Դեկտեմբերի 10-ից ուժի մեջ է մտնում կառավարության որոշումը, որի համաձայն՝ մեքենաների շահագործումը պետք է իրականացվի ձմեռային անվադողերով:
Aravot.am-ը Վարչական դատարանում օգտվելով առիթից, որ «կարմիր գծերի» թանկացման Երեւանի ավագանու որոշումը ոչ օրինաչափ ճանաչելու պահանջով դատական նիստում պատասխանող կողմի ներկայացուցիչը Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էր, որի համակարգման ոլորտում է հանրային տրանսպորտը, հետաքրքրվեց, թե արդյոք այսօրվանից հանրային փոխադրամիջոցները երթեւեկելու են ձմեռային անվադողերով: «Չգիտեմ, չեմ կարող մեկնաբանել: Այս տարի այս հարցին անդրադարձել ենք ու ասել ենք, որ հանրային տրանսպորտի անվադողերը նախկինում էլ եւ հիմա էլ փոխելու կարիք չունեն, որովհետեւ դրանք, կներեք արտահայտությանս համար, «всесезонный» են: Երբեք չեն փոխվել եւ այդ հարցը արհեստականորեն առաջացած հարց է»,-պատասխանեց նա:
Ճշգրտող հարցին, թե դա նշանակում է, որ կառավարության որոշումը չի՞ կատարվելու, փոխքաղաքապետը պատասխանեց. «Նորից եմ ասում: Կառավարության որոշմանը մանրամասն ծանոթ չեմ, բայց գիտեմ, որ տրամաբանական առումով առնվազն որոշման բովանդակությունը կիրառելի պետք է չլինի, որովհետեւ երբեք չի փոփոխվում եւ տրամաբանությունն այն է, որ փողոցները մաքրվում են եւ հանրային տրանսպորտը երթեւեկում է մաքուր փողոցներով: Եթե ձմեռային անվադողերին նմանվող անվադողեր դրվեն քաղաքային տրանսպորտի վրա եւ մաքրած փողոցներով երթեւեկեն, շատ ավելի վատ կլինի արդյունքը, որովհետեւ այդ պայմաններում շատ արագ մաշվում են»:
Դիտարկմանը, որ ստացվում է, որ կառավարության որոշումը հանրային տրանսպորտի վրա չի տարածվում, մինչդեռ մյուս մեքենաներն էլ են մաքրած փողոցներով երթեւեկելու, Սուրեն Գրիգորյանը հակադարձեց. «Մասնագիտական հարց եք տալիս, բայց առիթ ենք ունեցել դրան անցած տարի անդրադառնալ: Չեմ հիշում՝ ով էր, որ ասում էր, այ, չեմ փոխել անվադողերը ու դա տեխնիկական եւ ավտոպարկի կառավարման հարց է՝ քաղաքապետի տեղակալի մակարդակի հարց չի: Երբ հանրային ուշադրությունը այդ հանգամանքին հրավիրվեց, ես ճշտեցի եւ ինձ ասացին, որ ինչպես նախկինում, այդ տարի էլ չի փոխվել ու երբեւիցե չի փոխվել»:
Կարդացեք նաև
Քաղաքապետի տեղակալից տեղեկացանք նաեւ, որ ինքը դա ճշտել է համ նախկինում ավտոպարկի կառավարման հետ կապ ունեցող անձանցից, համ ներկայիս ղեկավարությունից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ