«Ազատություն». Վրաստանում բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնության և մարդու իրավունքների այլ խախտումների պատճառով Մեծ Բրիտանիան կսահմանափակի Վրաստանի կառավարության հետ փոխգործակցությունն ու համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է արտգործնախարար Դևիդ Լամմին:
«Ընթացիկ իրադարձությունների լույսի ներքո Մեծ Բրիտանիան անհապաղ կկասեցնի ծրագրային ողջ աջակցությունը Վրաստանի կառավարությանը, կսահմանափակի պաշտպանության ոլորտում համագործակցությունը և կսահմանափակի փոխգործակցությունը «Վրացական երազանք»-ի կառավարության ներկայացուցիչների հետ, քանի դեռ չի դադարեցվել եվրոպական ժողովրդավարական նորմերից և ազատություններից այս շեղումը»,- ասվում է տարածված հայտարարությունում, որը նաև դատապարտում է ցուցարարների և լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունը։
Երեկ գիշեր և այսօր Թբիլիսիում և ողջ Վրաստանում շարունակվել են կառավարության հրաժարականը պահանջող բողոքի ակցիաները: Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ, սակայն, չեն եղել:
Օրեր առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը, իսկ ավելի ուշ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց «Վրացական երազանք»-ի դեմ նախատեսվող լրացուցիչ պատժամիջոցների մասին: Թե կոնկրետ ինչ պատժամիջոցների մասին է խոսքը, պետքարտուղարը չէր մանրամասնել։
Կարդացեք նաև
Բլինքենը դատապարտել էր «Վրացական երազանք»-ի «դաժան և չարդարացված բռնությունները Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, լրատվամիջոցների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ» և իշխող ուժին կոչ էր արել դադարեցնել բռնաճնշումները:
Օրերս «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների դեմ պատժամիջոցներ էր սահմանել նաև Լիտվան: Սև ցուցակում ներառված 11 պաշտոնյաների թվում էին կուսակցության փաստացի ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց մուտքը Լիտվա արգելվել է: