Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Խաչիկյան. «Զարմանալի է, թե մեր ռուս ընկերներն ինչպես են իրենց որոշումները կայացնում արտաքին քաղաքականության վերաբերյալ». «Փաստ»

Դեկտեմբեր 10,2024 09:00

«70-ական թվականներից Սիրիան ուներ կառավարություն, դա Ասադների դինաստիան էր: Հիմա դա փոխվեց: Սա ահռելի հաղթանակ էր Թուրքիայի և Իսրայելի համար: Տեսնում ենք, որ նրանք գործում են միասին: Իսրայելն արդեն հարձակվել է Սիրիայի տարածքի, Գոլանի բարձունքների վրա, ռմբակոծում է Սիրիան: Նրանք դաշնակիցներ են: Այդ նույն դաշինքը՝ Իսրայել, Թուրքիա, Ադրբեջան, գործեց հայերի, Ղարաբաղի դեմ: Այդ դաշինքը մեզ տարավ պարտության այնտեղ, հիմա նույն բանն անում են Սիրիայում: Շատ վտանգավոր հետևանքներ կարող են լինել Սիրիայի համար՝ քաղաքացիական պատերազմ, այդ զինված խմբերի միջև կարող են կռիվներ սկսվել: Հետաքրքիր է, որ նախկին ահաբեկիչները՝ «ԱլՔաիդայի» և «Հայաթ Թահրիր ալՇամի» մասնակիցները, դարձան դեմոկրատական Արևմուտքի դաշնակից, այսինքն՝ դարձան դեմոկրատական ահաբեկիչներ: Սա մեծ պարտություն է Ռուսաստանի և Իրանի համար: Զարմանալի է, թե մեր ռուս ընկերներն ինչպես են իրենց որոշումները կայացնում արտաքին քաղաքականության վերաբերյալ», – «Փաստի» հետ զրույցում ասում է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը:

Սիրիայում տեղի ունեցածից հետո շատ է խոսվում աշխարհում Թուրքիայի դերի մեծացման և Ռուսաստանի ու Իրանի դերի ու հեղինակության նվազման մասին: Նույն համատեքստում զրուցակիցը նշում է՝ պետք է անհանգստանանք այն մասին, թե սա ինչ հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի և Հայաստանի վրա. «Թուրքիայի որոշ ներկայացուցիչներ ասում են, որ հաջորդը Հայաստանն է, հաջորդը «Զանգեզուրի միջանցքն» է… Մենք դրա մասին պետք է մտածենք, ոչ թե Նոր տարվա բդի մասին»:

Փորձագիտական հանրույթը ոչ մեկ անգամ է խոսել այն մասին, որ, նախքան Թրամփի երդմնակալության արարողությունը, երկամսյա «հնարավորությունների պատուհան» է ընձեռվելու շատերին՝ իրենց հարցերը լուծելու տարբեր թեժ կետերում, ինչի ականատեսն ենք, կարծես թե, լինում վերջին օրերին: Մյուս կողմից՝ ասվում է, որ հունվարի 20-ից հետո էական փոփոխություններ կլինեն աշխարհում, երբ Թրամփն արդեն իսկ պաշտոնապես դառնա ԱՄՆ նախագահ:

«Նման բան չի լինի դրական առումով: Ավելի վատ կլինի, քանի որ Թրամփը բացարձակ պրոիսրայելական է, իսկ Իսրայելն ու Թուրքիան գործում են որպես դաշինք: Դա լինելու է մեզ համար էլ ավելի վատ: Թրամփն ամեն ձևով կփորձի Իրանի դեմ պատերազմ սկսել, իսկ Թուրքիան իր գինը կվերցնի: Այդ գինը լինելու ենք մենք: Հայաստանում «Զանգեզուրի միջանցքը» կպահանջեն, Հայաստանի մեծ մասը կպահանջեն, գուցե նաև ամբողջ Հայաստանը պահանջեն՝ Իսրայելին Իրանի դեմ իրենց օգնության դիմաց: Որևէ լավ բան չի լինի, պրոհայկական միտումներ չկան, սուտ խոսող, «բեսեդկայի» փորձագետներին մի լսեք, նրանք բացարձակ պատկերացում չունեն, թե ինչ են ասում: Վաշինգտոնի հետ իմ կոնտակտներն ասում են՝ Թրամփը բացարձակ որևէ հետաքրքրություն չունի Հայաստանում», – ընդգծում է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտորը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031