Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, արցախցիները ՀՀ-ում ընտրելու իրավունք ունեն»․ Նարե Սիմոնյան

Դեկտեմբեր 10,2024 12:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2023 թվականին, երբ արցախցիները բռնի տեղահանվեցին Հայաստանի հանրապետություն, հոկտեմբեր ամսից ՀՀ իշխանությունները ապօրինի կերպով դադարեցին արցախցիներին ճանաչել ՀՀ քաղաքացիներ, ընդ որում՝ հանրային դժգոհություններից խուսափելու համար, որոշումը կայացվեց քողարկված ձեւով․ կարծում է արցախցի Նարե Սիմոնյանը։

Այսօր «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի» կազմակերպած «Քաղաքական իրավունքները եւ հետապնդումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ նա անդրադարձավ ՆԳՆ այն պարզաբանմանը, որ արցախցիների անձնագրերը եղել են ճամփորդական փաստաթղթեր․ «ՀՀ-ն ունի ճամփորդական փաստաթուղթ եւ դա որեւէ առնչություն չունի արցախցիների անձնագրերի հետ։ Արցախցիների անձնագրերը ՀՀ անձնագրեր են եւ արցախցիները ունեն ՀՀ անձնագրեր, ունեն այն բոլոր իրավունքները եւ պարտականությունները, որոնք բնորոշ են ՀՀ քաղաքացիներին»։

Բանախոսը վկայակոչեց 1991 թվականի Գերագույն խորհրդի որոշումը, որը սահմանում է՝ ՀՀ օրենքները տարածվում են Արցախի հանրապետություն վրա։

Այս ամենում ամենակարեւոր հարցի՝ ընտրելու եւ ընտրվելու իրավունքի մասով էլ Նարե Սիմոնյանը հայտարարում է․ «Այո, արցախցիները ՀՀ-ում ընտրելու իրավունք ունեն»։

Նա հայտարարեց, որ 2021 թվականի արտահերթ ընտրություններին արցախցիները դիմել են համապատասխան ոստիկանական բաժանմունքներ եւ իրավունք են ստացել մասնակցելու ՀՀ ընտրություններին։ 105 նման դեպք կա, որ դատարաններում՝ իրենց 070 կոդով անձնագրերով, մարդիկ ստացել են ընտրելու իրավունք, նման հայտերը մերժելու դեպքեր չեն գրանցվել։

Արցախցիների անձնագրերի եւ դրանով պայմանավորված քաոսը Նարե Սիմոնյանը համարում է ՀՀ իշխանության կողմից իրավունքների սահմանափակում՝ քաղաքական դրդապատճառներով, որը էլ ավելի մեծ քաոսի է հանգեցնելու։

Մանրամասները՝ տեսանյութում

Բանախոսը, ընդհանուր առմամբ, արցախցիների նկատմամբ խտրական դրսեւորումներ է արձանագրել՝ սկսած ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հայտարարությունից, որ արցախցիները թող իրենց հյուրի նման պահեն եւ քաղաքական գործընթացների չմասնակցեն , վերջացրած նրանով, որ քրեական տարբեր վարույթներ են հարուցվում՝ ցուցադրելով, թե ինչպես են արցախցիները քաղաքական իրադարձություններին մասնակցում։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031