Հայաստանը պաշտոնապես չի բարձրացնում արցախցիների իրավունքների վերականգնման հարցը, այլ արցախցիներին առնչվող թեման ընդամենը ձգտում է ներկայացնել նրանց սոցիալական աջակցություն տրամադրելու համատեքստում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքից 90-ականներին բռնագաղթի արդյունքում հեռացած հայերի վերադարձին, ապա այդ հարցն ընդհանրապես օրակարգում չի էլ եղել։ Բայց ամենազարմանալին այն է, որ ՀՀ իշխանությունները փաստացի չեն հերքում, որ ադրբեջանցիների վերադարձի թեման քննարկվում է։ Պատահական չէ, որ այս ֆոնին էլ, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանը» Նիկոլ Փաշինյանն ու այլ «նիկոլները» համեմատում են «Արևմտյան Հայաստանի» հետ։ Իրականում «Արևմտյան Ադրբեջանի» մասին թեզերը դատարկ քարոզչություն չեն, դրանով փորձ է կատարվում կոնկրետ ականներ դնել Հայաստանի ինքնիշխանության տակ։
Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀի միջազգայնորեն ճանաչված ինքիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի զիջելու, բայց ֆորմալ առումով տարածքները կարող են մնալ Հայաստանի կազմում, իսկ ադրբեջանցիները կամ ինչոր կասկածելի խմբեր, ինչու չէ՝ նաև ներկրված ահաբեկիչներ կարող են գալ ու որոշել, թե ինչպես պետք է հայերն ապրեն։ Արդյունքում այդ տարածքներում պայմաններ կարող են ստեղծվել հայերի հեռանալու և էթնիկ զտումների համար, ինչպես կատարեցին Արցախի դեպքում։ Դրանից հետո Բաքվից կհայտարարեն, թե իրենք փորձել են «արևմտյան» ադրբեջանցիների իրավունքները վերականգնել, նրանց վերաինտեգրել հայկական հասարակության մեջ, բայց հայերը որոշեցին հեռանալ, դա իրենց որոշումն է։ Ու այդպես հայկական տարածքները կյուրացվեն հակառակորդի կողմից։ Առանց այն էլ արդեն իսկ Ադրբեջանի կողմից հայերի ճակատագիրը որոշելու ուղղությամբ պահանջներ կան։
Այնպես որ, պատահական չէ, որ քաղաքական գործիչների, փորձագետների գերակշիռ մեծամասնությունն անընդհատ պնդում է, որ եթե ցանկանում ենք մեր պետականությունը պահպանել, պետք է հնարավորինս դիմադրենք հակառակորդին, բայց դրա համար պետք է փոխել իշխանություններին, քանի որ նրանք ավելի շատ Ադրբեջանի պահանջները լեգիտիմացնելով են զբաղված։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։