքների բնագավառում վերցված պարտավորությունների նկատմամբ․ «Մենք անընդհատ խոսում ենք խոշտանգումներից, դաժան վերաբերմունքից զերծ մնալու իրավունքների մասին, որոնք բացարձակ իրավունք են։ Քննադատում էինք նախորդ իշխանություններին, որ փողոցի բարքերը բերում են բանակ։ Ուղղակի կհակադարձեմ՝ իսկ քանի՞ անգամ է հենց ԱԺ պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովը մարդու իրավունքների վերաբերյալ հանրային լսումներ կազմակերպել, երբ դրա պարտավորությունն ունի։ Քանի անգամ դիմել ենք։ Մի անգամ տեսե՞լ եք, որ նման լսում կազմակերպի․ ուղղակի բանի տեղ չեն դրել։ Մեկ բառը, որով կարելի է որակել այս իրավիճակը, կոչվում է անպատժելիություն։ Մարդու իրավունքների բնագավառում անպատժելիությունը հաղթահարված չէ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ