«Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի» համահիմնադիր, փաստաբան Հովհաննես Խուդոյանի գնահատմամբ, ժամանակակից բռնապետությունները հակված են հանդես գալ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների դիմակով, ինչն էլ քաղաքական հետապնդումներին նոր երանգներ է հաղորդում եւ դրանք նոր դրսեւորումներ են ստանում․ այս մասին նա ասաց «Քաղաքական իրավունքները եւ հետապնդումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ։
Նրա արձանագրմամբ, քաղաքական հետապնդման ամենացավոտ գործիքը ազատազրկումն է․ «Քաղաքական հետապնդումները մեր օրերում ունեն տարբեր ինտենսիվության եւ կիրառելիության դեպքեր․ մենք կարող ենք քաղաքական հետապնդում գնահատականը տալ՝ սկսած մի քանի ժամ անհիմն կերպով ոստիկանական բաժանմունք բերման ենթարկված անձից մինչեւ երկարաժամկետ կալանք կրող անձանց»։ Բանախոսը քաղաքական հետապնդում է համարում նաեւ այն դեպքերը, երբ մարդկանց մի քանի օրով ձերբակալում են, բայց կալանավորման չեն տանում եւ հետագայում դատարաններում որեւէ կերպ հնարավոր չին լինում ապացուցել իրավունքի սահմանափակումը։
Հովհաննես Խուդոյանը նկատում է՝ իր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չկա գեթ մեկ հայց, որը ներկայացվել է ոստիկանության կողմից եւ ապացուցվել է, որ անձը իրավախախտում է իրականացրել։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նա անդրադարձավ նաեւ Վահագն Չախալյանի գործին, երբ մարդուն բերման էին ենթարկել քաղաքական բովանդակությամբ պաստառ պահելու համար՝ հավելելով, որ նման դեպքերը բազմաթիվ են դարձել վերջին շրջանում։
Հովհաննես Խուդոյանը նաեւ նկատում է, որ ոստիկանությունը վերջին շրջանում բավական ինտենսիվ կիրառում է՝ գոյություն չունեցող օպերատիվ տվյալների հիման վրա մարդկանց ձերբակալելը․ մեքենան կանգնեցնում են՝ ասելով, որ օպերատիվ տվյալ են ստացել, թե մեքենայում զենք կա ու ի թիվս այլ անձանց, ոստիկանական բաժանմունք են տարել երկու դպրոցահասակ աղջիկների։ Հետագայում կասկածը չի հաստատվում, բայց ոստիկանությունն այդ դեպքով նյութեր է նախապատրաստում, վարույթ է հարուցում, մարդիկ մի քանի ժամով կամ օրով ազատազրկվում են, հետագայում ձերբակալությունը իրավաչափ չի ճանաչվում։ Ու հետաքրքիր զուգադիպությամբ, բոլոր բերման ենթարկվածները քաղաքական ցույցերի մասնակիցներ են լինում, ավելին, մեկ-երկու ամսով մարդկանց չեն վերադարձվում նրանցից վերցված անձնական իրերը՝ հեռախոս, անձնագիր, բանալիներ եւ այլն։ Ըստ բանախոսի, նման դեպքերը ուղերձ են հասարակությանը՝ քաղաքական գործընթացներին մասնակցելուց զերծ մնալ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ