Դեկտեմբերի 7-ին Չարենցավանի ոստիկանության բաժնում երեք ոստիկանի կողմից ծեծի ենթարկված արցախցի Արա Օհանյանը մարմնական վնասվածքներով դեռեւս բժշկական կենտրոնում է:
Օհանյանին ծեծի ենթարկելու դեպքով առայժմ միայն ծառայողական քննություն է սկսվել, քրեական վարույթ չկա:
«Լրատվամիջոցների արձագանքը Քննչական կոմիետի համար քրեական վարույթ նախաձեռնելու առիթ չի հանդիսացել, չնայած, ըստ իս, պետք է նախաձեռնվեր եւ առնվազն մի շարք գործողություններ կատարվեին: Այնուամենայնիվ, մինչեւ հիմա նման վարույթի մասին որեւէ տեղեկություն չկա: Հաշվի առնելով՝ նման եղանակով վարույթ չի նախաձեռնվել, ես այսօր գրավոր հաղորդում եմ ներկայացրել Քննչական կոմիտե»,- մեզ հետ զրույցում ասաց Օհանյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռոման Երիցյանը (լուսանկարում):
Ըստ նրա՝ մինչեւ այս պահը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից որեւէ մեկը չի այցելել Օհանյանին:
Կարդացեք նաև
Փաստաբանը բացառեց, որ Օհանյանը տուժած լինի ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար. «Չի կարող ոստիկանության գործողությունները օրինական դիտարկվել, հստակ առկա է Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված խոշտանգման հանցակազմը: Որեւէ տրամաբանությամբ չի կարող ոստիկանության գործողությունը համարվել իրավական: Չնայած այս դեպքում քաղաքացին ոչինչ չի էլ արել, բայց եթե նույնիսկ քաղաքացին ինչ-որ բան էլ արել է, միեւնույնն է ոստիկանության ներկայացուցիչները նրան այդ օրը գցել ու դուրս շպրտելու իրավունք չունեին, իսկ նրան բառից բուն իմաստով ծեծել ու դուրս են շպրտել»:
Իսկ ծեծված քաղաքացին ոստիկանների հետ առնչվել է, երբ անհայտ անձի կողմից հափշտակվել է իր աներձագի ոսկյա իրը. «Օհանյանը հավաքել է բոլորին, ասել՝ ով հափշտակել է, բերի դնի տեղը, որ այս ամեն ինչը արագ լուծվի, անցնի գնա: Բայց երկու օր անց, երբ տեսնում, է, որ հափշտակողը չի վերադարձնում, իսկ տուժողը սոցիալապես ծանր վիճակում է ու երեխա է, որ վրան տանը խոսակցություն չկա, Օհանյանը դրամահավաք է կազմակերպում, որ հափշտակված իրի փոխարեն նորը գնեն, տան տուժողին: Բոլորը կարծես թե համաձայնում են, բայց որեւէ արձագանք չեն տալիս, տուժողն էլ հաղորդում է ներկայացնում ոստիկանություն: Ոստիկաններն անմիջապես կասկածում են Արա Օհանյանին, ինչին վերջինս քմծիծաղով է պատասխանել՝ ասելով, որ նման բան ինքը չի արել: Ոստիկանները փորձել են ստիպել, որ մեղքն ընդունի, ինչը Օհանյանը չի արել ու հենց դրա համար էլ ծեծվել է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ