Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ այժմ ընթանում է Չորրորդ համաշխարհային պատերազմը: Չգիտես ինչու, շատերը՝ «համաշխարհային պատերազմ» ասելով, պատկերացնում են այն, ինչ տեղի էր ունենում 20-րդ դարում՝ հսկայական բանակների բախումներ, որոնք պարտադիր ավարտվում են պարտված կողմի լիակատար կապիտուլյացիայով: Օրինակ, Երրորդ Ռայխի լուծարմամբ: Բայց պատերազմները կարող են նաեւ այլ ծավալ եւ այլ բնույթ ունենալ: Եվ ավարտն էլ այնքան միանշանակ չլինի: Բայց պարտադիր է, որ պատերազմի վերջնամասում խոշոր խաղացողները հավաքվեն եւ որոշեն հետագա աշխարհակարգը, ինչպես որ դա տեղի ունեցավ Յալթայում 1945 թվականի փետրվարին:
Երրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց Բեռլինյան պատի անկմամբ եւ Խորհրդային Միության փլուզմամբ՝ չնայած նախորդ տասնամյակների ընթացքում ԽՍՀՄ-ը եւ ԱՄՆ-ը ուղիղ մարտական բախումներ չեն ունեցել: Թե ինչով կավարտվի այժմ ընթացող պատերազմը, դժվար է ասել: Բայց այս պահի դրությամբ թվում է, որ այս պատերազմում Թուրքիան հաջողություններ է գրանցում: Պատերազմի ավարտն արձանագրող պայմանավորվածություններում (պայմանական «Յալթայում») Թուրքիան, ենթադրում եմ, իր տեղն է ունենալու սեղանի շուրջ:
Մինչեւ այդ «Յալթան» տեղի ունենա, կողմերը կփորձեն հնարավորինս բարելավել իրենց դիրքերը: Ռուսաստանն, օրինակ, կաշխատի որքան հնարավոր է՝ շատ տարածքներ խլել Ուկրաինայից: Միացյալ Նահանգների ուշադրությունն, ըստ ամենայնի, սեւեռված կլինի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա, որտեղ կենտրոնացած են տնտեսական մայրուղիները եւ որտեղ գտնվում է ԱՄՆ հիմնական մրցակիցը՝ Չինաստանը: Թրամփը բիզնեսմեն է, եւ «ամբողջ աշխարհում ժողովրդավարություն հաստատելու» նպատակը նրան դժվար թե գայթակղի: Բացառված չէ, որ Եվրոպայի, այդ թվում՝ մեր հարցերով Արեւմուտքի «գլխավոր պատասխանատուն» կդառնա Մակրոնը:
Ինչի՞ է ձգտելու Թուրքիան «Յալթայից» առաջ: Մի քանի ճակատներում հաջողության հասնելուց հետո շատ հնարավոր է, որ այդ երկիրը կենտրոնանա «Զանգեզուրի միջանցքի» կամ, եթե իրերն իրենց անունով կոչենք, Սյունիքի վրա:
Կարդացեք նաև
Այստեղ մենք, զուտ տեսականորեն, հակաքայլեր ունենք, եթե ճիշտ խաղանք Իրանի եւ Ռուսաստանի հետ: Բայց այս իշխանության պարագայում դրա հետ հույսեր կապելն անիմաստ է: Այն իշխանությունը, որի ինտելեկտը հազիվ հերիքում է նախկին զինակցի հեռախոսը քչփորելու եւ համապատասխան «կոմպրոմատներ» պեղելու վրա, իսկական գտածո է Թուրքիայի համար: Ինչպես նաեւ, ի դեպ, Ռուսաստանի համար:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարում՝ Բաշշար ալ-Ասադը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ իրենց կանանց հետ:
Եթե «Յալթայից» առաջ մենք ազգովի չմաքրենք մեր «Ավգյան ախոռները» և չհամախմբվենք հանուն փրկության, ապա միամտություն կլինի հույսներս դնենք Իրանի վրա, թե ինչ է նա հայտարարել է, որ Հայաստանի տարածքով որևէ միջանցի բացումը Իրանի համար կարմիր գիծ է: Վերջին տարիները ցույց տվեցին, որ Իրանը հայտարարություններից այն կողմ չի անցնում, իսկ վերջում էլ փորձում է բանակցությունների մեջ մտնել հաղթող կողմի հետ:
Այնպես որ, «Յալթայից» առաջ նախ թմբիրից արթնանալ է պետք: