«Չի կարելի բացառել, որ հնարավոր է, որ արժանահավատ ապացույցներով վաղը-մյուս օրն ապացուցվի՝ Հովիկ Աղազարյանը կատարել է ինչ-որ հանցագործություն, ընդ որում, հուշումներ կան, որ դա կարող է լինել ծանր հանցագործություն՝ պետական գաղտնիքի կամ պետական դավաճանության տեսանկյունից։ Բայց առաջնային հարցը հենց քաղաքական հետապնդումների չափանիշների տիրույթում՝ արդյոք ինքը հետապնդման կենթարկվե՞ր, եթե ընդուներ իրեն ներկայացված առաջարկը՝ հրաժարվել մանդատից։ Այսօրվա տեղեկատվությունը հուշում է, որ եթե ինքն այդ քայլին գնար, ամենայն հավանականությամբ՝ այս գործընթացները չէին լինի»,- այսօր «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի» կազմակերպած «Քաղաքական իրավունքները եւ հետապնդումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց կենտրոնի համահիմնադիր Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցողին եւ պատասխանելով հարցին՝ արդյոք նա քաղաքական հետապնդման է ենթարկվում։
Ի հավաստումն ասվածի, ՀՀ-ում Լեհաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը վկայակոչեց ՔՊ-ական մեկ այլ պատգամավորի՝ Նարեկ Զեյնալյանին, որը լռելյայն ընդունեց վարչապետի խնդրանքը՝ վայր դնել մանդատը, ինչի արդյունքում նրա անվան շուրջ զարգացումներ չեղան։
«Առերեւույթ եղել է իրավունքի սահմանափակում, չի հերքվել տեղեկատվությունը, որ Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվել է վարչապետի մոտ՝ ոչ իրավական ընթացակարգերի շրջանակում։ Սա, հետագայում նրան կուսակցությունից հեռացնելը, այսօր նաեւ տեղեկացանք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն է դրանով զբաղվում․ այսինքն, այն առիթը, որը օգտագործվել է իրավունքի սահմանափակման համար, մասնավորաբար մարդու անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտելու, հնարավոր է, որ հետապնդել է այլ նպատակ, քան սահմանված է օրենքով։ Հետևաբար, չենք կարող բացառել, որ գործ ունենք քաղաքական հետապնդման հետ»,- սա էլ ՔԻՀԿ փորձագետ Տաթեւիկ Սողոյանի կարծիքն է։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ