Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական շահերի պաշտպանության ոլորտում 2023 թ.-ին նկատվում է արդյունավետության էական աճ. ներկայացվել են հետազոտական զեկույցի արդյունքները

Դեկտեմբեր 10,2024 12:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Մհեր Մկրտչյանը 2024 թվականի դեկտեմբերի 9-ին մասնակցել է «Արդարադատության բարոմետր․ գնահատելով դատական արձագանքը կոռուպցիային» ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտական զեկույցի շնորհանդեսին:

Զեկույցում անդրադարձ է կատարվել Հակակոռուպցիոն դատարանում քաղաքացիական և քրեական գործերի քննության արդյունքներին ու իրավիճակին:

Վարչության պետը ներկայացրել է կոռուպցիոն գործերի քննության արդյունավետության բարձրացմանն ուղղված իրավական նոր գործիքակազմերը, ոլորտի մարտահրավերները, ինչպես նաև անդրադարձել է պետական (համայնքային) շահերի պաշտպանության ու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում Դատախազության արձանագրած ձեռքբերումներին: Այս համատեքստում Մհեր Մկրտչյանը տեղեկացրել է, որ 2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի նոյեմբերը, Դատախազության պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորությունների շրջանակում պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքը, ինչպես նաև դրամական միջոցներն ընդհանուր առմամբ գերազանցել է 30 միլիոն ԱՄՆ դոլարը։

Անդրադառնալով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթների վիճակագրությանը՝ Վարչության պետը նշել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 131 քրեական գործ՝ 287 անձի վերաբերյալ: Մհեր Մկրտչյանի խոսքով՝ 2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում դատարաններում ավարտվել է 91 քրեական գործ` 146 անձի վերաբերյալ: Նշված քրեական գործերից 88-ով կայացվել է մեղադրական դատավճիռ, 3 գործով 6 ամբաստանյալի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ (ներկայացվել են վերաքննիչ բողոքներ):

Միջոցառմանը ողջույնի խոսքով են հանդես եկել «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Սիրանուշ Սահակյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի Իրավական ռեսուրսների կենտրոնի ղեկավար Ադելաիդա Բաղդասարյանը։

Զեկույցի ներկայացման ժամանակ նշվել է, որ պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու միջոցով 2018-2022 թվականներին վերականգնված դրամական միջոցների ծավալը հիմնականում չի գերազանցել պետությանը պատճառված վնասի անգամ մեկ տոկոսը (յուրաքանչյուր տարվա համար միջինում այն կազմել է 0,25%): Սակայն 2023 թվականին նկատվում է այս իրավական մեխանիզմի արդյունավետության էական աճ. վերականգնված վնասը կազմում է պատճառված վնասի ավելի քան 5%-ը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Իրավական ռեսուրսների կենտրոնի ու «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի համատեղ ծրագիրն իրականացվել է «Նուբար և Աննա Աֆեյան հիմնադրամ»-ի աջակցությամբ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031